Մեր տատին ընկել էր... Լուրը հասավ մեզ, որ 80-ամյա մեր տատիկն իր տան մեջ, ոտքը ոլորվել, վայր է ընկել ու ձեռքը կոտրել: Անմիջապես մեկնեցինք հիվանդանոց, ուր պարզվեց՝ նրան տեղափոխել են շտապ օգնության մեքենայով: Շտապ օգնության աշխատակիցները մեր տատիկից մի փոքր ավել թույլ ու անճար երկու կին են եղել, ինչի պատճառով մեր ծանրամարմին տատիկին 4-րդ հարկից Շտապ օգնության մեքենա տեղափոխելու համար ստիպված են եղել կանչել մոտակա բարեկամներին ու հարևաններին: Այդ ամբողջ ընթացքում տատիկն, իհարկե, ստիպված է եղել դիմանալ անտանելի ցավերին, քանի որ շտապ օգնության բժիշկները, բացի թույլ ու անճար լինելուց, նաև բավական փորձ չեն ունեցել՝ վստահ լինելու համար, որ այդ տարիքի կնոջը ցավազրկող սրսկելը անվնաս է, թե ոչ: Ինչևէ, փառք աստծո, տատիկի զարմիկը մոտ է ապրում, և նա հասցրել էր կազմակերպել տատիկի տեղափոխումը հիվանդանոց հատուկ տաքսու դեր կատարած շտապ օգնության մեքենայով... Իհարկե, շատ ավելի ճիշտ կլիներ տատիկի համար որևէ սովորական տաքսի կանչել, նախ քանի որ տատիկին իջեցնելու համար տաքսու վարորդից օգնություն ստանալու հավանականությունն ավելի մեծ է, քան շտապ օգնության լավ «կոֆե» եփող տիկիններից, և երկրորդը՝ նման դեպքում ավելի անվնաս է տեղափոխման համար և էժան… Մի խոսքով, «Շտապ օգնություն» տաքսու ֆիքսված 5000 դրամը վճարելուց հետո տատիկին բարձրացրել էին վերև` բժշկի մոտ: Հերթապահ բժիշկը եկել էր տատիկին զննելու, իսկ մենք` բարեկամներս, անմիջապես սկսել էինք այս դեպքերում «օրենքով սահմանված կանոնակարգին»` ծանոթ բժիշկ ճարելուն: Իհարկե, միշտ էլ գտնվում է ինչ-որ մեկի քրոջ տղու սանիկի բաջանաղը, ով որպես «մոտիկ բարեկամ»՝ շատ վրդովված դեմքով գալիս է, նայում, գլուխը տմտմբացնում և արտասանում նույնպես օրենքով կանոնակարգված «բախտներդ բերել ա՝ էսօրվա հերթապահ բժիշկը ամենալավ օրթոպեդն ա Հայաստանում», տմտմբացնում տատիկի չվնասված ուսին «դե տատի ջան, չվախենաս, եկանք, հասանք, ամեն ինչ լավ կլինի», հետո էլ հեռանալուց առաջ շատ ցածր ձայնով ավելացնում, թե` «ես ամեն ինչ խոսացել եմ բժշկի հետ, ինչ կասի, վստահաբար համաձայնվեք» ու հեռանում՝ չմոռանալով տատիկին ընկերական աչքով տալ: Դե «մոտիկ բարեկամի» հեռանալուց հետո ինչքան էլ նա վստահեցնի, որ ամեն ինչ ասել է, միևնույնն է, մի տեսակ «որբացած» ես զգում ու մուլտերում հանդիպող կատվի աղերսող աչքերով նայում «Հայաստանի լավագույն օրթոպեդին» ու սպասում Աստծո հրաշքին, որ տատիկի վիճակն այնքան էլ ծանր չի, մի երկու կոպեկ ռենտգենին, մի երկու կոպեկ գիպս, բուժքույր, սանիտար, նստասայլակ հրող, դուռ բացող, վերելակավար, վիրահատարանից դուրս եկող «տատիկին առողջություն» մաղթող անորոշ տարիքի դեղին մազերով բժշկական կապույտ խալաթով կին-մին ու վերջ, գնացեք տուն և կգաք մեկ ամսից՝ գիպսը հանելու:

Չգիտես ինչի՝ ներքուստ կասկածում ես, որ եթե շտապ օգնությունով եկած լինեիր ներարգանդային սուր ցավերով, ապա բախտներս կբերեր, որ այդ օրը կհերթապահեր Հանրապետության լավագույն գինեկոլոգը:

Շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել