Եթե քսան տարի շարունակ մեզ համար, որպես գերագույն արժեքներ ենք հռչակել նյութը, փողը, ունեցվածքը, բարգավաճությունն ու մարմնավոր բարեկեցությունը և սրանցով պայմանավորված գաղափարները, որոնք մարդկանց օտարացնող, ամեն մեկն իրեն համար դարձնող, նրանց իրարից հեռացնող գաղափարներ են, որոնք ժողովրդին մասնատող են, բոլոր մարդկային ճշմարիտ տրադիցիաները փոշիացնող, քամուն տվող, վերջապես ազգը քայքայող գաղափարներ են.
Եթե ազգի գոյության, նրա հոգևոր առաջընթացի համար անհրաժեշտ, այսօր մեջտեղ հանված այս չարչիական, սպառողական հասարակություն կերտող գաղափարներին հակադրվող, որևէ ճշմարիտ ազգային, սակրալ, լուսավոր, մարդկանց գերող, իր հետևից տանող, նրանց համախմբող գերգաղափար մեջտեղներում չկա.
Եթե երկրի բնակչության մի հատվածը, ինչ որ ձևով հեշտ հայթհայթված միջոցներով իր օրը մթնեցնում և լուսացնում է ուտել խմելների մեջ, ապրում է դատարկ կյանքով, մտածելով միայն սպառելու, կյանքն անհոգ, ուրախ- զվարթ անցկացնելու մասին, իսկ ազգաբնակչության մնացած մասը խոսքով քննադատելով այդպիսի ապրելակերպը, խորքում, արտաքին` հետևողական և նպատակային ներգործությունների շնորհիվ, ենթագիտակցորեն և հոգեբանորեն բերված է հենց միայն այդպիսի կյանքով ապրելու գաղափարին.
Եթե երկրի ազգաբնակչության մոտ, մեծից փոքր, աստիճանաբար ձևավորվում և գերակշռող է դառնում սպառողական հոգեբանությունը, նվազագույն ջանքերով արագ հարստանալու մարմաջը, ոչինչ չտալով առավելագույնը ձեռք բերելու մոլուցքը, ինչ գնով էլ լինի, իր, ընտանիքի, մերձավորների բոլոր կարիքներն ու ցանկությունները միայն ուրիշի` պետության լինի, հասարակության հաշվին բավարարելու մղումը, միաժամանակ անտարբեր, ծաղրալի, առհամարհական, վերաբերմունք առաջացնելով քրտնաջան, հասարակության համար մնայուն արժեքներ ստեղծելուն ուղղված լուրջ աշխատանքի և, ինչու ոչ, նաև աշխատող, աշխարհին բան տալ ցանկացող մարդու նկատմամբ.
Եթե երկրի տարածքում չի գործում որևէ լուրջ արդյունաբերական արտադրանք տվող ձեռնարկություն, չի արտադրվում սեփական ազգաբնակչության կարիքների բավարարմանն ուղղված գոնե կենցաղային նշանակության որևէ ապրանք, էլ չենք խոսում, կշիռ ունեցող, ասենք տարածաշրջանում նշմարվող և արտահանման արժանի ինչ որ արտադրանքի մասին, իսկ գոյություն ունեցող ձեռնարկություններն էլ ընդամենը համքարությունների մակարդակով գործող, մի քանի տասնյակ կամ հարյուրյակ աշխատատեղով, և ոչ երկրի, այլ ներսի կամ դրսի այս կամ այն «ներդրողի» սեփականությունը հանդիսացող ընկերություններ են, որոնց հիմնական խնդիրն ու նպատակը աննշան ներդրումներով երկրի ընդերքի շուտափույթ ավարումն ու բարեհաջող և անփորձանք հեռանալ, «ցվրվելն» է.
Եթե երկրի միմյանց հետ արդեն ազգակցական սերտ կապերով հանգուցված կառավարման համակարգերը, ամբողջովին կոմպրադորացված /ատկատներով ապրող/ քաղաքական- տնտեսական ողջ վերնախավը, որոնց առաջնային նպատակը պիտի լիներ ստեղծված իրավիճակից ելքերի որոնումն ու հաղթահարումը, անխտիր բոլոր աստիճաններում այլևս ի վիճակի չլինելով որևէ ռացիոնալ գործունեության, սկսում են զբաղվել միայն սեփական ունեցվածքների ավելացման, իրենց «բիզնեսների» ընդլայնման, կոշտ ու կոպիտ միջոցներով ինքնապահպանման, ինքնավերարտադրման խնդիրներ լուծելուվ, սրան նրան ընդօրինակելու, առավել «հաջողակներին» նմանվելու, նրանց կապկելու ճանապարհով ծառացած պրոբլեմների լուծման խաբկանքային մի գործընթաց իրականացնելով.
Եթե հասարակության գործունեության բոլար ասպարեզներում, լինի դա մշակութային, հոգևոր, քաղաքական, տնտեսական և այլն, չքանում են հստակ նպատակները, բոլորի բոլոր գործողությունները դառնում են ինքնանպատակ, ոչ համակարգված, շատ անգամ անկապ ու միմյանց հակասող, զուտ ձևական, դատարկ խոսակցական, ամենուր տիրում է աղմուկը, օրստօրե ավելանում է քաոսի աստիճանը, տեղի է ունենում անկում մարդկային գործունեության անխտիր բոլոր ոլորտներում, ապա կարելի է պնդել, որ այսպիսի երկիրը որևէ ապագա ունենալ չի կարող:
Եթե խոսենք նաև հասարակական կյանքի հոգևոր-մշակութային, կրթական, ազգային-գաղափարական, բարոյա-հոգեբանական և այլ ոլորտներում տիրող իրավիճակի մասին, ապա երկրի ապագայի վերաբերյալ դատողությունները էլ ավելի մռայլ են դառնում:
Մեկ անգամ էլ հիշենք Գարեգին Ա Հայոց Հայրապետի զգուշացումն այն մասին` թե հասարակությունները, որտեղ կյանքի նկատմամբ գերիշխում է սպառողական հոգեբանությունը, որոնք ոչինչ արարելով անվերջ սպառում են, ի վերջո ամենայն ինչ սպառած, իրենք էլ ինքնասպառված են, վերջացած, ավարտված ու կորած, գնացած են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել