Երբևիցե մտածե՞լ եք, թե ինչու Ֆեյսբուք սոցկայքում, չնայած հաճախ հնչող պահանջներին, like-ի կողքին այդպես էլ չի հայտնվում unlike կոճակը... Ինչպես ընկերներիցս մեկը ճիշտ նկատեց` այդ կոճակի հայտնվելը խիստ կկրճատի Ֆեյսբուքից օգտվողների թիվը: Ինչո՞ւ: Որովհետև ինտերնետն աշխատում է մեկ ուղղությամբ` ամեն բան անել, որպեսզի մարդը կապվի իր հետ և հնարավորինս երկար ժամանակ անցկացնի իր «հյուրընկալ» անկյունում: Դրա համար ի՞նչ է պետք: Անհրաժեշտ է ստեղծել մի միջավայր որտեղ քեզ հարմարավետ կզգաս, որտեղ քո ամեն մի բառին, նկարին ու մտքին (անհեթեթ լինեն դրանք, թե իմաստավորված) հավանության նշան են դնում, ուր դու մուտք ես գործում՝ նոր դրական արձագանքներ ու like-եր տեսնելու նպատակով: Մի խոսքով այս սոցիալական ցանցի «առավելությունն» այն է, որ կարողանալով օգտվել մարդկային թուլությունից` Ֆեյսբուքը ջանում է ստեղծել հնարավորինս դրական, ինքնաբավ, սնապարծ ու եսասեր միջավայր: Ո՞ր մեկս չի սիրում գովվել ու հավանությունների արժանանալ, ո՞ր մեկս չի ջանում ինքնահաստատվել դրական հողի վրա (չնայած ֆեյսբուքում հակառակ դրսևորումներն էլ սակավ չեն), ով չի ուզում իր մասին խոսեն միայն լավը և երբեք unlike չանեն:
Երբ ամիսներ առաջ կազմեցի ՈՐՔՆՈ՞Վ ԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ թեստը, դրանում հնչած հարցերից մեկը հետևյալն էր` Աստվածաշունչ/Նոր Կտակարան կարդո՞ւմ եք: Հարցին պատասխանած 1000 հոգուց ըստ աճման կարգի քաղեցինք հետևյալ պատասխանները`
Ես դրա ժամանակը չունեմ 2%
Նոր եմ սկսում 14%
Ամեն օր 19%
Մի քանի անգամ փորձել եմ, բայց չի ստացվել 25%
Այլ 41%
Ցուցանիշը բավական սփոփիչ է, և եթե իրավունք վերապահենք 1000 հոգու ձայնը տարածել ողջ հասարակության վրա, ապա հայերիս մոտավորապես 30%-ը ընթերցում է Սուրբ Գիրք և դրան գումարած 25%-ն էլ առնչվել է Աստվածաշնչի հետ, սակայն լավ կլիներ, որ ամենաքիչը 90%-ով քրիստոնյաներով բնակեցված երկրում ցուցանիշը քիչ ավելի բարձր լիներ։ Անձամբ չեմ կարողանում պատկերացնել Սուրբ Գիրք չընթերցող կամ ավելի ճիշտ` Սուրբ Գրքից հեռու քրիստոնյայի: Պատկերացրեք, անփորձ պատանի բնախույզ եք ու ինչ-որ կերպ հայտնվել եք սաղարթախիտ անտառում, որտեղից ձեր ճամբար գնացող ելք ինքնուրույն ջանքերով չեք կարողանում գտնել, ի՞նչը կարող է օգտակար լինել. երկու առարկա` կողմնացույց և քարտեզ: Առաջինով կկողմնորոշվեք, թե ո՛ր ուղղությամբ է անհրաժեշտ գնալ, իսկ երկրորդով` թե ինչպիսի՛ ճանապարհներ կան անտառից դուրս բերող և ճամբար տանող... Աշխարհի այսօրվա վտանգներով լի «սաղարթախիտ անտառում» ևս քրիստոնյաները կողմնորոշվելու և ճիշտ ճանապարհները գտնելու համար պարտավոր են օգտվել կողմնացույցից` Սրբազան Ավանդությունից, որը ցույց է տալիս Քրիստոնեական ճիշտ ու անշեղ ուղղվածությունը և քարտեզից` Աստվածաշունչ մատյանից , որում Աստված ինքը ուղեգծում է այն ճանապարհները, որոնցով անցնելիս քրիստոնյայի «ոտքը քարին չպիտի դիպչի» և որի շնորհիվ քրիստոնյան պիտի ճանապարհ ու ելք գտնի ամեն մոլորությունից ու դժվարությունից։
Քրիստոնյայի համար Աստվածաշունչը սրբություն է, քանի որ դրանում գրվածները Տիրոջ Խոսքերն են, բառեր, նախադասություններ ու մտքեր, որոնք գրառվել են Աստծո Սուրբ շնչի` Սուրբ Հոգու զորությամբ, հետևաբար գրքերի այս Գիրքը քրիստոնյայի կյանքում պետք է զբաղեցնի առաջնայինից էլ առաջնային դիրք: Նրանք, ովքեր մշատպես ընթերցում են Սուրբ Գիրքը (19%), վստահ եմ, հասցրել են ճաշակել դրա մխիթարող, ուժ և լույս սփռող զորությունը, նրանք, ովքեր նոր են սկսել (14%), տա Աստված, որպեսզի կարողանան քաղել Տիրոջ կամքը այդտեղից և հետևողները դառնան Աստծո խոսքի, բայց այլ է իրադրությունը իրենց քրիստոնյա համարող այն անձանց մոտ, ովքեր անընդհատ փորձում են ընթերցել, բայց ինչ-որ բան խանգարում է (25%)։ Առաջնահերթ խորհուրդս է քվեարկողների քառորդ մասը կազմող այս անձանց ընթերցել ՍԵՐՄՆԱՑԱՆԻ ԱՌԱԿԸ (Մատթ. 13։4-23) , ապա և հիշել «like-ի գաղտնիքը»: Իմ խորին համոզմամբ, թե՛ նրանք, ովքեր փորձել են ընթերցել Աստվածաշունչը, սակայն կարճ ժամանակ հետո մի կողմ են դրել, և թե՛ նրանք ովքեր չեն ընթերցում այն ընդհանրապես (2%), հեռու են մնում Աստվածաշնչից ճիշտ այն պատճառով, ինչի պատճառով շատերս չէինք օգտվի Ֆեյսբուքից և հաճելի թվացող այլ «ժամանցներից»։ Ի դժբախտություն շատերիս, Աստվածաշունչը երբեք չի գովում մեզ մեր գործած անօրենության համար, դրանում մենք շատ հաճախ կարդում ենք սեփական անձի դատապարտությունը, դրանում մենք տեսնում ենք մեր իրական պատկերը, այն կոտրում է կույրի այն ակնոցը, որը այդքան սիրում ենք կրել։ Ամենասարսափելին մարդու համար այն է, որ Աստծո խոսքը ջախջախում է մարդկային եսակենտրոնությունը կյանքի բոլոր բնագավառներում, որովհետև «Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր. և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները։ Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ» (Եբր. 4:13-14 ): Իսկ մենք... չէ որ մենք սիրում ենք միայն like հավաքել: Աստված, սակայն, մարդահաճություն անել չի սիրում, ասում է այն, ինչ կա, և ինչը կարևոր է քո կյանքում` ընտրությունը թողնելով միայն ու միայն քեզ. «Ես այսօր, ահա, ձեր առջև դնում եմ օրհնություններ ու անեծքներ։ Օրհնություն կստանաք, եթե լսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, և անեծքներ՝ եթե չլսեք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, շեղվեք այն ճանապարհից, որ ես ցոյց տվեցի ձեզ, գնաք պաշտեք ձեզ անծանոթ օտար աստվածներ» (Բ Օր. 11։26-28 ):
Շատերը կասեն 21-րդ դարում անհնար է չշեղվել Սուրբ Գրքից և ապրել, ոմանք էլ կասեն, թե այս գիրքը ըմբռնելու տեսանկյունից հեշտերից չէ, և այն ավելի է խճճում կյանքը, բայց ճշմարտությունը մնում է միակը՝ այո՛, Աստծո ճանապարհները լայն ու հեշտ չեն (հմմտ. Մատթ. 7։13-14 ), սակայն քրիստոնյան պարտավոր է ապրել Աստծո օրենքով, հակառակ դեպքում պիտի շարունակես կյանքդ ապրել առանց վերափոխման` ջանալով like-եր ստանալ մարդանմաններից, բայց Աստծո LIKE-ին երբեք չպետք է արժանանաս:
Սիրեցե՛ք Աստծո Խոսքը, սիրեցե՛ք ու ընթերցեք Աստվածաշունչը որքան կարելի է հաճախ, քանզի միայն այդպես կարող եք իմանալ, թե ո՛վ է քրիստոնյան, ինչպե՛ս պետք է ապրի, ինչո՛վ առաջնորդվի և ինչպե՛ս լինի իրական քրիստոնյա։ Տերը օրհնի բոլորիս։
Հ.Գ. Ինձ շատ հետաքրքեց, թե այս թեմայի հետ կապված ի՛նչ են մտածում և ի՛նչ նկատի ունեին մեծամասնություն կազմած (41%) այն անձինք, ովքեր թեստի մեջ ընտրել էին «Այլ» տարբերակը։ Սպասում եմ ձեր արձագանքներին։