Գո՞հ են արդյոք երիտասարդներն իրենց մասնագիտությունիցBarometer.am-ը գրում է.

Մեր երկրում քիչ չեն խնդրահարույց և հիասթափություն առաջացնող երևույթները: Ասվածը բացառություն չէ նաև մեր համաքաղաքացիների մասնագիտական կողմնորոշումների պարագայում, քանի որ շատերն ընտրելով այս կամ այն մասնագիտությունը՝ կարճ ժամանակ անց կանգնում են նոր մասնագիտություն ձեռք բերելու անհրաժեշտության առջև: Իրողություն, որը պայմանավորված է ոչ այնքան հարափոփոխ կյանքով, սոցիալ-տնտեսական զարգացումներով, բուհական կրթության որակով, որքան հայկական դիպլոմասիրությամբ կամ ամեն գնով բրենդային մասնագիտություն ձեռք բերելու արատավոր հոգեբանությամբ: Մարդկանց համար կարծես առավել կարևոր է բուհ ընդունվելը, մոդայիկ ֆակուլտետում սովորելը, քան մասնագետ դառնալը: Եվ պատահական չէ, որ հայ ծնողները պատրաստ են իրենց վերջին խնայողություններով վճարել կրկնուսույցներին կամ ուսման վարձը, սակայն պատրաստ չեն հետևել իրենց մեծ ու փոքր  "նյուտոնիկների" կամ "էյնշտեյնիկների" կրթական առաջադիմությանը: Հարևանների ու բարեկամների առջև "չխայտառակվելու" համար ծնողները պատրաստ են հանդուրժել երեխաների մասնագիտական հավակնությունները՝ անկախ այն բանից, թե այդ մասնագիտությունն ինչ ապագա է խոստանալու նրանց: Արդյունքում՝ մեկը մի քանի տարի սեփական գոյությունն է փաստում, ասենք, ԵՊՀ քիմիական ֆակուլտետում, մյուսը՝ միջազգայինհարաբերությունների, երրորդը՝ մեկ այլ բուհի որևէ ֆակուլտետում ևայլն: Ավելին՝ շահարկելով ուսանողներից բուհերի ունեցած ֆինանսական կախվածությունը՝ ի վերջո վաստակում է բաղձալի դիպլոմը և "համալրում" կայացած մասնագետների շարքը: Սակայն, հետայդու, այդ դիմպլոմավորված չմասնագետը աշխատանք չի գտնում և ծնողների հետ սկսում է "անիծել" պետությունը, քանի որ վերջինս շնորհաշատ "մասնագետին" աշխատանքով չի ապահովում: Հանուն արադարության պետք է նշենք, որ վերոգրյալը հարցի միայն մի կողմն է: Բանն այն է, Հայաստանում մասնագիտության փոփոխման խնդրի առջև կանգնում են նաև նրանք, ովքեր իսկապես ունեն մասնագիտական լուրջ պատրաստվածություն: Եվ սա այն պատճառով, որ իրենց մասնագիտական աշխատանքը բարձր չի վարձատրվում, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չունի զարգացման հեռանկար: Ստացվում է, որ մեր կրթական քաղաքականության, որոշ արատավոր ավանդույթների և այլնի պատճառով կրթական հաստատություններն ամեն տարի դիպլոմ են շնորհում նաև արտագաղթի ցուցանիշների թարմացմանը նպաստող ապագա գործազուրկներին, "վայ" մասնագետներին:

Վերոգրյալի համատեքստում բավականին խոսուն և ոչ պատահական են Երևանում ԲԱՐՈՄԵՏՐԻ իրականացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: Պարզվում է, որ մեր համաքաղաքացիների 56.3%-ը հնարավորության դեպքում կնախընտրեր նոր մասնագիտություն ձեռք բերել, մինչդեռ 43.7%-ը՝ ոչ: Նոր մասնագիտություն ձեռք բերելու ցանկություն չունեցողների պարագայում չի կարելի միանշանակ պնդել, թե նրանք գոհ են իրենց մասնագիտությունից և այդ պատճառով են հրաժարվում: Հնարավոր է, որ նրանց մի մասն առհասարակ անիմաստ է համարում նոր մասնագիտություն ձեռք բերելը, քանզի վստահ չէ, որ կունենա երաշխավորված աշխատանք և ցանկալի վարձատրություն: Ստացվում է, որ մասնագիտություն ունեցող երևանցիների մեծ մասն իր մասնագիտության հետ կապված խնդիր ունի, ինչը վկայում է այն մասին, որ պետությունը լուրջ անելիքներ ունի նաև այս ուղղությամբ՝ սոցիալական բողոքի հնարավոր ալիքը զսպելու, մարդկանց որակյալ կրթություն տալու և արժանապատիվ աշխատանք ապահովելու առումով: Ավելին, եթե հաշվի առնենք այն, որ հնարավորության դեպքում նոր մասնագիտություն ձեռք բերելու նախընտրություն արտահայտել են 18-ից մինչև 39 տարեկանների մոտ 75 %-ը (տե՛ս գրաֆիկ), ապա պարզ է դառնում, որ մոտավորապես ամեն 4 երիտասարդ երևանցիներից միայն մեկը չի նախընտրում նոր մասնագիտություն ձեռք բերել: 

Գրաֆիկ. Եթե հնարավորություն ունենայիք, արդյո՞ք կնախընտրեիք նոր մասնագիտություն ձեռք բերել (ըստ տարիքային խմբերի) (%)

Իսկապես մտահոգիչ ցուցանիշներ են, քանզի  լինելով պետության զարգացման շարժիչ ուժը՝ երիտասարդներն իրենք կարիքն ունեն շարժիչ ուժի, աջակցության և, ինչու ոչ, սեփական ապագայի հանդեպ հավատի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել