Առավոտյան և կեսօրին ի հայտ եկած թմրությունը հաղթահարելու համար շատերն են մեկ բաժակ սուրճի «հրաշագործ» օգնությանը դիմում։
Սակայն պարզվում է, հիշյալ եղանակից առավել արդյունավետ և ոչ ծախսատար այլընտրանք գոյություն ունի: Կարելի է նույնիսկ ասել՝ անվճար:

Ուշադրությունը, մտքի ստեղծագործական ուժը վերականգնելու կամ պարզապես մտքերը հարթելու համար գիտնականներն առաջարկում են վեր կենալ գրասեղանի մոտից և… զբոսանքի մեկնել: Այո, այո, զբոսանքի:

15 րոպե տևողությամբ զբոսանքը առավոտյան և կեսօրին ի հայտ եկած թմրությունը հաղթահարելու և արդյունքում՝ ողջ օրվա համար անհրաժեշտ էներգիայի առկայությունն ապահովելու անգերազանցելի միջոց է: Նաև մաքուր օդը և կանաչ տեսարանը կարող են ձեր տրամարդությունը բարձրացնել:

Հետազոտությամբ պարզվել է, որ միջին վիճակագրական մարդն օրվա մեծ մասը՝ 50-70 տոկոս տևողությամբ, նստած է անց կացնում: Սա, իհարկե, մարդուն հատուկ ամենալուրջ վնասակար սովորությունը չէ, բայց որոշ դեպքերում կարող է շաքարախտի, քաղցկեղի, ճարպակալման և սրտային հիվանդությունների առաջացման հանգեցնել:

Եթե նշվածն էլ բավական չէր ընթերցողին՝ սուրճից հրաժարվելու և մի փոքր ավելի շատ շարժվելու մոտիվացիա հաղորդելու համար, հավելենք, որ օրվա ընթացքում ձեռնարկված զբոսանքը նաև ստեղծագործական կարողությունները բարելավելու ներուժ ունի: Ճիշտ է՝ հաջորդ Էյնշտեյնը չեք դառնա, բայց առավելագույնը 60 տոկոսի չափով աճ կարող եք գրանցել:

Հիմա վերջին անգամ կհարցնենք՝ կփոխանակեի՞ք մեկ բաժակ սուրճը թեկուզ շենքի շուրջ մեկ պտույտի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել