Մի սովորական և հերթական աշնանային օր նրանք այլև չհանդիպեցին: Չհանդիպեցին, որ գոնե բաժանվեին: Բաժանման համար թեկուզ կարճատև, բայց հանդիպում է պետք, առնվազն մի քանի կոպիտ խոսք: Եվ հենց այդ հանդիպման ժամանակ է, որ երկուսից գոնե մեկն իր հպարտ կեցվածքի, սուր և «վերջնական» ասված խոսքերի հետևում թաքցնում է երբեմն բառերի չփոխակերպվող տխրությունը...
1.
Կեսգիշերն անց քնելուց հետո դժվար է ինքդ քեզ ստիպել, որ անտարբեր ու անխռով հայացքով նայես զարթուցիչ-հեռախոսիդ: Իսկ նրա ձայնը... միշտ փորձում ես ամենաանդուր ու ամենաբարձր երաժշտությունը գտնել կարգավորումների մեջ, որպեսզի ուզած-չուզած արձագանքես՝ մի աչքդ փակ, մյուսը՝ կիսաբաց: Ու մի հարված...մտքումդ հայհոյելով, որ ձայնը կտրի:
Հիշում եմ, երբ քեզ հանդիպեցի, դու ցանկանում էիր, որ անվերջ խոսեմ, անգամ ամենաանհեթեթ բաներից: Այո, այո, ասում էիր, որ հաճելի ձայն ունեմ, սակայն մտքումդ երևի հայհոյում էիր ինձ ու պատրաստ էիր անգամ մի հարված հասցնել, ինչ է որ շուտ վերջացնեի պատմություններս ու վերլուծություններս:

Այնպես է դարձել, որ հիմա հանդիպելիս մարդիկ ավելի շուտ մերկացնում են միմյանց առջև իրենց մարմինները քան թե հոգին: Ու հեռանում մի քայլ... դեպի մի խոր աշուն:

2.
Չգիտեմ, թե ցերեկներդ որքան են լցված եղել ինձանով, բայց  վստահ եմ, որ ամենազբաղված պահին անգամ թեկուզ կայծակի արագությամբ անցել եմ մտքիդ միջով կամ թե ինչ որ աներևույթ կերպով  ուրվագծվել աչքերիդ առջև:
Հիշում եմ, երբ քեզ հանդիպեցի,  աչքերիս առջև դարձար մի մեծ կտավ, մի պաստառ, որով ծածկվեց մնացած ամենայն ինչ: Ես քեզ ամեն անգամ հորդորում էի գլուխդ վեր պահել, որպեսզի տեսնեմ աչքերդ: Ու միայն աչքերդ... որոնք կայծակի արագությամբ մխրճվեցին սրտիս մեջ ու աներևույթ կերպով անմահացան աչքերիս առաջ:
Իսկ դու հեռացար մի քայլ հեռու և թողեցիր աշուն՝ անշունչ ու ցուրտ:
3.
Աշնան երեկոներն ավելի թախծոտ ու խոնավ են, գիշերները՝ երկար ու ջերմացնող: Կարոտներն ավելի տտիպ են՝ փորձում ես կոկորդդ թքով թացացնել, պարզվում է արցունք էր:
Դու նստած ես լռության մեջ, միակ այրվող իրը քո գլխավերևում լուսավորվող վոլֆրամե պարույրն է: Ես նստած եմ, ներսս համատարած աղմուկ ու ընդվզում է, այրվում է սիրտս...և ոչնչացնում շուրջբոլորս: Տեսնում եմ միայն քո պատկերը՝ որը կուրացնում ու բթացնում է կարոտս:
Քո պատուհանից դուրս՝ կիսադատարկ փողոցը լուսավորող լապտեր, իսկ իմ փողոցում՝ մթության մեջ կորած մայթեր: Եվ մի չդադարող զրույց, որ ձգվում է իմ այրվող սրտի ու քո սառած պատուհանին հառած հայացքի միջև:
Որքան բան ունեմ քեզ պատմելու, որքան լապտեր կան դեռ մարելու, որպեսզի կարողանամ ամենակուլ մթության մեջ շոշափել քո մարմնի աննյութեղեն սահմանները:
Սակայն այլևս ձեռքս չի հասնում քեզ: Երկարում եմ այն, բայց մխրճում եմ միայն գիշերվա հափշտակող ու երազկոտ անսահմանության մեջ...
Եվ անգամ չգիտեմ, թե որքան է սիրտդ իմ ձեռքից հեռու փախել. վախենում եմ որևէ չափ սահմանել, քանզի կարոտս անչափելի է: 
Երևի թե մի քայլ հեռու...
Մի քայլ հետո անգամ աշունը կհեռանա...
Բաժանման համար հանդիպել է պետք, թեկուզ մի քայլ իրարից հեռու, թեկուզ մի քայլ հեռվում, թեկուզ ձմռանը...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել