Hetq.am-ը գրում է.

Խանութներում հաճախ կարելի է տեսնել «Գնված ապրանքը հետ չի ընդունվում» գրությունը։ Առաջին հայացքից սովորական թվացող այս արտահայտությունն օրենքի խախտում է։ Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը հստակ ամրագրում է մեր իրավունքները։ Մասնավորապես՝ այն սահմանում է, որ սպառողն իրավունք ունի 14 օրվա ընթացքում (չհաշված գնման օրը) «պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը հետ հանձնել, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի սահմանել»։
Իսկ ոչ պատշաճ որակի ապրանքը չընդունելու մասին խոսք անգամ լինել չի կարող։

Հագուստը հետ է ընդունվում՝ անկախ զեղչերից

 Պարզելու համար, թե ինչպես է գործում օրենքը, գնեցինք 10-20 հազար դրամ արժողությամբ երկու զգեստ` մեկը՝ Հյուսիսային պողոտայի X, մյուսը՝ «Երևան Սիթիի» հագուստի Yվաճառակետից։ «Երևան Սիթի» համապատասխան վաճառակետում փակցված գրություն կար` «Գնված ապրանքը ետ չի ընդունվում», իսկ Հյուսիսային պողոտայում գտնվող խանութի պարագայում այդ գրությունը նշված է ներքին հաշվարկի կտրոնի վրա։ Չսպասելով 14 օրվա լրանալուն՝ 2 զգեստներն էլ հենց հաջորդ օրը տարանք վերադարձնելու։ Սկզբում վաճառողները մերժեցին այն ընդունել՝ ասելով, որ ունեն «իրենց խանութի ներքին օրենքները», իսկ երբ վկայակոչեցինք գործող օրենքը, նշեցին, որ դրանից տեղյակ են, սակայն հետ վերցնել, միևնույն է, չեն կարող։ Մեր պնդումը, որ Հայաստանում աշխատելը ենթադրում է գործող օրենքներին ենթարկվել, ստիպեց մեկ այլ ապրանքի հետ փոխարինելու առաջարկ անել։ Չհամաձայնվեցինք՝ պահանջելով գումարը։ Իրենց «չուզել»-ով և մեր՝ օրենքի կետերը մեջբերելով՝ ի վերջո հաջողվեց վերադարձնել ապրանքը և ստանալ գումարը։ 

Մեկ այլ դեպքում էլ բրենդային խանութներից մեկում մեզ ասացին, որ իրենց մոտ օրենքը գործում է և վերադարձման 14-օրյա ժամկետն ուժի մեջ է, եթե ձեռք բերված ապրանքը զեղչված չէ, այլապես 14-ը դառնում է 3։ Իրականում օրենքը «ճկուն» չէ, և 14-ը մաթեմատիկական ոչ մի բանաձևով 3-ի վերածվել չի կարող։ Եվ զեղչերի դեպքում էլ կարելի է օգտվել օրենքով նախատեսված 14 օրվանից։

Պատշաճ և ոչ պատշաճ որակի տեխնիկայի հետհանձնումը

Սպառողն իրավունք ունի վերադարձնել ոչ մի թերություն չունեցող տեխնիկան, եթե այն չի օգտագործվել և պահպանված է դրա «ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները» և, բնականաբար, առկա է «առուծախի» մասին փաստող ՀԴՄ կտրոնը։
Ոչ պատշաճ տեխնիկա գնելիս սպառողն իրավունք ունի ոչ միայն պահանջել «թերությունների անհատույց վերացում», «գնի համաչափ իջեցում» կամ «նմանօրինակ նմուշով փոխարինում», այլև սահմանված ժամանակահատվածում պահանջը չկատարելու դեպքում փոխհատուցում ստանալ՝ ապրանքի գնի 1%-ի չափով ուշացման յուրաքանչյուր օրվա համար։ Ապրանքում հայտնաբերված թերություննրը պետք է վերացվեն «թերությունների վերաբերյալ սպառողի պահանջների ներկայացման օրից՝ 20 օրվա ընթացքում»։ Նորոգման ընթացքում էլ՝ 7-օրյա ժամկետում սպառողին «անհատույց պետք է տրամադրվի նմանօրինակ ապրանք»։ Եթե առաջացել է ապրանքի ոչ պատշաճ որակը ստուգելու փորձաքննության պահանջ, ապա այն կատարվում է տվյալ վաճառակետի միջոցներով։
Երբ ապրանքի թերությունն  առաջացել է սպառողի մեղքով, ապա ապրանքի փոխարինումը, առավել ևս՝հետհանձնումը հնարավոր չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել