Հայ խաղաղապահների առաջին զորախումբը մեկնել է ԼիբանանArmnewsTV․am-ը գրում է․

Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը օդանավակայանում է: Հայ խաղաղապահները նորից մեկնում են կատարելու իրենց առաքելությունը: Այս անգամ ուղղությունը ոչ Կոսովո է, ոչ էլ Աֆղանստան: Օդանավի անձնակազմը պատրաստ է թռիչքին: Հայ խաղաղապահների առաջին զորախումբը մեկնում է Լիբանան` մասնակցելու ՄԱԿ-ի UNIFIL առաքելությանը: Մեր խաղաղապահները հանդես են գալու իտալական զորախմբի կազմում: Հայ խաղաղապահների 32 հոգանոց զորախումբն առաքելությունը կիրականացնի Իսրայելի սահմանին` միջերկրական ծովի ափին:

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի առաքելությանը հայ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցության հարցը Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարները առաջին անգամ քննարկել են 2012-ին: Ըստ նախարար Օհանյանի արդեն ժամանակն է հայ խաղաղապահների ներկայությունն ապահովել Մերձավոր Արևելքում: UNIFIL-ում հայկական ստորաբաժանման տեղակայման իրավապայմանագրային դաշտն ապահովելուն, վարչական ու նյութատեխնիկական հարցերը կարգավորելուն ուղղված աշխատանքային գործընթացն իրականություն է դարձել Հայաստանի Նախագահի բարձր հովանու ներքո: Տղաները գիտակցում են, որ չեն գնում խաղաղապահության` Կոսովոյում, Իրաքում և Աֆղանստանում կուտակած գիտելիքներով պարծենալու: Մեկնում են Լիբանան` սովորելու, իրենց սովորածն էլ մյուսներին փոխանցելու:

10 տարվա խաղաղապահ սերժանտը առաքելություն է իրականացրել և Կոսովոյում, և Իրաքում, և Աֆղանստանում: Լիբանան մեկնելու ցանկությունը այլ տեսանկյունից է մեկնաբանում` Միջերկրական ծովի ափին սփռված այդ երկրում ապրում են տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները` ցեղասպանությունից փրկված հայերի սերունդները: Լիբանան գնալու համար կա ևս մեկ կարևոր պատճառ: Հայ զորախմբի հրամանատարը տղաներին բազմիցս է ասել` Լիբանանը ոչ Կոսովո է, և ոչ էլ Աֆղանստան: Լիբանանը Հայաստանի արտաքին անվտանգության շահերի տիրույթում գտնվող երկիր է: UNIFIL-ի կազմում իրենց ծառայությամբ տղաները նպաստելու են նաև Հայաստանի արտաքին անվտանգության ապահովմանը: Տղաներն առաքելությունն իրականացնելու են բազային կայաններում և հսկիչ անցագրային կետերում: Մեկնելուց առաջ վերջին շեփորն ու վերջին քայլերթը օդանավակայանում: Հայաստանը Լիբանանում առաքելություն կիրականացնի մեկ տարի: Վեց ամիս հետո այս տղաներին կփոխարինի նոր զորախումբ:

Տեսանյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել