Էջմիածին տանող ճանապարհի աջ կողմում վեր է խոյանում տուֆից պատրաստված արծվանման մի շինություն: Դա Մուսալեռան հուշահամալիրն է:
Տարին մեկ անգամ այստեղ կարելի է տեսնել քառասուն կաթսա լի հարիսայով, որը պատարաստվում է ողջ գիշեր ցորենից ու գառան մսից, ի հիշատակ 4300 մուսալեռցու, որոնք ավելի քան հիսուն օր դիմակայեցին թուրքական ջոկատներին արհամարելով սովը, ծարավը եւ անդադար տեղացող անձրեւները:
Անցած տարի ես ու օպերատորս էլ որոշեցինք այս ամենը լուսաբանել արտասահմանյան հեռուստաընկերություններից մեկի համար, որպեսզի ցույց տանք հայի ոգին ու կամքը:
Մեզ միացան նաեւ կինս, մեր այն ժամանակ չորս տարեկան երեխան ու կնոջս արտասահմանցի ընկերուհին:
Վաղ առավոտյան Էջմիածին տանող ճանապարհի աջ կողմից վեր բարձրացանք դեպի Մուսալեռան հուշահամալիր:
Հասնելով այդտեղ կնոջս, իր ընկերուհուն եւ մեր երեխային ժամանակավոր հրաժեշտ տվեցի, որպեսզի սկսեմ աշխատանքս, իսկ նրանց խոստացա աշխատանքիս ավարտին միասին ծառի տանք նստենք ու հարիսա ուտենք:
Հուշահամալիրի ձախ անկյունում լի հարիսայով քառասուն կաթսաները տեղադրված էին ցեմենտից պատրաստված պարսպի մեջտեղում, իսկ պարիսպը շրջապատել էին անընդհատ աճող մարդիկ :
Պարիսպն ուներ նեղլիկ մի դուռ, որի մոտ կանգնած էին մի քանի տեսակ պահակներ պաշտպանելու քառասուն կաթսաները, ասես թուրքական յաթաղանից մազապուրծ փրկված սոված հայերից կամ էլ թուրքերից, որոնք հարմար առիթ էին փնտրում հարիսայի բերդը ներխուժել ու խլել մեր անմեղ երեխաների վերջին պատառ հացը:
Այդուամենայնիվ մի կերպ ներխուժեցինք հարիսայի բերդն ու սկսեցինք նկարահանման աշխատանքը: Ընթացքում զրուցեցի կամավոր ուսանողների հետ, որոնք ամբողջ գիշեր չէին քնել մասնակցելով հարիսայի եփման արարողությանը եւ այդ պահին էլ հարիսա էին լցնում ամաների մեջ, որպեսզի մի քանի ժամից բաժանեին պարսպից այն կողմ իրար հրմշտող հարիսատենչ, հարիսափափագ ամբոխի մեջ:
Իրար դեմ հանդիման երկու կողմերի դիրքերը հիշեցնում էին ոչ թե Մուսալեռան դիմադրությունը այլ Ավարայրի ճակատամարտը :
Իսկական պատերազմն սկսվեց այն պահից հետո, երբ քահանաները մի քանի հայաստանցի ու սփյուռքահայ հայրենակիցների ուղեկցութամբ օրհնեցին քառասուն ամաներն ու հեռացան:
Հեռացան թողնելով մի կողմում խեղճ ու կրակ, կիզիչ արեւի տակ իրար հրմշտող մարդկանց, որ երկինք էին մեկնել ձեռքերը ոչ թե առ Աստված այլ առ հարիսա բաժանող մարդիկ:
Եւ մյուս կողմում հարիսայի բաժանման պրոցեսը հսկող մարդկանց, ովքեր կարմրել էին ե՛ւ կիզիչ արեւից ե՛ւ հարիսա պահանջող ու հարիսա բաժանող մարդկանց վրա շարունակ գոռալուց:
Իհարկե նաեւ այն մարդկանց , ովքեր ծանոթի միջոցով հարիասյով լի տասնյակ ամաներ էին տուն տանում:
Այդ պահին ամենաանտեսվածը ավելի քան հիսուն օր սովը արհամարած 4300 մուսալեռցու հիշատակն էր:
Իսկ այս ամենին ականատես էին ոչ միայն բազմաթիվ հայեր այլ արտասահմանցի հյուրեր, որոնք սարսափահար կուչ էին եկել ծառերի տակ մտածելով քիչ հետո, երբ հարիսան պրծավ երեւի կսկսեն իրար միսն ուտել:
Ամեն դեպքում տպավորությունն այդպիսին էր:Որովհետեւ հարյուրավոր ահել ու ջահել հայեր, անկախ գեղեցիկ ու գեշ սեռի պատկանելիությունից պատրաստ էին ամեն տեսակ վիրավորանք կուլ տալ հանուն մի երկու գդալ հարիսայի:
Ապշած կանգնել էի բերդի մի անկյունում սպասելով օպերտորիս, որպեսզի ավարտի նկարահանումը, ընթացքում խնդրելով նրանից գոռացող մարդկանց ու երկինք բարձրացող ձեռքերի փոխարեն ավելի քաղաքակիրթ տեսարաններ նկարել:
Հենց այդ պահին էլ գոռացողներից մեկը բոլոր կամավորներին, որոնք երկու օր շարունակ տանջվում էին, բառիս բուն իմաստով, դուրս վռնդեց բերդից առանց մի գդալ հարիսա հյուրասիրելու նրանց:
Հետո հերթը հասավ լրագրողներին ու օպերատորներին , գոռացողներից մեկը մոտեցավ եւ նեղլիկ դուռը ցույց տալով դուրս հրավիրեց ինձ: Երբ նրան բացատրեցի թե աշխատանքս դեռ չի ավարտվել , շուռ եկավ ու հարիսայի մի աման մեկնեց ինձ ու ասաց հիմա հեռացիր:
Ասացի ինձ պետք չի քո հարիսան, երբ ավարտեմ նկարահանումը դուրս կգնամ:
Ու դուրս եկա բերդից: Տղաս, կինս ու իր արտասահմանցի հյուրը մի քանի քայլ այն կողմ ինձ էին սպասում ու մի աման հարիսայի, որ պիտի միասին ծառի տակ նստած ուտեինք, բայց մենք դրա փոխարեն քաղաքի ռեստորաններից մեկում ֆրանսիական լանգետ կերանք ի հիշատակ այն ֆրանսիական նավի, որը 4200 հայի տեղափոխեց Մուսալեռից Եգիպտոս եւ դա իհարկե կնոջս ֆրանսիացի ընկերուհու առաջարկով:
Իսկ ես Մուսալեռան տոնախմբության կազմակերպիչներին առաջարկում եմ հարիսան բաժանել մի անգամյա օգտագործման փոքրիկ ամաններով ու գդալներով հայկական հյուրասիրությանը հարիր եւ քաղաքակիրթ տարբերակով: Այդ գործը կարելի է վստահել հայկական տարազներով աղջիկներին ու տղաներին, որոնք հարիսան սկուտեղներով ոչ թե կբաժանեն այլ կհյուրասիրեն հյուրերին:
Ամեն դեպքում այս տարի որոշել եմ չլուսաբանել վերոնշյալ սարսափը: Որոշել ենք հարազատներով հիշելու մուսալեռան հերոսամարտիկներին ուտելով կնոջս պատրաստած համով հարիսան խաղաղ ու հանգիստ մթնոլորտում, առանց գոռալու,առանգ մուննաթի, առանց խեղճանալու, առանց խայտառակվելու, առանց նվաստանալու եւ առանց կոռուպցիոն ռիսկերի: