Հավանաբար ամենաալարկոտ հայն անգամ գրել է վրացական ռեֆորմների, ճանապարհային ոստիկանության, կամ կենցաղային կոռուպցիայի դեմ արձանագրված հաջողությունների մասին: Ընդ որում գնահատականները միմիայն դրական են և համեմատությունները մեր իրականության հետ բացառապես վրացիների օգտին: Ի խորոց սրտի դժկամությամբ ընդունելով այդ իրողությունը, քանի որ կցանկանայի հակառակ պատկերը տեսնել, ցանկանում եմ, սակայն, որոշ նկատառումներ արտահայտել այս կապակցությամբ: Վերջին երկու ամառվա ընթացքում առիթ է եղել երեք անգամ մեքենայով գնալ Բաթում և անձամբ համոզվել որոշ ակնհայտ ճժմարտությունների մեջ` մասնավորապես նկատի ունեմ ոստիկանության միանգամայն այլ վերաբերմունքը վարորդների և հատկապես հայ վարորդների նկատմամբ, ինչպես նաև Բաթումի յոթ մղոնանոց քայլերով զարգացումը և գիշերային պայծառ լուսավորությունը: Սակայն, այստեղ մեկ տակառ մեղրին պետք է մի քանի գդալ կեղտ խառնեմ, քանի որ ում է հարկավոր Բաթումի գույնզգույն գիշերային լուսավորությունը, եթե գոյություն ունեն հովհարային անջատումներ բոլոր շրջակա բնակավայրերում: Ինչ է սա, եթե ոչ " պակազուխա"? Ավելի լավ չէ այդ շքեղ լույսերի փոխարեն բնակչությանը մատակարարել մշտական էլեկտրականություն և բավարարվել քիչ լույսերով? Եվ երկրորդ, իմ դիտարկումների ընթացքում բացարձակապես չնկատեցի, որ վրացի վարորդները անվտանգության գոտիներ կապելու համար առանձնապես խանդավառված են, երևի 100-ից մեկն էր կապված:Ոչ էլ մեզանից ավելի կանոններով են վարում, ավելի շուտ` հակառակը: Իսկ ինչ վերաբերում է հետիոտնին զիջելուն, ապա Վրաստանը, ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, կարելի է դասել ամենհետամնաց աֆրիկյան երկրների շարքը: Հետիոտնն ուղղակի երկրորդ սորտի մարդ է Վրաստանում, և մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչու է այս հայկական համարներով մեքենան կանգնել և չի շարժվում, միգուցե նշան է բռնում, որ ավելի լավ վրաերթ կատարի? Ինչ-Ինչ, բայց մեր վարչապետը կարողացավ քաղաքակիրթ աշխարհին բնորոշ ամրագոտի կապելն ու հետիոտնին զիջելը ներմուծել մեր կենցաղ: Այնպես, որ, գոնե այս առումներով կարող ենք արձանագրել, որ առաջ ենք վրացիներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել