
Էպիլեպսիան կամ ընկնավորությունը նյարդային համակարգի հիվանդություն է, բնութագրվում է պարբերաբար կրկնվող նոպաներով, որոնք հանգեցնում են շարժողական, վեգետատիվ ու մտածողության ժամանակավոր խանգարման:
Հիվանդությունը կապված է նեյրոնների չափազանց ակտիվությամբ, ինչի հետևանքով առաջանում են նեյրոնային լիցքաթափումներ, որոնք հանգեցնում են էպիլեպտիկ նոպայի:
Հիվանդության տարածվածությունը հասուն բնակչության շրջանում կազմում է 0,3-1%, ու հաճախ հիվանդությունն առաջանում է մինչև 20 տարեկանը: Նոպաներն անսպասելի են սկսվում, անհամաչափ ընդմիջումներով: Տարածված կարծիք կա, որ էպիլեպսիան չի բուժվում: Սակայն ժամանակակից դեղամիջոցները հնարավորություն են տալիս հիվանդների 65%-ին ազատվել նոպաներից, իսկ 20%-ին` էականորեն նվազեցնել նոպաների քանակը:
Պատճառները
Տարբեր տարիքների համար հիվանդության առաջացման պատճառները տարբեր են: Փոքր տարիքի երեխաների համար հիմնական պատճառը մոր հղիության ժամանակ հիպօքսիան է` թթվածնային քաղցը, ներարգանդային փուլում զանազան ինֆեկցիաները (հերպես, կարմրախտ) կամ էլ գլխուղեղի բնածին արատները: Գոյություն ունի նաև ժառանգականության գործոն: Եթե ծնողներից մեկը հիվանդ է էպիլեպսիայով, ապա երեխայի` հիվանդությունը ժառանգելու հավանականությունը 8% է: Էպիլեպսիան լինում է առաջնային (իդիոպաթիկ), չպարզված պատճառներով և երկրորդային (սիմպտոմատիկ), որն առաջանում է ուղեղի տարբեր հիավանդությունների հետևանքով:
Ախտանշանները
Օջախային նոպաների ժամանակ ցնցումներ են լինում, ու մարմնի որոշ հատվածներում առաջանում է անզգայացում: Դրանք կարճատև տեսողական, համային կամ լսողական հալուցինացիաներով են ուղեկցվում, կենտրոնացման անհնարինությամբ ու առանց պատճառի վախի նոպայով: 30 վայրկյանանոց այդ նոպաների ժամանակ նույնիսկ հնարավոր է, որ հիվանդի գիտակցությունը պահպանվի: Նոպայից հետո հիվանդը շարունակում է ընդհատված գործողությունը:
Ծանր են համարվում այն նոպաները, որոնց ժամանակ ցնցումներ են առաջանում: Մինչ նոպան սկսվելը` մի քանի ժամ առաջ, հիվանդն ագրեսիվ է դառնում, տագնապալից վիճակ է ստեղծվում ու քրտնարտադրություն: Նոպայից առաջ հիվանդն իր շուրջը կատարվողի նկատմամբ ասես դառնում է անտարբեր, որից հետո կորցնում է գիտակցությունն ու սկսում է ցնցվել: Սովորաբար այդ նոպաները տևում են 2-5 րոպե և սկսվում են մկանների լարվածությունով: Հնարավոր է, որ հիվանդը անգամ լեզուն ու այտերը կծի: Մաշկի վրա կապտություն է առաջանում, բիբերն անշարժանում են, հնարավոր է` բերանում փրփուր և վերջույթների ռիթմիկ ցնցումներ առաջանան կամ նույնիսկ ակամա միզարձակում: Նոպայից հետո սովորաբար հիվանդը ոչինչ չի հիշում, բողոքում է գլխացավից ու շուտ էլ քնում է:
Աբսաններ կամ առանց ցնցումների նոպաներ հիմնականում լինում են մանկության ու դեռահասության տարիներին, որի ժամանակ երեխան ասես քարանում է, գիտակցությունը մի քանի վայրկյանով անջատվում է, իսկ հայացքը սևեռվում մի կետի: Նման նոպայի ժամանակ, որը սովորաբար 5-20 րոպե է տևում, երեխայի կոպերն են ցնցվում ու գլուխը ետ է ընկնում: Հաճախ այդ նոպաները հասունացման հետ անհետ անցնում են: Հիվանդության ախտորոշումը կատարվում է հիվանդի ու ընտանիքի անդամների մանրամասն հարցուփորձից: Բժիշկը հիվանդին խնդրում է պատմել իր զգացումները մինչ նոպան ու դրանից հետո, ինչը հնարավորություն է տալիս որոշելու նոպայի տեսակը:
Բուժումը
Հարկավոր է հնարավորինս շուտ ու համալիր բուժում սկսել, որը երկարատև է ու չի կարելի ընդհատել: Դեղամիջոցներն ընտրվում են հիվանդության տեսակին համապատասխան: Դեղորայքային բուժումը կարելի է դադարեցնել միայն այն ժամանակ, երբ առնվազն 2 տարի նոպա չի լինում, ընդ որում, դեղորայքի չափաբաժինն այդ ընթացքում պետք է աստիճանաբար նվազեցնել: Կարևոր է, որ դեղորայքի դադարեցման համար նորմալ ուղեղագիր լինի (էնցեֆալոգրամ): Երեխաների մոտ էպիլեպսիան բուժելու նպատակով նրա կենսակերպն էապես փոխելու անհրաժեշտություն չկա:
Դեղորայքային բուժումը համադրվում է սննդակարգի, աշխատանքի որոշակի ռեժիմի ու հանգստի հետ: Հիվանդների սննդում պետք է կոֆեինի պարունակությունը շատ քիչ լինի, հնարավորության դեպքում բացառվի նաև կծուն, թթուն ու ալկոհոլը:
Կանխարգելման նպատակով պետք է խուսափել վնասվածքներից, ուղեղի վարակիչ հիվանդություններից , ծննդաբերական վնասվածքներից:
Կարևոր է. նոպայի ժամանակ չի կարելի հիվանդին տեղափոխել: Արձակել է պետք կոճակներն ու գլխի տակ փափուկ բան դնել: Որպեսզի լեզուն շնչուղու մեջ չհայտնվի, գլուխը պետք է կողքի թեքել: Հարկավոր է հիշել, որ նոպայից հետո հիվանդը վատ է կողմնորոշվում տարածության մեջ, ուստի նրան առանց ուշադրության չի կարելի թողնել:
Բարդությունները
Էպիլեպսիան լուրջ հիվանդություն է, որը կարող է մի շարք բարդությունների հանգեցնել:
Ամենաբարդը նոպայի ժամանակ վնասվածք ստանալու հավանականությունն է, քանի որ պատահում է, որ այդ վնասվածքը մահացու ելք է ունենում:
Ցնցումների ժամանակ շնչառության խանգարումը կարող է հանգեցնել թոքերում հեղուկի կուտակման, որն էլ թոքամզաբորբի է հանգեցնում:
Նոպաների ժամանակ ակամա կծելու հետևանքով վնասվում է լեզուն:
Էպիլեպսիայով հիվանդները պետք է զգույշ լինեն, քանի որ նոպաները լինում են անսպասելի, անկանխատեսելի տեղերում, ուստի պետք է հրաժարվեն լոգանք ընդունելուց, բավարարվեն ցնցուղով, կահույքը լավ կլինի` ապակյա չլինի, առավել ևս` սուր եզրերով: Մահճակալը պետք է պատին կպած լինի, իսկ հատակը փափուկ գորգով կամ էլ բարձերով ծածկած: Ճիշտ կլինի, որ էպիլեպսիայով հիվանդները մենակ չապրեն: