ԵՐԵՎԱՆ. Ուրբաթ օրվա ՀՀԿ նիստին քննարկվել են ոչ իշխանական ուժերի պահանջները, և որոշում է կայացվել նվազեցնել ներքաղաքական լարումը: Ամենայն հավանականությամբ ԲՀԿ-ին կտրվի լրացուցիչ մասեր ՀՀ տնտեսությունից, ինչպես նաև Վայոց Ձորի մարզը:

Երկար ու դժվար բանակցություններից հետո կարծես երկրի երկու հզորագույն կուսակցությունները կարողացան գալ փոխզիջման: ՀՀԿ նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազենկոն հայտարարեց. «Դանդաղ շտապելը վերջապես տվեց իր արդյունքները»:

«Իհարկե մի փոքր տհաճ է, որ ստիպված ենք ԲՀԿ-ին հանձնել տնտեսության լրացուցիչ չալաղաջ կտորներ, ինչպես նաև մեր սիրված մարզերից մեկը, բայց դա մտածված քայլ է. այլ պարագայում կարող էր լարվել վիճակը երկրում, ինչը մեզ պետք չէ», – նշում է Շարմազենկոն:

ԲՀԿ-ն առայժմ չի արձագանքում այս լուրին` նշելով, որ առայժմ որևէ բան հստակ չէ: ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը նշել է. «Իշխանության հրապարակած տեղեկությունները, փափուկ ասած, կեղծ են և կապ չունեն իրականության հետ: Ոչ մի նման պայմանավորվածություն չկա: Իրականում մենք ակնկալում ենք տնտեսության ոչ պակաս, քան լրացուցիչ 12-13%-ը և ոչ թե Վայոց Ձորը, այլ Գեղարքունիքը»:

«Ուղղակի ամոթ է և ծիծաղելի, որ ՀՀԿ առաջարկում է քառորդից պակաս մասնաբաժին տնտեսությունից», -Զոհրաբյան

ԲՀԿ-ի արձագանքին արդեն արձագանքել է ՀՀԿ երիտասարդ պատգամավոր Կարեն Ավագյանը: ԵրիտԱվագյանը երազկոտ է անվանել ԲՀԿ-ի պահանջները: «Ես երազկոտ եմ անվանում ԲՀԿ-ի պահանջները, – նշել է Ավագյանը, – Չկա ՈՉ մի պատճառ, որ ԲՀԿ-ին հանձնենք այդքան շատ տնտեսություն: Այո, չեմ բացառում, որ կարող են լինել զիջումներ, օրինակ` Վայոց Ձորի փոխարեն հանձնենք Շիրակը կամ Տավուշը, բայց ոչ Գեղարքունիքը: Մենք չենք կարող զրկվել միակ ելքից դեպի ծով»:

Փորձագետները չեն բացառում, որ փոխզիջումը կարող է ներառել նաև հարկային արտոնություններ Մուլտի Գրուպի համար: Քաղաքագետ հրապարակախոս Մանվել Սարգսյանը գտնում է, որ փոխզիջումները կլինեն ավելի լայնածավալ. «Կարծում եմ` ԲՀԿ-ին կտան նաև լրացուցիչ արտոնություններ, ինչպիսիք են կարմիր գծերի մեջ մեքենայի անվճար կայանումը, ռեստորաններում թեյավճար չթողնելը, իսկ պատգամավորներին նաև կթույլատրեն անխափան քշել կարմիր լույսի տակ»:

Անանուն աղբյուրների մամուլի հաղորդագրության համաձայն՝ իշխանությունը որոշ բաներ առաջարկել է նաև ՀԱԿ-ին և Ժառանգությանը: ՀԱԿ-ին առաջարկվել է հավաստագիր, որտեղ նշված է, որ «Ռեժիմը պաշտոնապես խուճապի մեջ է», իսկ Ժառանգությանն առաջարկվել է Սուրբ Սարգիս եկեղեցին: Երկու կուսակցություններն էլ մերժել են առաջարկը և այժմ կոչ են անում նաև ԲՀԿ-ին չգայթակղվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել