Interpress.am-ը գրում է․
Ամերիկայի Միացյալ նահանգները միակ երկիրը չէ, որը տոնում է Երախտիքի օրը, սակայն, այնուամենայնիվ, այն դիտարկվում է, որպես բացառապես ամերիկյան տոն: Այս տոնի ակունքները գալիս են մի գեղեցիկ պատմությունից. ուխտագնացների և տեղի բնակչության միջև բարիդրացիական հարաբերությունների մասին, ինչը ավելի նախընտրելի պատմություն է, քան եվրոպացիների և բնիկների հարաբերությունների հետագա զարգացումները: Այսօրվա հիմնական զբաղմունքը չափից շատ ուտելն է` զբաղմունք, որին գերազանցությամբ տիրապետում են ամերիկացիները: Եվ ի՞նչը կարող է ավելի ամերիկյան լինել, եթե ոչ այն, որ գնումների սեզոնին` ոչ աշխատանքային օրը տոն է նշանակվում երկրի տնտեսությանը թափ հաղորդելու համար:
Այնուամենայնիվ, երախտիքի օրը յուրահատուկ տոն է, որը մեզ հնարավորություն է տալիս գիտակցել, որ մեր բոլոր հաջողությունները չեն հանդիսանում միայն մեր ջանքերի արդյունք: Կարևոր չէ` որքան խելացի և աշխատասեր է մարդը, նա, միևնույն է, ընտանիքի և ընկերների օգոնւթյան կարիքը ունի: Այս օրը մենք վայելում ենք բարեմաղթանքները` անկախ նրանից` արժանի ենք, թե ոչ:
Մեզ մոտ երախտիքի ավանդույթը ենթադրում է, որ յուրաքանչյուրը պետք է ընտրի մի բան, որի համար նա շնորհակալ է: Եվ ինձ հետաքրքիր է, թե համաշխարհային տարբեր առաջնորդներ, ինչի համար շնորհակալ կլինեին, եթե նստած լինեին մեզ հետ մի սեղանի շուրջ: Ես, իհարկե, դա չգիտեմ, սակայն դա չի խանգարում կռահել: Ստորև ներկայացնում եմ այս տարվա ընթացքում տեղի ունեցած 10 իրադարձություններ, որոնց համար համաշխարհային առաջնորդները շնորհակալ են:
Խի Ջինպինգ
Դժվար, թե նա բարձրաձայնի այս միտքը, սակայն Չինաստանի նախագահը, երևի թե, շնորհակալ է, որ ԱՄՆ-ն նորից ներգրավված է Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում ընթացող գործընթացներին: ԱՄՆ-ն որևէ եկամուտ չունի, ավելին, ստիպված է մեծ ծախսեր կատարել և դիմակայել իր գործողությունների հետևանքներին:
Եվ որքան երկար տևի ԱՄՆ ներգրավվածությունը Իրաքի, Սիրիայի և Եմենի խնդրներին, այնքան երկար ուշադրությունից հեռու կլինեն Արևելյան Ասիայի խնդիրները, և Չինաստանի` օրեցօր աճող տարածաշրջանային դերը:
ԱՄՆ-ի միջազգային գերտերություն դառնալը պայմանավորված էր նրանով, որ նրա հակառակորդները բավական ծախսատար մրցակցության մեջ էին միմյանց հետ, և վստահ եմ, որ Խին պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի Չինաստանը խուսափի բոլոր այն խնդիրներից, որոնք անխուսափելի են ԱՄՆ համար: Ես վստահ եմ, որ նա չի մտահոգվում նաև Վաշինգտոնի և Մոսկվայի միջև առկա լարված հարաբերությունների պատճառով:
Դիլմա Ռուսեֆ
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում գերմանացիներից 7:1 հաշվով կրած պարտությունը խոցեց բրազիլացիների ազգային ինքնասիրությունը, սակայն նախագահ Ռուսեֆը, հավանաբար, շնորհակալ է, որ Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ինքնին մեծ հաջողությամբ անցավ:
Շատերը կարծում էին, որ Բրազիլիան պատրաստ չէ առաջնությանը և նախապատրաստական աշխատանքները դուրս են մնում ժամանակացույցից և կանխատեսում էին, որ առաջնությունը տապալվելու է:
Չնայած դրան, աշխարհի տարբեր ծայրերից ֆուտբոլասերները ժամանեցին, որպեսզի ներկա գտնվեն այս իրադարձությանը:Ռուսեֆը վերընտրվեց: Այժմ նրան մնում է միայն պատրաստվել 2016թ. Օլիմպիական խաղերին:
Ֆրանսուա Օլլանդ
Հաշվի առնելով, որ Ֆրանսիայի նախագահ Օլլանդի հեղինակությունը ծայրաստիճան ցածր է, նա հավանաբար մի փոքր ուրախացել էր, որ Ֆրանսիայում, գրեթե, անհնար է իմպիչմենթ հայտարարել նախագահին: Սակայն, անցած շաբաթ ֆրանսիացիները օրենք ընդունեցին, որը հեշտացնում է իմպիչմենթի հայտարարումը, և խոցելի է դարձնում Օլլանդի դիրքերը:
Ամեն դեպքում, Օլլանդը կարող է շնորհակալ լինել, որ իր նախագահության ավարտից հետո շատ բարձր թոշակ կստանա:
Այն հասանելի է Ֆրանսիայի բոլոր նախկին նախագահներին, անկախ` պաշտոնավարման օրոք ինչպես են իրենց դրսևորել: Ֆրանսիայի տնտեսության ծանր վիճակը չի ազդում Օլլանդի ապրելամակարդակի վրա, հետեւաբար, Օլլանդը պետք է շնորհակալ լինի դրա համար:
Անգելա Մերկել
Այս մեկը շատ պարզ է` Գերմանիայի Կանցլերը պետք է շնորհակալ լինի, որ նա Ֆրանսիայի նախագահը չէ:
Վլադիմիր Պուտին
Բախվելով նավթի գների նվազման, տնտեսական պատժամիջոցների և դեմոգրաֆիական խնդիրների հետ` Վլադիմիր Պուտինի համար դժվար է գտնել որևէ բան, որի համար կարելի է շնորհակալ լինել: Սակայն, ես վստահ եմ, որ նա շնորհակալ է, որ ՌԴ-ն տիրապետում է ատոմային հսկայական արսենալի, շարունակում է մնալ ՄԱԿ Անվտանգության Խորհրդի մշտական անդամ և կարևորագույն դեր խաղալ Իրանի, Սիրիայի և մի քանի այլ ճգնաժամերի մեջ:
Պուտինը պետք է նաև երախտապարտ լինի ՆԱՏՕ-ի Եվրոպական առաջնորդներին, որոք թույլ տվեցին, որ իրենց երկրների ռազմական հնարավորությունները հյուծվեն՝ միաժամանակ Արևելքում ստանձնելով անվտանգության նոր պարտավորություններ:
Նա նաև պետք է երախտապարտ լինի Արևմուտքի քաղաքականությանը ուկրաինական ճգնաժամի համար, որը նրան հնարավորություն տվեց վերադարձնել Ղրիմը: Վերջապես, նա պետք է շնորհակալ լինի, որ համաշխարհային այլ գերտերություններ նույնպես դեմ են ԱՄՆ լիբերալ հեգեմոնիային և կանեն ամեն ինչ, որպեսզի թույլ չտան Վաշինգտոնին ամբողջությամբ իր կամքը թելադրել Մոսկվային:
Հիլարի Քլինթոն
Պատրաստվելով 2016թ. նախագահական ընտրություններին` Հիլարին պետք է շնորհակալ լինի Օբամային այն բանի համար, որ վերջինս նրան երկար ժամանակ չտվեց պետքարտուղարի պաշտոնում: Ինչպես ես նշել եմ ավելի վաղ, նա լավ թիմային խաղացող էր առաջին նախագահական սահմանադրական ժամանակահատվածի ընթացքում, սակայն Սպիտակ Տունը մշտապես բավական խորը ներգրավվածություն է ունեցել դիվանագիտական գործընթացներին, ինչը թույլ չէր տալիս Հիլարիին գործել անկախ:
Աբդել Ֆատահ Աս-Սիսի
Եգիպտոսի իշխանության եկած գեներալը, անկասկած, ուրախ է, որ ԱՄՆ-ն աջակցություն է ցուցաբերում թե՛ ռազմական ոլորտում, և թե՛ դիվանագիտական ճակատում, և թե՛ աչք է փակում Մուսուլման Եղբայրների նկատմամբ նրա հետապնդումներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ