1in.am-ը գրում է․
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյաներին արգելել է ներկրված սիգարետներ ծխել՝ նման վարքը համարելով ոչհայրենասիրական: Այս մասին հայտնում է «Ռենհապ» գործակալությունը:
Հյուսիսային Կորեայի հետ առևտուր անող ընկերություններին մոտ աղբյուրը հայտնում է, որ Կիմ Չեն Ինը, որը, ինչպես ենթադրվում է, ակտիվ ծխող է, կարծում է, որ տեղի ծխախոտային արտադրանքը նույնպես պատշաճ որակ և համային հատկանիշներ ունի:
Լրագրողներին չի հաջողվել պարզել սիգարետի մակնիշը, որը ծխում է հյուսիսկորացի առաջնորդը: Նրա հայրը՝ Կիմ Չեն Իրը, նախընտրում էր բրիտանական Rothmans ապրանքանիշի սիգարետը:
Վերլուծաբանների կարծիքով՝ նման որոշումը սովորական քաղաքացիների նկատմամբ չի կիրառվի, քանի որ որևէ էֆեկտ չի ունենա արտասահմանյան ծխախոտային արտադրանքի սպառման ծավալների վրա: Բանն այն է, որ այդ կարգի ապրանքների մեծ մասը, որպես կանոն, իրացվում է սև շուկայում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հյուսիսային Կորեայում ծխողների թիվն ամենաբարձրն է Ասիայում և կազմում է ավելի քան 50 տոկոս:
Տեղական արտադրության մեկ տուփ սիգարետի արժեքը 0.36-0.5 դոլար է: Ներկրված սիգարետի արժեքը սև շուկայոմ հասնում է 5-10 դոլարի՝ 10-20 անգամ ավելի տեղականից: