
Երբևէ լսե՞լ եք ձյունանկարիչների մասին։ Պարզվում է, որ նրանք գոյություն ունեն։ Սայմոն Բեքը նրանցից մեկն է։ Օգտագործելով կողմնացույց, լար, չափերիզ և մի զույգ ձյունամուճակ՝ նա արվեստի սքանչելի գործեր է ստեղծում։ Բեքն ավարտել է Օքսֆորդի համալսարանը և ինժեների մասնագիտություն ստացել, սակայն որոշ ժամանակ անց նա որոշեց հրաժարվել օֆիսային աշխատանքից՝ քարտեզագիր դառնալու համար։

2004 թ.-ի դեկտեմբերին՝ մեկ օև դահուկավազքով զբաղվելուց հետո, նա որոշեց իր տան դիմացի փոքրիկ սառցակալած լճի վրա աստղ նկարել։ Սառցե աշխատանքն ավարտին հասցնելուց հետո նա վերադարձավ տուն, իսկ մեկ օր անց լուսամուտից դուրս նայելով՝ տպավորվեց իր իսկ աշխատանքի պտուղներով։ Հաջորդ անգամ երբ ձյուն եկավ, նա ավելի բարդ պատկեր ստեղծեց։ Բեքը մեծ հռչակ ձեռք բերեց, երբ իր ձյունանկարների լուսանկարները տեղադրեց ինտերնետում։ Նրա ֆեյսբուքյան էջը ներկայումս ավելի քան 280,000 «like» ունի։

Վերջերս Բեքը 168 էջանոց գիրք է հրատարակել, որը կոչվում է «Snow Art» (թարգմանաբար՝ Ձյան արվեստ)։ Դրանում զետեղված են նրա վերջին 10 տարիների մոտ 200 ստեղծագործությունները։ Ցավոք, այս ստեղծագործությունները ժամանակավոր բնույթ են կրում, քանի որ ձյունը հալվում է։ Լավ է, որ դրանք կարելի է գոնե ֆոտոխցիկի միջոցով անմահացնել։ Ձյան արվեստի մասին ավելին իմանալու համար Դուք կարող եք ընթերցել Բեքի հետ անցկացված հարցազրույցը, որը ներկայացված է ստորև։

Կարո՞ղ եք հակիրճ նկարագրել Ձեր ստեղծագործական գործընթացը։
1-ին փուլը չափագրումն է։ Ես սովորաբար կենտրոնից դեպի դուրս եմ պատկերազարդում ընտրված ձնածածկույթը։ Ուղիղ գծերն արվում են կողմնացույցի օգնությամբ. հարկ է լինում ուղիղ գծով քայլել դեպի հեռավոր կետը։ Կորագծերը քաշվում են աչքաչափով։ Թե՛ ուղիղ, թե՛ կոր գծերը ստանալու համար փորձ է պահանջվում։ Երբ հիմնական ուղիղ գծերն ու կորագծերը պատրաստ են, կատարվում են լրացուցիչ չափագրումներ, ու ավելացվում են երկրորդական գծերը։ Ես սովորաբար երեք անգամ անցնում եմ միևնույն գծի վրայով, որպեսզի այն իսկապես հաջող ստացվի։

Որքա՞ն ժամանակ է պահանջվում ձնապատկեր ստեղծելու համար։
1.3 հեկտար (13.000 մ2) տարածության համար մոտավորապես մեկ լրիվ օր է պահանջվում։ Սովորաբար հոգնությունն է ստիպում ընդմիջել աշխատանքը։ Եթե ես շատ հոգնած չեմ լինում, գիշերն էլ եմ շարունակում աշխատել, մինչև որ ստեղծագործությունն ավարտին հասցնեմ։ Դրան գումարվում է նաև տանն անցկացրած այն ժամանակը, որը ծախսում եմ ստեղծագործելու լավագույն եղանակներն ուսումնասիրելով։

Ի՞նչ դժվարությունների եք սովորաբար բախվում։
Չափագրման աշխատանքները բարդ են մասնավորապես այն դեպքերում, երբ տարածքը լավ չի երևում։ Ամենադժվարը հիմար վրիպակներից խուսափելն է։ Դրանց ամենահաճախ հանդիպող պատճառը սխալ նշանակակետ ընտրելն է։ Ուղիղ գծեր քաշելու համար նախապես թիրախ է ընտրվում, սակայն մարդ կարող է պատահաբար վրիպել։ Վերջնական պատկերը լուսանկարելը ևս բարդ է։

Որո՞նք են ձյունանկարչության համար ամենաբարենպաստ եղանակային պայմանները։
Շաբաթը մեկ տեղացող առատ ձյուն և ցրտաշունչ եղանակ։ Այս պայմաններում հնարավոր է մեկ շաբաթում երկու ձնապատկեր ստեղծել ու լուսանկարել դրանք, իսկ հաջորդ շաբաթ կարելի է օգտագործել միևնույն տարածությունը՝ մեկ այլ ստեղծագործություն կերտելու համար։

Սովորաբար քանի՞ օրվա կյանք են ունենում Ձեր ստեղծագործությունները։
Դրանք մնում են մինչև մյուս առատ տեղումները։ Դրանք կարող են մինչև մի քանի շաբաթ մնալ, իսկ երբեմն էլ անհետանում են մի գիշերում։










