ԾԵՐՈՒՆԻՆ...
(Նախատոնական էսքիզ)
Ալեհեր ծերունի էր, բարձրահասակ – երիտասարդ ժամանակ պարթևահասակ պիտի կոչվեր… Դեմքը ազնիվ վարդագույն էր, հոնքերը ճերմակ էին, ակնոցը անհնազանդ իջնում էր քթի մեջտեղին – կռացած` քաղցրավենիքի բաժնի հարուստ տեսականին էր նայում… Տարբեր տեսակի տորթեր կային, նաև առանձին կտորներով – բազմանախշ, բազմագույն, և խիստ մեծ հավանականությամբ` շատ քաղցր… Ձոն չեմ ձոնում այս սննդատեսակին – շատ գրավիչ-վտանգավոր է առողջության համար, և դառնում եմ իմ հերոսին… Այսպես, ծերունին երկար-բարակ զննեց քաղցրավենիքները, նույն տեղով մի քանի անգամ անցավ, երկար մտածեց և … ակնոցը հանեց-դրեց գրպանն ու գլխիկոր հեռացավ… Չհավանե՞ց, կամ չէ՞ր կարող գնել, կամ միայն կարո՞տ էր քաղցրավենիքի տեսքին և ուղղակի նայու՞մ էր… Չգիտեմ…
Նա գնաց, իսկ ես բերանիս մեջ դառնություն զգացի… Հիրավի, Հայաստանը այս օրերին նմանվում է այդ ծերունուն – վերջին հազար տարում մեր առջև չի եղել երբևէ այսքան քաղցրություն` որպես սեփական Կյանքի ու Ապագայի տնօրինման հնարավորություն… Երբեք չի եղել: Սակայն որո՞նք են մեր ելակետերը…
Մի ելակետ աներկբա է – որևէ երկրի ճակատագիր որոշվում է նրա ՄԵԿ ԱՆՀԱՏԻ Սիրո և Գիտակցության տիրույթում: Չէ~, ես չպետք է թույլ չտամ իմ ծերունի հերոսի սխալը: Ես այսօր իմ սրտի մեջ պետք է ընտրեմ կյանքի լավագույն քաղցրավենիքը, որն է՝ լավագույն Ուղին: Պետք է ընտրեմ նախ իմ համար` իմ կյանքի, իմ թռիչքի, իմ ուրախության համար: Եվ եթե ճիշտ ընտրեմ` այն կլինի նաև Հայրենիքիս համար…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել