Վերջերս կայքերից մեկը շրջանառության մեջ էր դրել ոստիկանության պետի անցյալ տարվա մի դիտարկումը հասարակության այն շրջանակների վերաբերյալ, որոնք օբյեկտիվ հանգամանքների բերումով հակառակվում են ոստիկանությանը՝ իր ծառայողական գործունեության մեջ:
Որ հիշյալ կայքը դիմել է մեկ տարվա վաղեմության իրողության, հասկանալի է. սովորական հնարք է՝ լրագրողական թղթապանակի դատարկության և ասելիքի բացակայության դեպքում: Բայց անհնար է հասկանալ, առավել ևս հանդուրժել ոմանց, մեղմ ասած, դիլետանտությունը, երբ սույն կայքի «պրոֆեսիոնալ խորամանկությունը» հարստացնում են սեփական, մատից ծծած «վկայություններով»: Եվ ահա ստիպված ենք հարցնել այդ որոշներին. օրերս ի՞նչ ռուս գործընկերների հետ է հանդիպել ոստիկանության պետը, ե՞րբ է խոսել «քաղաքական հակառակորդների» մասին, ի՞նչ համատեքստում են արվել դիտարկումները:
Սրանք հարցեր են, որ անպայման պետք է տրվեն, և որոնց պատասխանը չունեն, որովհետև չի պահպանվել տարրական լրագրողական կանոնը՝ հրապարակել բացառապես հավաստի տեղեկատվություն, մինչև վերջ ճշտել լուրի իսկությունը, կատարելապես տիրապետել տեքստին, համատեքստին ու ենթատեքստին: Իսկ այս դեպքում հասարակական կարծիքի ձևավորման այս պատասխանատուները տեղեկություն անգամ չունեն, որ «դեպքը» տեղի է ունեցել անցյալ տարի, որ ոստիկանության պետը «վերջերս» ռուս գործընկերների հետ չի հանդիպել, որ դիտարկումն արվել է ոստիկանությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, և ոստիկանության պետը ծառայակիցներին ներկայացրել է հասարակության այն խմբերը, որոնք, ի սկզբանե և օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, պետք է հակադրվեն ու հակադրվում են ոստիկանությանը՝ հանցամետ տարրերը, նրանց հարազատների ու մերձավորների շրջանակը, այն կազմակերպություններն ու կառույցները, որոնք իրենց հրապարակային գործողությունները չեն կարողանում կամ չեն ցանկանում իրականացնել օրենքի շրջանակներում և, բնականաբար, հայտնվում են ոստիկանության հակազդման տիրույթում:
Սա է իրողությունը: Ոչ մի կառույց, մասնավորապես՝ ոստիկանությունը, չի կարող լիարժեք աշխատել առանց հստակ ու մանրակրկիտ, պրոֆեսիոնալ մակարդակում իր գործողությունների տարածքին տիրապետելու: Եվ ոստիկանության պետի դիտարկումն ուղղված է հենց այս իմացությունն ամրապնդելուն: Ուղղված է ոստիկանության ծառայողներին, բայց թերևս նաև որոշ լրագրողների, որոնք նույնպես պարտավոր են իմանալ իրենց մասնագիտության առնվազն այբուբենը: Պարտավոր են, բայց, արդեն որերորդ անգամ ցավով ստիպված ենք փաստել, որ չգիտեն ու չեն ուզում սովորել՝ զրոյացնելով մասնագիտական պատվախնդրությունը, անտեսելով քաղաքացու՝ իրազեկված լինելու իրավունքը և ամեն անգամ խոր թյուրիմացության մեջ գցելով սեփական ընթերցողին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/939074892787066?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել