Վերջերս «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Կաքավաբերդի տեղամաս, ուր հայտնաբերել են խարույկի հետքեր, խորովածից հետո մնացած կենցաղային աղբ, օղու դատարկ շշեր, մի քանի կենդանու մասնատված (մորթված) դիակներ, կենդանիներին ծառից կախելու երկաթե պարան (հարմարանք):
Ինչպես տեղեկացնում են «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնության անդամները, մասնավորապես, հայտանաբերվել են նապաստակի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի դիակի մնացորդներ, տարածքում տիրել է անտանելի գարշահոտություն:
Տեսանյութից ակնհայտ երևում է, որ արգելոցի տվյալ տարածքում տեղի է ունեցել Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների ապօրինի որս և ռեժիմի խախտում, որոնք, ըստ նախաձեռնության անդամների, քրեորեն հետապնդելի արարքներ են:
«Այն, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի Կաքավաբերդ տեղամասի ղեկավարն իր վրա դրված պարտավորություններն ու լիազորությունները պատշաճ չի իրականացրել, ցուցաբերել է բացահայտ անգործություն, դա արդեն փաստ է»,- գրում են բնապահպաններն իրենց տարածած հաղորդագրության մեջ:
Տեսանյութից ակնհայտ երևում է, որ «հյուրերն» իրենց զգացել են ինչպես իրենց տանը և արդյունքից կարելի է եզրակացնել, թե որքան ժամանակ են նրանք անցկացրել Խոսրովի արգելոցի Կաքավաբերդ տեղամասում: