«Մենք կարող ենք հաղթել Իտալիային: Այդ խաղում, ում ցանկությունն ավելի մեծ եղավ այդ թիմն էլ կհաղթի: Կարծում եմ մեր մոտիվացիան ավելի մեծ է լինելու»։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատարներից մեկը` Յուրա Մովսիսյանը:
Յուրա, ո՞րն էր Բուլղարիայի հետ խաղում Հայաստանի թիմի կրած պարտության պատճառը:
Բուլղարիայի հավաքականի մասին կարող եմ ասել, որ իրենք շատ լավ հավաքական են: Ունեն շատ լավ ֆուտբոլիստներ: Նրանք գտան ձեւը, թե ինչպես մեր դեմ խաղան, որպեսզի մեր խաղը չստացվի:
Ո՞րն էր այդ ձեւը:
Նրանք բազմաթիվ խախտումներ էին անում, որոնք մրցավարը չէր նկատում: Փակում էին մեր առաջատար ֆուտբոլիստներին: Երբ գնդակը հայտնվում էր Արասի, Հենոյի կամ ինձ մոտ, միանգամից մի քանի ֆուտբոլիստներ շրջափակում էին մեզ: Բուլղարացիները շատ կոպիտ էին խաղում եւ դրանով փորձում էին մեր խաղը փչացնել:
Ինչո՞ւ էին մեր տղաները տրվում սադրանքներին:
Չգիտեմ, թե ինչու այդպես եղավ: Բայց բոլոր թիմերում էլ կարող է դա լինել, եւ մենակ մենք չենք, որ չկարողացանք մեզ զսպել: Անգամ լավագույն ֆուտբոլիստները կարող են խաղի ժամանակ կորցնել իրենց: Ֆուտբոլը նաեւ էմոցիա է: Բայց մենք պետք է գիտակցեինք, որ իրենք շատ էին ցանկանում մեզ այդ օրին հասցնել եւ նրանց մոտ ստացվեց. մենք ստացանք երկու կարմիր քարտ:
Բուլղարիայի հավաքականն արժանի՞ էր այդ երեք միավորին:
Առաջին խաղակեսում՝ այո, քանի որ մենք շատ վատ ֆուտբոլ խաղացինք, իսկ երկրորդ խաղակեոսւմ չեմ կարող ասել, քանի որ մեր հավաքականի բոլոր ֆուտբոլիստները խաղադաշտում չէին եւ հավասարը հավասարի դեմ խաղ չէր դա: Ես կարող եմ ասել, որ Բուլղարիան վատ թիմ չէր եւ նրանց հաղթանակը մեծ անակնկալ պետք է չլինի, քանի որ նրանք մինչեւ այդ ոչ ոքի էին խաղացել Իտալիայի հետ, իսկ մինչեւ այդ հաղթել էին Հոլանդիային:
Յուրա, 2012-ի խաղերը, եթե դիտենք Սերբիայից մինչեւ Բուլղարիա, մեր հավաքականը ցույց չի տալիս այն խաղը, որը մենք տեսանք անցյալ տարի, ո՞րն է պատճառը:
Չգիտեմ՝ որն է պատճառը: Ֆուտբոլը միշտ փուլերով է` մի պահ ստացվում է, մի պահ` ոչ: Մենք հիմա էլ շատ հեռու չենք այն ֆուտբոլից, որ խաղում էինք մեկ տարի առաջ:
Գիտեմ, որ մեր ժողովուրդը շատ մեծ հույսեր ունի, բայց սա սպորտ է: Եվ այնպես չէ, որ մեր այդ լավ խաղաշրջանից հետո մենք պետք է Բրազիլիայի կամ Արգենտիայի պես ֆուտբոլ խաղայինք: Մենք դեռ երիտասարդ թիմ ենք ու դեռ շատ բան ունենք սովորելու:
Երբ դիտում ես մեր հավաքականի խաղերը, ի՞նչ պակաս բաներ ես տեսնում մեր թիմի խաղում, կամ որո՞նք են թույլ օղակները:
Ես երբեք չեմ քննադատի իմ թիմին: Եթե ես ասելու բան ունենամ, ես դա կասեմ իմ թիմակիցներին եւ ուրիշ ոչ մեկին: Ես չէ, որ պետք է մտածեմ մեր թիմի թույլ կողմերի մասին: Մենք ունենք մարզիչ, ով գիտի մեր առավելություններն ու թերությունները:
Շատերին հետաքրիր է, թե ինչու մեր հավաքականի առաջատար ֆուտբոլիստները իրենց թիմերում լավագույն ռմբարկուներն են, իսկ հավաքականում չի ստացվում գոլեր խփել:
Դա շատ սխալ հարց է: Ի՞նչ եք կարծում՝ մենք չենք ցանկանում գոլ խփել եւ հաղթել: Չէ որ մենք ենք խաղադաշտում 90 րոպե վազում եւ չարչարվում, որպեսզի գոլեր խփենք եւ ուրախացնենք մեր ժողովրդին: Իսկ թե ինչու չի ստացվում, դա ֆուտբոլ է: Միշտ չէ, որ կստացվի: Ես արդեն երեք խաղ է, որ ակումբում էլ չեմ կարողանում գոլեր խփել: Հավատացեք, որ մեզնից շատ ոչ ոք չի ցանկանում, որ մենք գոլեր խփենք:
Իտալիայի հետ խաղում մեր հավաքականի չորս առանցքային ֆուտբոլիստներ չեն խաղա: Եթե անկեղծ լինենք, կարծում ես՝ հաղթելու հնարավորություն կա՞:
Հնարավորություն միշտ էլ կա: Սա լավ հնարավորություն է այն ֆուտբոլիստների համար, ովքեր կփոխարինեն այն ֆուտբոլիստներին, ովքեր բաց են թողնելու այս խաղը: Իհարկե, շատ վատ է, որ Գեւորգի եւ Մարկոսի պես կարեւոր ֆուտբոլիստները չեն մասնակցի այդ խաղին, բայց մյուս կողմից էլ հնարավորություն կտրվի այլ ֆուտբոլիստներին եւ նրանք պետք է ցույց տան, որ կարող են խաղալ բացակա ֆուտբոլիստների պես լավ: Իտալիային հաղթել մենք կարող ենք: Իտալիայի հետ խաղը հեշտ չի լինելու, բայց մենք վստահ ենք մեր ուժերի վրա: Այդ խաղում, ում ցանկությունն ավելի ուժեղ եղավ այդ թիմն էլ կհաղթի: Կարծում եմ մեր մոտիվացիան ավելի մեծ է լինելու:
Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը շատ կարճ ժամանակ աշխատեց մեր հավաքականում: Ի՞նչ տվեց քեզ նրա հետ աշխատելը:
Շատ կարճ տեւեց նրա աշխատելը մեր հավաքականում: Նրա աշխատանքը հիմնականում ֆիզիկական պատրաստվածությունն էր` վերականգնողական ընթացքը: Նա իր փորձը փոխանցեց մեր մարզիչներին: Կոնկրետ ինձ համար ոչ մի նորություն չկար, քանի որ այդ ամենը ես ԱՄՆ-ում սովորել եմ: Բայց Վերհեյենը միանշանակ շատ լավ մասնագետ է:
Բուլղարիայի խաղին ներկա էին բազմաթիվ հայ երկրպագուներ Հայաստանից, Ռուսաստանից, Կանադայից եւ Բուլղարիայի տարբեր քաղաքներից: Ինչո՞ւ խաղից հետո հավաքականի ֆուտբոլիտսները չմոտեցան եւ չողջունեցին հայ երկրպագուներին: Միայն Բերեզովսկին մոտեցավ, դու էլ հեռվից ծափահարեցիր:
Ճիշտ է, դա շատ տգեղ էր մեր կողմից: Մենք միշտ սիրել եւ գնահատել ենք մեր երկրպագուներին: Մենք գիտենք, որ նրանք իրենց քրտինքով վաստակած գումարը ծախսում են, որպեսզի գան եւ մեր խաղը դիտեն, բայց խաղը շատ նյարդային ստացվեց: Այդ պատճառով մեր ֆուտբոլիստները տրամադրություն չունեին: Ինձ դժվար է ասել, թե ինչու այդպես եղավ:
Բայց ամեն ինչ սկսվեց մարզումից, երբ երկրպագուները ֆուտբոլիստներին դիմավորեցին երգերով ու ծափողջուններով, եւ միայն մի քանի ֆուտբոլիստներ մոտեցան երկրպագուներին: Այդ ժամանակ դեռ չկար լարված խաղ եւ պարտություն:
Այս խաղը շատ լարված խաղ էր: Ֆուտբոլիստներ կային, որ խաղից առաջ էլ շատ էին լարվել:
Ինչպե՞ս տարաք «Կրասնոդարի» վերջին պարտությունը խոշոր հաշվով:
Եկեք անկեղծ խոսենք: «Անժին» շատ ուժեղ թիմ է: Այնտեղ խաղում է Դիարան, ով տասը օր առաջ խաղում էր «Ռեալում»: Այնտեղ խաղում են Էտո’Օ-ն, Բուսուֆան, ովքեր աշխարհի ցանկացած թիմում կարող են խաղալ, եթե ցանկանան: Մեզ համար շատ դժվար էր: Նրանք կարգով ավելի բարձր էին եւ արժանիորեն հաղթեցին:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը