Ինչքան ասում ես՝ չգրես, չի լինում. թեման թեմա է բերում. օր չկա, որ մի աղաղակող թեմայի չառնչվես շուրջբոլորդ, բայց, ցավոք, քչերն են բարձրաձայնում. ալարում են կամ «զահլա չունեն»: Բա «սովետի» տարիներին ինչի՞ էսքան թեմա չկար խոսելու, մարդիկ իրենց մի կտոր հացը գլուխները կախ ուտում էին. բայց հիմա շատերի համար այդ մի կտոր հացն էլ չկա, ու ակամա հիշում ենք մեծն Թումանյանին. «Մեր ուզածն ինչ է, մի կտոր սև հաց, էն էլ հրեն հա՜ ՝ երկնքից կախված»: Հետաքրքիր է, համակա՞րգն է մեղավոր, որ ներկա հասարակարգում վատն ավելի շատ է, քան՝ նախկին, համացա՞նցը, թե՞ մարդիկ: Աստված ինձ այնքան ուժ ու զորություն տա, որ հասցնեմ պարբերաբար, տեղը տեղին ներկայացնել շուրջբոլորս տեղի ունցող վատն ու անընդունելին, անարդարացին, մեր կյանքի աղբը ջրի երես հանեմ (թեպետ, մեղքս ի՞նչ թաքցնեմ, լավն էլ չեմ մոռանում և հասցնում եմ երբեմն էլ լավը նկատել), այսինքն՝ այն ամենը, ինչը հետևանք է մեր գաղջ իրականության, որից փախչում են շատերը՝ բռնելով օտարության ճանապարհը: Իսկ ի՞նչ անեն մնացածները, ովքեր մշտապես իրենց ուսերին զգում են այդ իրականության հետևանքները, բայց գնալու տեղ ու միջոցներ չունեն. նրանց մնում է առաջնորդվել միայն «խեղդվողների փրկության միջոցն իրենց՝ խեղդվողների ձեռքում է» կարգախոսով ու իրար պատմել իրենց կամ ուրիշների հետ պատահող անարդարություններ, իրենց կամ ուրիշների «գլխին եկածը»՝ ակնկալելով, որ մի օր, ի վերջո, արդարությունը կհաղթանակի: Այլ կերպ՝ գրիչով ընդդեմ գաղջ մթնոլորտի: Եվ թող ների ինձ երջանկահիշատակ Միքայել Նալբանդյանը, եթե ես նրա հայտնի բանաստեղծության վերջնամասում մի փոքր ուղղում կատարեմ ՝ հանուն արդարության.
«Թող որոտա իմ գլխին
Փայլակ-կայծակ, հուր-երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչեւ անարգ մահու սյուն
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ անդադար...» արդարություն:
Բարի օր, եթերում ֆեյսբուքյան ծրագիրն է: