Qahana.am-ը գրում է.

Երբեմն ասում են, որ աշխատանքը խոչընդոտ է հանդիսանում երիտասարդների անձնական կյանքում: Բայց հավատացեք՝ լինում է և հակառակը. Աշխատանքը նպաստում է ընտանիքի կառուցմանը:

Արտավազդ և Մարիամ Ամիրյանների կյանքում հենց այդ սկզբունքն է գործել: Qahana.am-ը նորաթուխ ամուսինների հետ զրուցել է կյանքի, ընտանիքի, հավատքի ու սիրո մասին: Զրույցի ամբողջ ընթացքում ամուսինները լրացնում էին միմյանց, ինչը ոչ միայն հաճելի է, այլ նաև օրինակելի

Արտավազդ. Ուսանող տարիքից Մանկավարժական համալսարանի գրեթե բոլոր միջոցառումները ես եմ վարել: Մարիամի հետ այդ շրջանակում ենք ծանոթացել: Նա ճանաչվել էր կուլտուրայի ֆակուլտետի լավագույն ուսանողուհի, համալսարանի ակտիվիստներից էր, ու գործի բերումով հաճախակի էինք հանդիպում: Այդ ամենը կակաց-կամաց վերաճեց սիրո, կազմեցինք ընտանիք:

Հաճախակի չի պատահում, որ և՛ կինը, և՛ ամուսինը ամուր հավատք ունենան, Աստծո ճանապարհով քայլեն: Երկուսդ էլ, կարծեք, հոգևոր մեծ ներաշխարհով մարդիկ եք: Ընտանեկա՞ն դաստիարակություն է:

Արտավազդ. Իմ ընտանիքը միշտ էլ հավատքով է եղել, եկեղեցու կողքին: Ինձ համար եկեղեցին հանգստանալու, նոր լիցքեր ստանալու օրրան է եղել: Հետագայում հայտնվեցին մարդիկ, որոնց միջոցով առավել ներգրավվեցի եկեղեցական անցուդարձին, դարձա լավ ընկեր և բարեկամ: Հիմա հաճախ, ցավոք սրտի, եկեղեցի գնալու ժամանակ չեմ ունենում:

Մարիամ. Կարծում եմ, հավատքն իմ ներսում ի ծնե է եղել: Ծնողներիս և իրենց սանիկի շնորհիվ այն ավելի ամրապնդվեց, ավելի ու ավելի կապվեցի եկեղեցուն: Թեև ասեմ, երբ փոքր էի, Սբ. Զատիկի տոնին մայրիկիս հետ ոտքով յոթ եկեղեցիներ էինք գնում: Երբեմն հոգնում էի, բայց երևի այդ ամենը օգնեց՝ հավատքս ավելի ամրապնդվի: Կարծում եմ, հավատքը սահմանենր չունի, միշտ պետք է «նորոգել»: Պահ է գալիս, որ զգում ես՝ հեռվացել ես, ու նորից սկսում ես ամրապնդել: 

Ինչպե՞ս:

Մարիամ. Պատարագներին մասնակցելով: Սիրում եմ չխառնվել բոլոր մասնակիցներին, առանձնանալ ու անէանալ: Դա մի անբացատրելի վիճակ է: Շատ անգամ, երբ չեմ հասցնում Սբ. Գիրք կարդալ, ընթերցում եմ Qahana.am կայքի գրառումները: Շատ եմ հավանում:

Մարիամ, ասացիք, որ պահ է գալիս՝ հեռանում եք եկեղեցուց: Ե՞րբ է դա պատահում:

Մարիամ.  Երբ երկար ժամանակ եկեղեցի չեմ գնում: Ընդհանրապես, ասում են, դա այն պահն է, որ կարող ես «մոլորվել»: Մտքերդ սկսում են «հափշտակվել»: Ես միշտ փորձում եմ կապի մեջ լինել Աստծո հետ: Դրա համար շնորհակալ եմ ծնողներիս, մեր սանիկին և ամենակարևորը՝ Աստծուն: Նաև կողակցիս, որ թույլ է տալիս: Գիտեմ մարդկանց, ովքեր ընտրություն են դնում՝ կամ-կամ: Փառք Աստծո, իմ ամուսինն այդպիսին չէ:

Հաջողվո՞ւմ է Սբ. Պատարագներին միասին մասնակցել:

Արտավազդ. Իհարկե, և՛ իմ, և՛ Մարիամի կողմից ցանկություն կա, բայց զբաղվածությանս պատճառով ես հաճախ ներկա լինել չեմ կարողանում: Հիմնականում Մարիամն է գնում: Հանգստյան օրերը մեզ մոտ գրեթե պլանավորված են՝ քաղաքից դուրս, հյուրընկալություն: Պետք է կարողանամ կտրվել ամեն ինչից ու ինքս էլ հաճախակի Սբ. Պատարագներին մասնակցել: Երևի պետք է շատ ցանկանամ, որ ստացվի, չգիտեմ:

Մարիամ. Եղբայրս Գևորգյան ճեմարանում է սովորում: Երբեմն հարցնում է՝ մասնակցո՞ւմ ես Սբ. Պատարագներին: Երբ ասում եմ, որ ժամանակս հաճախ չի ներում, բայց սրտումս մեծ ցանկություն կա, ժպտալով պատասխանում է. «Դա նույնն է, որ ասես սոված եմ, բայց չեմ հասցնում հաց ուտել, թեև մտքիս մեջ գիտեմ, թե հացն ինչպես են պատրաստում»: Անմիջապես զգաստանում եմ ու հասկանում, որ պետք է ժամանակ գտնեմ: Երբ պատրաստվում էի ընդունելության քննությունների համար, պատահում էր՝ որոշում էի կիրակի օրերը մնալ տանն ու առավոտից պարապել: Հավատացեք, գալիս էր Սբ. Պատարագի ավարտի ժամը, նոր սկսում էի պարապել: դա երևի «վերևից» է գալիս, քեզ հասկացնում է, որ եկեղեցին երբեք ժամանակ չի խլում, այլ զորացնում է: Ծնողներիս սանիկը միշտ ասում էր. «Երբ մասնակցես Սբ. Պատարագներին, կզգաս, որ ժամանակ չես կորցնւմ: Ընդհակառակը, առավել առույգ ու նպատակասլաց ես դառնում»:

Իսկ Սբ.  Հաղորդություն ստանո՞ւմ եք:

Մարիամ. Եթե անկեղծ լինեմ, պետք է ասեմ, որ վաղուց չեմ հաղորդվել: Եկավ մի պահ, երբ մտածեցի, դեռ այնքան էլ պատրաստ չեմ, պետք է մի քիչ էլ «հասունանամ»: Թեև, ես չեմ որոշողը՝ ինձ կարելի՞ է Սբ. Հաղորդություն ստանալ, թե՞ ոչ: Ի դեպ, ասեմ, որ հաղորդություն ստանալուց հետո միշտ իմ կյանքում մի լավ բան լինում էր (ժպտում է):

Դուք երիտասարդ, նորաստեղծ ընտանիք եք: Հոգևոր գիտելիքները, հարստությունը ընտանիքում որքանո՞վ են կարևոր, օգնո՞ւմ են: Տարրաձայնությունների ժամանակ հիշո՞ւմ ու կիրառում եք «մի բարկացիր»-ը:

Արտավազդ. Աշխատում ես անել ամեն բան, որ տարրաձայնություններ քիչ լինեն տանը: Բայց դե կենցաղ է, երբեմն փոքրիկ խնդիրներ առաջանում են: Փառք Աստծո, մեր ընտանբիքում անհամաձայնությունները քիչ են, այդ պատճառով հաճախ կարիք չի լինում հիշել «մի բարկացիր»-ը (ժպտում է): Եթե ընտանիքում հոգևոր իմաստություն կա, հնարավոր չէ, որ օգտակար չլինի: Այն կարևոր ու մեծ դեր է խաղում ամեն մեկի կյանքում, հարաբերություններում: Նաև կարևոր է, որ հոգևոր մթնոլորտում մեծացնենք մեր ապագա փոքրիկներին՝ դուրս մղելով ժամանակակից անիմաստ շատ նորամուծություններ, որոնք շատերին հեռացնում են հոգևոր կյանքից: Մեր ընտանիքում միշտ կարևոր և արժեքավոր է եղել ու կլինի հոգևոր դաստիարակությունը, որն առաքինություն է սերմանում: Յուրաքանչյուր ընտանիք, հատկապես մեր օրերում, ժամանակներում, դա պետք է կարևորի ու առաջնահերթ համարի:

Մարիամ, որքան նկատել ենք, համացանցում հետևում եք հոգևոր էջերին: Ըստ Ձեզ, որքանո՞վ է սոցիալական ցանցը կարևոր հոգևոր խոսքը տարածելու տեսանկյունից: Ի՞նչ առավելություններ ու թերություններ ունի:

Մարիամ. Թերությունն այն է, որ մտածում ես, միևնույն է, հաճախակի Fasebook-ում եմ լինում, կկարդամ, ու գրքի մասին «մոռանում» ես: Բայց առավելությունն այն է, որ անընդհատ ինֆորմացիա ես ստանում: Երբ այդ նյութերով կիսվում եմ ու նկատում, որ ընկերներս հավանում են, ուրախանում եմ, որ կարդում են, հետաքրքրվում: Իրենց հասանելի է լինում: Փաստորեն, այսպես օգնում ենք, որ շատերին հասանելի լինի հոգևոր արժեքը:

Արտավազդ. Սոցիալական ցանցն, իհարկե, իր և՛ դրական, և՛ բացասական կողմերն ունի, բայց տվյալ պարագայում դրականն ավելի շատ է և արդարացված: Այստեղ հասարակության մի մեծ շերտի, հատկապես երիտասարդության ուշադրությունն ես կարողանում գրավել, ասելիքդ հասանելի դարձնել:

Որպես այդ ինֆորմացիայից ակտիվ օգտվողներ, ի՞նչ կցանկանայիք տեսնել Qahana.am կայքում, ի՞նչ է պակասում:

Մարիամ. Ինձ շատ էին հետաքրքրում նաև քահանաների հետ հոգևոր զրույցները: Կցանկանայի շարունակական լինեն:

Արտավազդ. 21-րդ դարի հեռուստատեսային անճաշակության մեջ դա շատ կարևոր գործ է: Դրա կարիքը հաստատ կա: Դուք միշտ կարողանում եք պատրաստել փոքրիկ, բայց բովանդակալից նյութեր, որոնք խրատական են, դաստիարակչական և ուսուցողական:

Մարիամ, Ձեր անունը ո՞վ է կնքել:

Մարիամ. Երբ մայրս ինձ սպասելուց է եղել, ինչ-որ մեկը հենց սկզբում ասել է, որ Մարիամիկ է ծնվելու: Այդպես էլ ինձ անվանակոչել են: Շնորհակալ եմ, որ անունս Մարիամ է: Հատկապես, երբ գիտակցում ես, թե ում անունն ես կրում, ավելի ես ուժեղանում:

Հարսանյաց հանդեսից՝ շատերը կարևորում են խնջույքի մասը: Ձեզ համար և՞ս այդպես էր:

Արտավազդ. Մեզ համար հարսանեկան արարողության ամենակարևոր փուլը եկեղեցին է եղել, Տեր Նավասարդ սրբազանի օրհնությունը, պսակադրության արարողությունը: Ես և Մարիամը ցանկանում էինք այդ օրհնանքը ապրել: Երբ խորանի մոտ էի, ինձ մոտ այնպիսի զգացում էր, որ տանն եմ ու փորձում եմ ստեղծել նոր ընտանիք, որն ինձ համար շատ կարևոր էր: Չեմ կարող բառերով նկարագրել. Կարծես մի ուժ իջնի քո վրա, քեզ առավել լրջացնի և տա հնարավորություն՝ կարևորելու ապրածդ կյանքն ու հետագա տարիները: Հենց այդ օրը, երբ դուրս ես գալիս եկեղեցուց, հասկանում ես, որ այլ բանի համար ես ապրում ու այլ ուղղի պետք է վերցնես, այլ նպատակներ են ավելանում:

Մարիամ. Երբ եկեղեցում օրհնություն ստացա, հասկացա, որ իսկապես ամուսնացա: Կա զագսվորում, քաղաքացիական ամուսնություն: Բայց ինձ համար ընտանիքը լիարժեք է, երբ կա Աստծո օրհնությունը: Ընտանիքն Աստծո համար էլ ամենակարևոր օջախն է: Պետք է ուժ և հավատ ունենալ և գիտակցել, որ ընտանիքը Տերն է պահպանում: Պետք է լինի սեր ու Տիրոջը ապավինելու ցանկություն: Բառերով նկարագրել չի լինի, դա երկնային զգացում է:  

Արտավազդ. Եվ հետո, երբ եկեղեցում օրհնություն ես ստանում, ուսերդ ամրանում են, ավելի ամուր ես կանգնում այս հողի վրա: Ինձ համար կյանքը երեք փուլից է բաղկացած՝ ծնունդ և մկրտություն, ամուսնություն՝ ընտանիքի ծնունդ, երբ նորից ամեն ինչ մաքուր էջից ես սկսում, և երեխայի ծնունդը: Ինձ համար այս երեք փուլերը շատ կարևոր են: Մարդը պետք է կարողանա արժեվորել և ճիշտ ընտրություն կատարել:

Մարիամ. Շատ եմ կարևորում մկրտությունը: Միշտ մտածում եմ, երբ բալիկ ունենամ, կցանկանամ 8-օրականում մկրտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել