Վերլուծելով «ոչ իշխանական եռյակի» գործելավոճը կարելի է հստակ արձանագրել, որ խոստացված «թեժ աշունը» այդպես էլ գործնական տեսք չստացավ։ Ավելին, վերջին հանրահավաքից հետո «եռյակի» մարտավարությունը (ես կասեի նույնիսկ ռազմավարությունը) կտրուկ փոխվեց։ 
Հանրահավաքի ընթացքում, այլևս «եռյակի» առաջնորդ դարձած, Ծառուկյանն իր ելույթով ազդարարեց «թեժ աշնան» ավարտը։
Վերոգրյալը համարենք «ոչ իշխանականների» խոստացված «թեժ աշնան» համառոտ նկարագրություն, իսկ հիմա մի քանի դիտարկում, որոնք այլևս անշրջելի իրողություններ են։
1. «Եռյակի» առաջնորդ Ծառուկյանը վերջին հանրահավաքում ազդարարեց «համաժողովրդական շարժման գրասենյակների բացման» մասին, ինչը ուղղակիորեն նշանակում էր ՀՀ տարածքում գործող բազմաթիվ ԲՀԿ գրասենյակների անվանափոխություն և ոչ ավելին։ Ծառուկյանի այս մոտեցումը գործնականում որևէ էական նշանակություն չունեցող գործընթաց է։ Սա նշանակում էր ուղղակի ետնահանջ «ամբողջական իշխանափոխության» ծրագրից, կամ ավելի կոնկրետ սկսված գործընթացի ռազմավարության փոփոխություն, որը բնականաբար չի կարող բխել «թեժ աշնան» տրամաբանությունից։ Ի դեպ, Ծառուկյանի այս մոտեցումը դեռևս հոկտեմբերի 10-ից առաջ կանխատեսել էին մի շարք քաղաքական գործիչներ և անկախ վերլուծաբաններ։
2. ԲՀԿ շտաբների՝ «համաժողովրդական շարժման գրասենյակների» փոխակերպման մասին ազդարարելուն, տրամաբանորեն, պետք է հետևեր հանրահավաքների դադարեցման մասին հայտարարությունը, որն իրեն երկար սպասեցնել չտվեց։ Փաստացի այս քայլով Ծառուկյանը վերջնականորեն ի դերև հանեց «թեժ աշնան» բլեֆին հավատացող քաղաքացիների հույսերը։ 
3. Այս քայլերի «կործանարար» նշանակությունը բոլորից լավ հասկանում է Լևոն Տեր-Պետրոսյանը և բնականաբար Կոնգրեսի «կայծակնային» արձագանքը չուշացավ, ինչին էլ հետևեց Տ. Ուրիխանյանի «հիասթափեցնող», կամ ավելի կոնկրետ՝ ՍԹԱՓԵՑՆՈՂ պատասխանը։ 
Այսպիսով կարելի է ասել, որ ԲՀԿ-ն հասկանալով «փողոցային» պայքարում զգալիորեն զիջում է իր դիրքերը մյուս երկու խորհրդարանական ուժերին որոշեց պարզապես չֆինանսավորել այդ հանրահավաքները և իր գործընկերներին հիշեցրեց, որ «հանրահավաքներ անցկացնելը ցանկացած քաղաքական ուժի իրավունքն է և բոլորը ազատ են առանձին հանրահավաքներ անցկացնել»։ Բնականաբար Կոնգրեսն ու Ժառանգությունն էլ գիտակցում են, որ առանց ԲՀԿ-ի հանրահավաք անցկացնելը հավասարազոր է մարգինալության մասին հայտարարություն տարածելուն և լուռ համաձայնվեցին իրեն առաջնորդի թելադրած խաղի կանոնների հետ։ 
Հ.Գ. Ընդհանուր առմամբ «թեժ աշունը» սահմանափակվեց երկու «պատվիրված» հանրահավաքով, որոնց ՕԳԳ-ն քաղաքական խնդիրների լուծման համատեքստում գրոշի արժեք չունեցավ և ընդամենը սահմանափակվեց գործընթացի հանդեպ վստահություն ունեցող քաղաքացիների հիասթափությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել