Մի աղջիկ կար, ով ատում էր ինքն իրեն և ողջ աշխարհը, որովհետև, ի տարբերություն մյուսների, կույր էր ու չէր կարողանում տեսնել: Աշխարհում նա միայն մի սիրելի էակ ուներ. մի տղա էր, ով սիրում էր աղջկան, ամենուր նրա կողքին էր ու պաշտպանում էր կյանքի դաժանություններից: Մի օր աղջիկը նրան ասաց. «Եթե կարողանայի տեսնել, անպայման կամուսնանայի քեզ հետ»:
Ու հրաշք տեղի ունեցավ. հիվանդանոցից զանգահարեցին ու աղջկան հայտնեցին, որ ստացել են աչքեր, և հնարավոր է փոխպատվաստման միջոցով վերականգնել նրա տեսողությունը: Վիրահատությունը բարեհաջող անցավ, ու երբ աղջիկը բացեց աչքերը, առաջին մարդը, ում տեսավ, բնականաբար, իր սիրելին էր, որը նրան, անմիջապես, հարցրեց. «Այժմ, երբ դու արդեն տեսնում ես, կամուսնանա՞ս ինձ հետ»: Աղջիկը կարոտալից հայացքով նայեց տղային ու ի՞նչ տեսավ… Տղան կույր էր: Աղջիկը չէր սպասում այդպիսի հարվածի: Այն միտքը, որ կյանքի մնացյալ օրերը անցկացնելու է՝ նայելով այդ կույր երիտասարդին, սարսափեցրեց նրան: Նա հրաժարվեց ամուսնանալ կույր տղայի հետ: Երիտասարդ սիրահարը, արցունքն աչքերին, հեռացավ իր սիրելիից:
Օրեր անցան, և աղջիկը մի երկտող ստացավ. տղան գրում էր. «Սիրելիս, խնդրում եմ քեզ, հոգ տար աչքերիդ մասին, քանի որ քոնը լինելուց առաջ դրանք ինձ էին պատկանում»:
Շատ քչերն են հիշում, թե ինչպիսին էր կյանքն ընդամենը մի քանի րոպե առաջ, ով էր կանգնած նրանց կողքին ամենացավալի իրավիճակներում, ով էր ասում` դիմացիր, սիրելիս, Աստված ամեն բան ինքը կհոգա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել