Այսօր, պատահաբար հայտնաբերեցի, որ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկների մասին նախազգուշացնող որևէ նշան գոյություն չունի, ինչն իմ կարծիքով սխալ է և հաշվի չի առնում մեր` վարորդներիս իրավունքները: Հերիք չէ, որ արագաչափերի նախազգուշացնող նշանները չափազանց փոքր են, անհասկանալի և չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, հիմա էլ խաչմերուկների սնկի նման աճող տեսախցիկները: Ես ինքս կարգապահ վարորդ եմ և հազվադեպ եմ կանոնները խախտում, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա, սակայն երբեմն մեքենայորեն /ինչպես, կարծում եմ, բոլորը/ կարող եմ թեթև խախտում կատարել, ասենք, գիծը տրորել և այլն, ինչը ֆիքսվում և տուգանքի տեսքով ուղարկվում է ինձ: Անկեղծ ասած այս առումով այնքան էլ "ուրախ" չեմ, քանի որ տեսուչների կողմից հարգված լինելով երբևէ խնդիրներ չեն ունեցել: Սակայն, ցավոք, արագաչափերն ու տեսախցիկներն այդ ամենը "չեն հասկանում", այնպես որ ես նույնպես մուծում եմ ինձ հասանելիք տուգանքները: Սակայն, եթե այս տեմպերով մեր փողոցներն ու խաչմերուկները պատվեն տեսախցիկներով և արագաչափերով, ապա շատ շուտով վարորդների մի ստվար զանգված ստիպված իր աշխատավարձի մի նշանակալի հատվածը տուգանքի տեսքով պետք է փոխանցի պետությանը: Ուստի առաջարկում եմ մեծացնել և միջազգային ստանդարտներին համապատասխանեցնել արագաչափերի նշանները և տեղադրել առնվազն երկու տեղում մինչև արագաչափը, և տեսախցիկի նախազգուշացնող նշան տեղադրել մինչև խաչմերուկը և բուն խաչմերուկում, որոնք երկրաչափական պրոգրեսիայով աճում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել