Հետաքրքիր է՝ փաստորեն Հայաստանում դեռևս մարդիկ կան, ովքեր մտածու՞մ էին, որ հնարավոր է ԱԺ-ն չհաստատի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումը: Ի՞նչ է նշանակում՝ ապրանքների գները կթանկանան, իհարկե, ո՞վ տեղյակ չէր դրանից, ո՞վ տեղյակ չէր, որ ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունը կանգնելու է մի շարք բարդությունների առջև՝ սկսած ներմուծողներից, արտադրողներից, վերջացրած վերավաճառողներով ու սպառողներով՝ բոլորը լուրջ խնդիրներ են ունենալու որոշակի ժամանակահատված, մինչև կհարմարվենք, այսպես ասած:
Սա բնականոն գործընթաց է, աննորմալն այն է, որ այդ խնդիրների, դրանց դիմակայելու ձևերի, կորուստների նվազեցման մեխանիզմների մասին պետք է տեղյակ պահեն համապատասխան սուբյեկտները: Էկոնոմիկայի նախարարությունը պետք է տնտեսական գործունեությամբ զբաղվող մարդկանց նախապատրաստեր այս փոփոխություններին՝ բոլոր հնարավոր ձևերով տեղեկացներ, համապատասխան միջոցառումներ և սեմինարներ կազմակերպեր:
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ բազմաթիվ անիմաստ թեմաներով՝ սկսած Աֆրիկայում վերացող սողուններից, վերջացրած հարյուր տարի կարտոֆիլ աճեցնող գյուղացուն կարտոֆիլ ցանել սովորացնելու թեմաներով սեմինարներ ու դասընթացներ համապատասխան մարմինների մտքով անցնում է անցկացնել, իսկ այսպիսի լրջագույն թեմայով անգամ տեղեկատվություն չեն տրամադրել տնտեսության շարժիչ ուժը հանդիսացող կազմակերպություններին, որ վերջիններս գոնե պատրաստ լինեին դիմակայել հնարավոր տատանումներին և փոփոխություններին: Թե՞ ԱԺ պատգամավորների հակասական և պոպուլիստական ելույթներով պետք է առաջնորդվի գործարարը, երբ մեկն ասում է՝ ԵՏՄ մտնենք, ամեն ինչ լավ կլինի, մյուսն ասում է՝ վարունգի օծանելիք ենք օգտագործելու և այսպես շարունակ:
Ես կոչ եմ անում բոլոր լուրջ տնտեսագետներին օգնել մեր ազգակիցներին խորհուրդներով, ինչպես նաև կոչ եմ անում բոլոր ԶԼՄ-ներին հնարավորինս շատ ուսումնասիրություններ կատարել և անդրադառնալ ԵՏՄ մտնելու դեպքում հայ արտադրողի, ներմուծողի և վերավաճառողի հնարավոր ռիսկերին և դրանցից խուսափելու կամ հասցրած վնասները նվազեցնելու տարբերակներին: