Ամբողջ ՖԲ-ը լցված է միաբանվելու, համախմբվելու, միասնաբար ոտքի կանգնելու հուսահատ կոչերով ու ցանկություններով: Ցավոք սրտի, հայը միաբանվում է, երբ թիկունքում հզոր, ապահով ուժ է տեսնում, ինչպես դա տեղի ունեցավ 88-ին: Շարժումը կազմակերպվում էր շատ «վերևներից», աճում էր դինամիկորեն, ներդրված «լիդերները» քայլ առ քայլ բերվում էին իշխանության: Միայն միամիտ ժողովրդին էր թվում, թե ինքը Ղարաբաղը միացնելու էր մայր հայրենիքին:
Հիմա այդ կազմակերպող «ուժը» չկա, բոլորն էլ հասկանում ու տեսնում են երկրի գլխին կախված վտանգը և զօրուգիշեր միացում են կանչում, սակայն ձայն բարբառո անապատի: Հարգելիներս, ժամանակն է հասկանալ, որ բռնապետության ներսում չի կարող գործել ազգը միաբանող, ռեժիմի դեմ հանող ուժ, հենց օրորոցում կխեղդվի: Դա պետք է տեղի ունենա ժողովրդի, յուրաքանչյուրի ինքնագիտակցության հասունացման շնորհիվ և տարերայնորեն՝ ինքնակազմակերպման միջոցով: Մյուս կողմից էլ այս պրոցեսսին նպաստում է երկրում գնալով ահագնացող տնտեսական վիճակը: Այսինքն՝ ազգային միասնության, համախմբման և ապստամբության պահը պետք է հասունանա, ինչպես դա տեղի է ունենում մեր աչքերի առաջ տապալվող այլ բռնապետություններում:
Մեզանից յուրաքանչյուրը միակ բանը, որ կարող է անել, դա այդ հասունացման գործընթացին ինչ-որ ձևով նպաստելն է, թե չէ հենց այնպես, ինքնանպատակ միացում բղավելով և արդյունք չտեսնելով, ավելի կհիասթափվենք և լրիվ կկոտրվենք: Ինքնագիտակցության և պահի հասունացում, իսկ ժամ առ ժամ դեպի անդունդը գլորվող տնտեսությունը վաղ թե ուշ բերելու է այդ պահը, և սա լինելու է այս չարիքի մեջ ծնվող բարիքը...
Հ.Գ. Մի անգամ Ստալինն ու Չերչիլը նստած զրուցում են, Չերչիլը հարցնում է՝ լսիր էս քո ժողովուրդը նման դժոխային պայմանների մեջ ո՞նց է քեզ այսպես հլու-հնազանդ ենթարկվում, իմ երկրում հանկարծ մի բան պակասեց, ինձ հում-հում կուտեն: Ստալինը ասում է՝ հիմա ցույց կտամ, թե ոնց: Կարգադրում է երկու աքլոր բերել, կտուց-կտուցի կռվացնում է նրանց ու բրախում գետին: Էս աքլորները սկսում են գզել իրար, բմբլահան անել: Հետո նա նորից է զույգ աքլոր պատվիրում, ինքն իր ձեռքերով փետրահան է անում նրանց ու գցում գետին: Երկու տկլորները խեղճացած գալիս ուս ուսի են տալիս, որ տաքանան: Ազգերի դահիճը Չերչիլին ասում է՝ այ այսպես եմ անում...