ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
Սուրբ Պատարագի սկսվելուց առաջ պատարագիչ քահանան ինքն իրեն հոգեպես պատրաստում է սաղմոսներ ու նախապատրաստական աղոթքներ կարդալով` հայցելով, որ Աստված իրեն Սուրբ Պատարագի մատուցմանն արժանի դարձնի: Ապա քահանան զգեստավորվում է: Զգեստները ձևավորված են հինկտակարանյան քահանաների հանդերձանքի և թագավորական պատմուճանի նմանողությամբ, որովհետև Սուրբ Պատարագի ընթացքում քահանան մեզ զգալ է տալիս ներկայությունը Քրիստոսի, որ իշխում է Հայր Աստծո հետ երկնային թագավորության մեջ:
ԱՂՈԹՔ ՔԱՀԱՆԱՅԻ ԶԳԵՍՏԱՎՈՐՄԱՆ
Ոʹվ մեր Տեր Հիսուս Քրիստոս, դու, որ լույսը հագել ես իբրև հագուստ, անպատմելի խոնարհությամբ աշխարհ եկար և մարդկանց մեջ շրջեցիր: Ըստ Մելքիսեդեկի դասակարգի` հավիտենական քահանայապետ եղար և զարդարեցիր քո Սուրբ Եկեղեցին:
Ոʹվ ամենակալ Տեր, որ մեզ ևս երկնային նույն զգեստը հագնելու շնորհը պարգևեցիր, այս պահին նաև ինձ` անպիտան ծառայիդ, որ համարձակվում եմ մոտենալ փառքիդ` հոգևոր պաշտամունք մատուցելու, արժանիʹ արա մերկանալ ամեն ամբարշտությունից, որ պղծության զգեստն է, և զարդարվել քո լույսով: Վերցրու վրայիցս իմ չարությունները, թոթափիր իմ հանցանքները, որպեսզի արժանի լինեմ լույսիդ հանդերձավորմանը: Շնորհիʹր քահանայական փառքով մտնել սրբություններիդ պաշտամունքի մեջ նրանց հետ, ովքեր անմեղությամբ պահեցին պատվիրաններդ, որպեսզի ես նույնպես պատրաստ լինեմ երկնային հարսնարանիդ, իմաստուն կույսերի հետ քեզ փառաբանելու, ոʹվ Քրիստոս, որ բոլորի մեղքերը քեզ վրա վերցրեցիր: Դու ես մեր անձերի սրբությունը, և քեզ` բարերար Աստծուդ, վայելում են փառքը, իշխանությունն ու պատիվը այժմ և միշտ և հավիտենապես: Ամեն: