Այսօր մի ծեր մարդ ինձնից ներողություն խնդրեց, որ ինքն ու իր սերնդակիցները չեն կարողացել լուծում տալ Ցեղասպանության ճանաչման խնդրին: Սա հենց այնպես չեմ ասում: Եթե իրական դատենք, այո, նրա ասածներում ճշմարտություն կար: Եվ վախենում եմ, որ վաղն էլ ես կկանգնեմ ինձնից 60 եւ ավելի տարի փոքր երիտասարդի առաջ եւ ստիպված կլինեմ ներողություն խնդրել, որ ես ու իմ սերնդակիցները նույնպես չկարողացանք լուծում տալ այդ ցավոտ հարցին: Աստված տա, որ այդ ամենի միջով անցնելու հնարավորություն չունենամ եւ մինչ այդ ամեն հարց կարգավորված լինի: Բայց հաշվի առնելով թշնամու` մեզ թիկունքից հասցված հարվածների ուժգնությունը` սիրտս լավ բան չի գուշակում: Ցավոք, այդ հարվածները մինչ այսօր էլ դեռ շարունակվում են: Ադրբեջանահունգարական վերջին իրադարձություններն էլ դրա վառ ապացույցն են…
Լավ, ինչի՞ հիշեցի սա եւ ինչի՞ հենց այստեղից սկսեցի: Օրինակ իմ ծննդյան օրը ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ինչ եմ արել անցած մեկ տարվա ընթացքում, ինչ ձեռքբերումներ եւ կորուստներ եմ ունեցել: Եվ քանի որ Հայաստանը մեզնից յուրաքանչյուրս ենք` պետք է ինքներս մեզ հաշիվ տանք, չէ որ արդեն 21 տարեկան ենք: Իսկ Ցեղասպանության ճանաչման հարցում դեռ ոչ մի փոփոխություն չկա, եղածն էլ` օդա, փուչիկ...
Թե մեր երկիրն ինչ վիճակում էր մեկ տարի առաջ եւ այսօր ինչ է շնչում` բոլորս էլ գիտենք: Տնտեսական աճ, ճգնաժամի հետընթաց…ու այսպիսի մասնագիտական տերմիններ, որոնցով ամեն օր կերակրվում ենք: Բայց լավ, ի՞նչ է փոխվում մեր առօրյայում, մեր կենցաղում-գրեթե ոչինչ: Այն ամենը, ինչ ասվում է հեռուստաէկրաններից` շատ քիչ առընչություն ունի մեզ հետ: Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչ է փոխվել քաղաքացու կենցաղում, ինչ ունի այսօր, որ չուներ երեկ: Ինչքանով ես եմ տեսնում` դեռ մի բան էլ եղածներն են կորցնում մարդիկ: Դարձյալ աղքատություն, անապահով ընտանիքներ... Դե թող հայ երգեն, թե վերացնում ենք աղքատությունը, միեւնույն է` իրենց երգը «նոտա» չունի:
Թվում է թե անկախ ենք, բայց լավ էլ կախված ենք: Կախված ենք Ռուսաստանից, կախված ենք Ամերիկայից, Եվրոպայից…Եվ Աստված չանի, թե սրանցից որեւէ մեկը «ձեռքը քաշի» մեր վրայից, չեմ էլ ուզում մտածել, թե ինչ տեղի կունենա մեզ հետ: Մեզ այլեւս չեն փրկի մեր հազարամյա գրերն ու առաջին քրիստոնյան լինելու փաստը…
Եվ ի՞նչ է դուրս գալիս: Դուս է գալիս այն, որ մենք պետք է ապավինենք ինքներս մեզ, լինենք պահանջատեր նախ մեր անձի նկատմամբ, հետո` շրջապատի ու համոզված եմ այդ ժամանակ ամեն ինչ դեպի լավն է գնալու:
Նյութի աղբյուր՝ http://artsunset11.blogspot.com/2012/09/blog-post_20.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել