Panorama.am-ը գրում է․
«Առողջապահության նախարարության գերակա խնդիրներից մեկը մանկական մահացության ցուցանիշի իջեցում է: Վերջին տարիներին մենք մեծ հաջողություններ ենք գրանցել: Մասնավորապես 1990 թվականից մինչև 2013 թվականը մանկական մահացությունը նվազել է 47 տոկոսով»,- «Փրկենք հարյուրավոր կյանքեր» նախագծի շրջանակում անցկացված «Վաղածին երեխաների մոտ շնչառական դիսթրես համախտանիշի բուժման և կանխարգելման սկզբունքները» թեմայով խորհրդաժողովում` նվիրված վաղածին երեխաների համաշխարհային օրվան, ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Նրա խոսքով, չնայած գրանցած հաջողություններին, վիճակագրական տվյալների վերլուծության դեպքում մահացության իջեցմանը զուգահեռ նեոնատալ մահացությունը նորից կայուն աճի միտում է արձանագրել:
Սերգեյ Խաչատրյանի գնահատմամբ` վաղածնության խնդրի լուծման հարցում անհրաժեշտ է գիտելիքների, մարդկային և կազմակերպչական ռեսուրսների համախմբում: Նա ՀՀ առողջապահության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել բոլոր այն անհատներին ու կազմակերպություններին, մասնավորապես «Նվիրիր կյանք» հիմնադրամին, որոնց ջանքերի շնորհիվ փրկվել և փրկվում են վաղածին երեխաների կյանքեր, բարձրացվում է նաև հանրության իրազեկվածության աստիճանը:
Հանրապետությունում 2013թ. ապրիլից մինչև 2014թ. նոյեմբեր «Սուրվանտա» դեղի կիրառման շնորհիվ փրկվել է վաղածին 135 երեխայի կյանք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



