Ուշացած մի ձյունե սավան կծածկի ամեն լավ ու վատ բան, նոր, մաքուր էջի նման, որ կամա թե ակամա թերթում ենք, սկսելու մի նոր կամ ստորակետով ավարտված էջ: Այս անգամ նախորդ էջում վերջակետ եմ դրել, վերջակետ, որ գալիս է ավարտելու ամեն վատ ու լավ բան, ամեն ժպիտ ու թաց աչքեր, ամեն տրտմություն ու ուրախություն: Այս վերջակետս հույսի ու ամեն ինչ նորովի սկսելու վերջակետ է, այս վերջակետով սղվեցին բոլոր վատ ու ցավոտ բաները, այս վերջակետը թողեց միայն անցած-գնացած ժպիտների պատառիկներ: Նոր էջում դու ես. ուզում եմ թոթովախոս լինես, այն մանկան նման, որ առաջին տառերն է գրում, մեկիկ մեկիկ, մի մատ խորքից, մի քիչ «նախանձ», որ ամենից լավն ինքը լինի, ուզում եմ բռնել ձեռքդ... Չէ, ամենևին էլ ոչ ուսուցչի նման, այլ քո կողքին նստող տղայի պես, որ ամեն օր իր օրապահիկի մեջ քեզ համար մի քաղցր բան ունի պահած: Նրա, ով առաջինը քո վարժությունները կլուծի, եթե անգամ իրենը մնան, նրա, ով քո հույսով չի գրի շարադրությունը...
Ասում են՝ հավերժ երջանկություն չկա, միայն պահեր են... Եկ միասին դեմ գնանք այս մտքին, եկ ապացուցենք, որ երջանկությունն է հավերժ, իսկ տխրությունը՝ ակնթարթ... Կգա՞ս ինձ հետ: