Լինելով ազգային` Հայ Առաքելական եկեղեցին Տիեզերական եկեղեցու նվիրապետական կառույցում իր պատվավոր տեղն ունի եւ ի տարբերություն ազգային դիմակ հագած որոշ խմբավորումների` քայքայելու ու քանդելու հատկություն չունի: Հայ Եկեղեցին կրթելու ու դաստիարակելու, կառուցելու ու շինելու շնորհքն ունի` բառի բոլոր դրական իմաստներով: (Կատարողականի կամ «կատարածուների» մասին քննարկումները հետո): Հայ եկեղեցուն քննադատողների «սրտացավ» կարծիքն այն է, որ եկեղեցին հարստանալու նպատակով տնտեսական գործառույթների մեջ մտնելով հետին պլան է մղել հոգեւոր գործառույթները եւ նվազեցրել իր դրական ազդեցությունը հայ ժողովրդի հոգեւոր կրթության ու դաստիարակության գործում: Այս առթիվ հարկ է նշել, որ սկսած առաջին դարից, երբ Հռոմեական կայսրության տարածքում ձեւավորվեցին առաջին քրիստոնեական համայնքները, չի հիշատակվել պատմական այնպիսի շրջան, երբ ընդհանրապես եկեղեցու, ի մասնավորի Հայ Առաքելական սուրբ եկեղեցու նպատակը լիներ շահույթ հետապնդող ու աշխարհիկ բովանդակություն ունեցող տնտեսական ծրագրերի իրականացումը: Համենայն դեպս ինձ այդպիսի պատմական դրվագ հայտնի չէ և այսօր էլ, կարծում եմ, թեև Հայ եկեղեցին այդպիսին դարձնելու հակում ունեցող մարդիկ կան, սակայն առայժմ դա նրանց չի հաջողվել և Եկեղեցին չի հասցրել արժանանալ նման որակավորման:
Հիշենք, որ եկեղեցու նպատակը եղել եւ մնում է մարդու հոգեւոր կրթությունն ու դաստիարակությունը, նրան ավելի ազնիվ դարձնելը, նրա հոգու անխռով վիճակն ու այն ամենը, ինչը առնչվում է մարդու հոգեւոր կյանքին: Այս գիտակցումը առաջնորդել է բոլոր ժամանակների ճշմարիտ հավատացյալներին, որոնք եկեղեցիներում տեղադրված գանձանակներում դրամ ավելացնելով, իրենց աղոթքները մոմավառությամբ շաղախելով` մոմ գնելով ու նյութական այլ նվիրատվություններով աջակից են եղել եկեղեցու ծաղկմանն ու հզորացմանը` առանց արհամարհելու այն մարդկանց հավատը, ովքեր սովորություն չունեն մոմ վառելու կամ գանձանակի մեջ գումար ավելացնելու:
Այսօր նույնպես մեր բարեպաշտ ժողովուրդն ու ազնիվ բարերարները շարունակում են նյութական ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերել Հայ Եկեղեցուն, որպեսզի ամենուրեք պաշտամունքային արարողությունները կատարվեն ավելի գեղեցիկ ու ընդարձակ եկեղեցիներում: Ամեն ինչ արվում է համայնքների միջոցներով ու համայնքների համար: Լավագույն կենցաղային ու կրթական պայմաններն են ստեղծվում եկեղեցուն կից գործող բոլոր ուսումնական հաստատություններում` ներառյալ բազմաթիվ հայորդաց տները: Կենցաղային ու անհրաժեշտ բոլոր պայմաններն են ստեղծվում նաեւ թե՛ միաբանության համար, թե՛ հյուրերի համար, թե՛ բարձր մակարդակով գիտական ու մշակութային միջոցառումներ անցկացնելու համար եւ այլն:
Եկեղեցին, միգուցե ոչ միշտ, սակայն հիմնականում մեծագույն պատասխանատվությամբ է վերաբերվել հանրային յուրաքանչյուր լումային, այն արդյունավորվել ու օգտագործվել է քրիստոնեական մշակույթը զարգացնելու եւ քրիստոնեական արժեհամակարգ ստեղծելու համար: Այս ամենը չգիտակցելով կամ թերահավատ լինելով՝ մեծագույն սխալ են գործում նրանք, ովքեր գռեհիկ ձեւերով են ներկայացնում եկեղեցու վարքն ու բարքը եւ անարդարացիորեն եկեղեցուն դնում ոչ պատշաճ դերի մեջ: Այս սխալը տեղի է ունենում հիմնականում այն ժամանակ երբ նույնացվում է Եկեղեցի և հոգևորական հասկացությունը, մինչդեռ սրանք թեև իրար մոտ, բայց տարբեր հասկացություններ են:
Ինչպես ամենուրեք, եկեղեցում նույնպես ժամանակի մարտահրավերներին զուգահեռ կան խնդիրներ, որոնք իրենց լուծումը ստանում են տրամաբանական հաջորդականությամբ` հիմնված առողջ հավատքի ու առողջ բանականության վրա: Անվիճելի է նաեւ, որ Հայ Եկեղեցին դեռ տեղ ունի կազմակերպվելու եւ հզորանալու, առավել ակտիվորեն ներգրավվելու հասարակական ու սոցիալական բոլոր խավերի մեջ:
Այսօր մեզ բոլորիս անհանգստացնող ու ամենացավոտ խնդիրը աղանդավորական շարժումների ակտիվությունն է` մասնավորապես օրենքով աղանդավորների: Օրենքով աղանդավորները նրանք են, ովքեր տիրապետում են քաղաքական ու տնտեսական լծակների, որոշակի շրջանակներում որոշակի մարդկանց վրա որոշակի ազդեցություն ունեն, միաժամանակ Հայաստանում կամ Հայաստանից դուրս գտնվող որեւէ աղանդավորական ուղղվածություն ունեցող կրոնական կազմակերպության ղեկավարներից են կամ փաստացի ղեկավարը: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ օրենքով աղանդավորները ոչ միշտ են գործում զուտ կրոնական դաշտում: Նրանք հաճախ գործում են նաեւ մշակութային, կրթության ու գիտության, բժշկական, քաղաքական, տնտեսական եւ այլ դիմակներով, ինչը ենթադրում է, որ անհրաժեշտ է առավել հետեւողական ու առավել աչալուրջ աշխատանք կատարել պաշտպանելու ժողովրդի ֆիզիկական, մտավոր ու հոգեւոր անվտանգությունը:
Օրենքով աղանդավորները այնքան հեռուն են գնացել, որ Հայ Եկեղեցուն ազգային կոչելը սխալ են համարում, ինչի հետևանքով նման տեսակետ են որդեգրել նույնիսկ որոշ բարեպաշտ մտավորականներ: Այս թյուր ու վտանգավոր կարծիքը արմատախիլ անելու համար պարզաբանենք, որ իր հարազատ եկեղեցուն յուրաքանչյուր հայ մարդ ազգային համարելու բարոյական իրավունք ունի, որովհետեւ Հայ Եկեղեցին անշեղորեն ծառայում է հայ ժողովրդին, ինչպես Ռուս եկեղեցին` ռուս ժողովրդին, Վրաց եկեղեցին` վրաց ժողովրդին, Հունականը` հույն ժողովրդին եւ այլն, իսկ բոլոր եկեղեցիները միասին ծառայում են միակ Աստծուն ու մարդկությանը:
Զգուշացում. Օրենքով աղանդավորները կարող են ներմուծված լինել նաև Հայ Առաքելական եկեղեցի և բազմանալ շատ արագ:
Զգուշացում. Օրենքով աղանդավորները կարող են ներմուծված լինել նաև Հայ Առաքելական եկեղեցի և բազմանալ շատ արագ:
Տեր Մանուկ քահանա Մնացականյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



