Էջմիածին-Երուսաղեմ հակամարտությունը կարծես թե արդեն սկսել է ցույց տալ հանդարտվելու նշաններ: Պատրիարք Նուրհան Մանուկյանի աղմկահարույց նամակից ու վերջինիս հետևած ԳՀԽ հայտարարությունից, տվյալ նամակում անվանարկված մի շարք բարձրաստիճան եկեղեցականների ոչ պակաս աղմկահարույց պատասխաններից հետո համապատասխան պատասխաններով հանդես եկան արդեն տվյալ խնդրում «երկրորդ ձեռք» հանդիսացող մի շարք դասախոսներ, մտավորականներ և այլք ու հիմա, հատկապես այն բանից հետո, երբ Սփյուռքում գործող «Հորիզոն»-ն անձամբ Կաթողիկոսից ճշտեց, որ ոչ ինքն անձամբ, ոչ Մայր Աթոռն առհասարակ երբևէ նպատակ չի ունեցել ոտնձգություն իրականացնել Երուսաղեմի պատրիարքության կարգավիճակի հանդեպ՝ այն «իջեցնելով» թեմի մակարդակի և որ Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն ազգային արժեք է, ամեն բան սկսում է հանդարտվել:
Ինչ էլ լինի հետո-ն, ինչ փաստարկներ էլ բերեն կողմերն իրենց տեսակետները հաստատելու համար, ովքեր էլ հանդիսանան հաշտության միջնորդներ կողմերի միջև, չպետք է կողքի դնել այն իրողությունը, որ Նուրհան պատրիարքի նամակը մի փոքր «չափն անց» էր ու նաև գրված հապճեպ. գոնե Երուսաղեմի պատրիարքը պետք է սեփական ղեկավարած կառույցի պատմությունն այնքան լավ իմանար, որ պատկերացներ որևէ ոտնձգության կատարման անհնարինությունը: Իսկ ավելի պարզ` երևի ազգային մեր ճակատագրի բերումով, պատմական հանգամանքներն այնպես են դասավորվել, որ Հայ Եկեղեցու երկու պատրիարքություններն էլ իրավականորեն ճանաչվել ու նույնիսկ հիմնադրվել են օտարների կողմից. Երուսաղեմի պատրիարքությունն, ըստ այդմ, հիմնադրվել կամ հաստատվել է ոչ ավել ոչ պակաս ՄՈՒՀԱՄՄԵԴ ՄԱՐԳԱՐԵԻ կողմից, իսկ Կ. Պոսլի պատրիարքությունը՝ Օսմանյան ՄԵՀՄԵԴ ՅԱՎՈՒԶ սուլթանի: Ինչու՞ հիշեցինք այս փաստը:
Երուսաղեմի պատրիարքությունը, 638 թվականից սկսած, տարածաշրջանում իշխած բոլոր պետությունների առաջ, որոնք եղել են հիմնականում իսլամական երկրներ (Խաչակրաց շրջանի կարճատև ընթացքը հանած) հենց այդ փաստով, որ Երուսաղեմի Հայկական պատրիարքությունը հաստատվել է Մուհամմեդ մարգարեի կողմից հատուկ ֆիրմանով (հրավարտակով), կարողացել են իրենց իրավունքները պաշտպանել ու հազար տարուց ավել պահպանվելով՝ գալ հասնել մինչև այսօր: Ու այսօր էլ այդ փաստը խոսում է Երուսաղեմի պատրիարքության օգտին, որովհետև իսլամին քիչ թե շատ ծանոթ մեկը լավ գիտի, որ Մուհամմեդ մարգարեի հետ կապված ցանկացած փաստ սուրբ ու նվիրական է բոլոր մուսուլմանների համար՝ անկախ այն հանգամանքից, թե որ ուղղության են հարում: (Իսլամական բոլոր միապետական ընտանիքներն ու կրոնական առաջնորդական գերդաստանները` էմիրներն ու շեյխերը, Հորդանանի Հաշիմյանարքայական ընտանիքը, Սաուդյան արքայական ընտանիքը, Շարժայի էմիրական ընտանիքը օրինակ, իրենց ծագումը կապում են Մուհամմեդ մարգարեի հետ ու հանդիսանում են վերջինիս շառավիղներն ու ունեցած անվիճելի հեղինակությունը իսլամական աշխարհում մեծավ մասամբ նաև այս փաստով է պայմանավորված): Հետևաբար այսօր՝ միջազգային ներկայիս խախուտ իրավիճակում, երբ մի կողմից համաշխարհային հանրությունն ակտիվորեն քննարկում է Պաղեստինի ինքնավարության որպես անկախ պետություն ճանաչման հարցը (ի դեպ, Շվեդիայի Թագավորությունն արդեն ճանաչեց ու ՆԱՏՕ-ի համար սա որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն ճանաչման փաստ կարող է ծառայել նախադեպային), իսկ մյուս կողմից էլ, երբ իսլամական կրոնաքաղաքականությունն է կրկին գլուխ բարձրացրել իր ծայրահեղական հերթական դրսևորոմամբ՝ ի դեմս «Իսլամական պետության», որի բջիջներն արդեն հասել են Նախիջևան ու բուն Ադրբեջան (ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նախիջևանում ու ադրբեջանական մյուս շրջաններում տեղի են ունենում «զտումներ» այս խնդրով պայմանավորված), կարծես թե ինքնին հասկանալի է դարձնում այն, որ Մայր Աթոռն ու Կաթողիկոսը, եթե նույնիսկ նման ցանկություն ունենան էլ, ի կատար ածել չեն կարողանա, որովհետև խախտել մի կարգ, որը արդեն գոյություն ունի հազար տարուց ի վեր և հաստատվել է Մուհամմեդ մարգարեի կողմից, ինքնին անհետևանք չի մնա իսլամական աշխարհի կողմից: Պարզ նայենք քարտեզ. իսլամական երկրների հարևանությամբ, իսլամական Հյուսիսային Կովկասի հարևանությամբ.... Մի՞թե հնարավոր կլիներ փոխել այն, ինչ ֆիրմանով հաստատվել է իսլամի հիմնադրի կողմից: Հետևանքների մասին էլ կարելի է ուղղակի պատկերացում կազմել՝ հիշելով, թե ինչեր տեղի ունեցան Եվրոպայում, երբ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները երևան եկան:
Այսքանը կարծես թե պարզ է դարձնում, որ Նուրհան Մանուկյանի նամակն ուղղակի հերթական պոռթկում էր, որը ցույց տվեց զուտ միջանձնային լարված հարաբերություններ և ուրիշ ոչինչ: Այսքանից հետո մնում է միայն հուսալ, որ այսուհետ նման գրություններ չեն երևա ասպարեզում, և գոնե մեր հոգևոր բարձրաստիճան այրերը միմյանց միջև հարաբերություններ կփորձեն ճշտել երկխոսության քաղաքակիրթ ճանապարհով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել