Yerkir.am-ը գրում է․
Երեկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր հայտարարությունում նշել էր, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ մատակարարված հավի մսի, ձվի, տավարի մսի, կարագի, պանրի ուսումնասիրություններից պարզվել է, որ որակի անհամապատասխանություն չի եղել, իսկ տոմատի մածուկի ու խտացրած կաթի ուսումնասիրությունները դեռ ընթացքի մեջ են: Հայտարարությունում նշված էր նաև, որ թունավորման նախորդ օրը երեխաներին տրվել է «Մուշ» ընկերության արտադրած նրբերշիկ, եւ որ ծառայության «պետի կողմից հանձնարարական է տրվել` «Մուշ» ՍՊԸ-ում իրականացնել ստուգում»: Հայտարարության տեքստից ստացվում էր, որ ստուգումը «Մուշ» ընկերությունում պայմանավորված է հենց թունավորման դեպքով: «Մուշ» ընկերության փոխտնօրեն Նորայր Ավետիսյանը, սակայն, տեղեկացրեց, որ իրենց ընկերությունում այս պահին իրականացվող ստուգումը պարզապես զուգադիպել է թունավորման դեպքի հետ: «Մեզ մոտ այս պահին իրականացվում է հերթական պլանային ստուգումը, որը Սննդամթերքի անվտանգության ծառայությունն իրականացնում է տարին մեկ անգամ: Հիմա ուղղակի մարդիկ փորձում են այդ փաստը կապել վերջին դեպքի հետ»,- ասաց նա: Անհամապատասխանությունը փորձեցինք բանավոր ճշտել Սննդի անվտանգության ծառայությունից, և մեզ հայտնեցին, որ, իրոք, «Մուշ» ընկերությունում իրականացվող ստուգումը սովորական տարեկան ստուգում է և պայմանավորված չէ թունավորման դեպքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



