Այսօր` սեպտեմբերի 21-ին, ժամը 16.50-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճառյան փողոցի վրա գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում խոշոր հրդեհ է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը, Ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արտակ Կարապետյանը:
Հրդեհը մարելու համար ժամանել է 8 մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տեղեկությունների` հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած և ծխախեղդ եղած անձինք չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև 1-03 ծառայության 1-ին կայանի 15 և 53 բրիգադները:
Այս պահին կրակը մարվել է:
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություն կատարելուց հետո:
Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ հրդեհի վայր է ժամանել նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Իսկ այն, թե Ռ.Հայրապետյանը ժամանե՞լ է, թե՞ ոչ, այս պահին դեռևս պարզ չէ:
Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ քիչ առաջ շտապօգնությունը հիվանդանոց տեղափոխեց հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում թեթև այրվածքներ ստացած մի հրշեջի:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/vz7Lu55NzA.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել