ArmnewsTV.am-ը գրում է.
Մուտքը մասնավոր տարածք ազատ է: Դարպասը բաց է, բակում էլ սեփականատերը չէ` ստուգողներն ու շինարարներն են: Հայտարարվում է` մոտենում ենք լճին: Բնապահպանության փոխնախարարը միանգամից զգուշացրեց` ջուրը զուլալ մաքուր է` չգայթակղվել: Լողասեզոնը փակվել է: Խաչիկ Հակոբյանը խոստովանում է` իրենց աշխատանքային խումբը ջուրն առաջին անգամ հուլիսին տեսավ` լացը զսպեց, հետո` լիճը նետվելու ցանկությունը:
100 քմ տարածքում եռակցման ձայն է լսվում: Պատրաստվող երկաթե հարթակը ոչ թե ցատկելու, այլ լճին մոտենալու համար է: Հորը գտնելը բարդ խնդիր էր, այն փակելը` ավելի բարդ: Ելքը չկա` կորել է բառի բուն իմաստով: Հորի խորությունը 150 մետր է: Ջրի բարձրությունը` 3-4 մետր: Քանի անգամ են անցած տարիներին ջրասույզներ եկել-նկարել, որ ելքը գտնեն, փակեն: 0 արդյունք: Այսօր ելքի փնտրտուքին վերջապես ասում են` վերջ: Գտել են: Տեղը լճի կենտրոնի ձողն է ցույց տալիս: Այդտեղից էլ դուրս է հորդում մաքուր ջուրը:
Հարցը, թե ուր է գնում այսքան ջուրը` վայրկյանում 380 լիտր, անիմաստ է: Ոչ մի տեղ էլ չի գնում: Կեղտոտվում է ու այդտեղ էլ մնում: Պատկերացնելու համար, թե ինչքան ջուր է կորում միայն այս հատվածում ամեն տարի, մասնագետն առաջարկում է` 11 տրիլիոն մեկ լիտրանոց շիշ շարել այստեղ` հենց այդքան ջուր ջուրն ենք լցնում: Դրանով Երևանի մի ամբողջ համայնք մի տարի ջուր կունենար: Այն դեպքում, երբ ջրի գինն էլ վաղուց ջրի գին չէ:
Բնապահպանության փոխնախարարը հուլիսից հետո մոռացել է, որ անասնաբույժ է: Շոկից: Հաշվիչ դարձած հեռախոսն է ցույց տալիս` հաշվարկից ցնցված է` Երևանին 5 հազար լիտր ջուր է պետք վայրկյանում: Տարեկան դա 158 միլիոն խմ է: 4 ամսում 15 հոր փակելով կամ խնայողության ռեժիմի անցնելով մոտ 560 միլիոն խմ են խնայում: 4 տարվա պաշար:
Այս տարածքում խմելու ջուրը անհայտ ուղղությամբ հոսում ու կաթիլ անգամ չի օգտագործվում 80 թվականից: Շինարարի առաջարկած բանաձևով եթե հաշվենք` շոկը միայն կավելանա: 11 տրիլիոն լիտր բազմապատկած 34 տարով: Այդքան ջուր կորցրել ենք փոքրիկ տարածքում:
Տեսանյութը՝ այստեղ