Երկար ժամանակ է, ինչ համացանցում անընդհատ շրջանառվում է Ալան Դալես անունով ամերիկյան մի պաշտոնյայի այսպես կոչված«Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրը»(1945թ.), որը սակայն, ոմանց կողմից որակվեց որպես կեղծագիր: Անկեղծ ասած, ինքս հիմնավորումներ չունեմ այդ գրվածքի կեղծ կամ ճշմարտացի լինելը փաստելու համար, սակայն ձեռքիս տակ հայտնված մի գիրք (որի մասին նախկինում էլ խոսել եմ)` Քլայվ Լյուիսի 1941թ. հեղինակած «Բանսարկվի Նամակները» (թարգմանությունն իմն է) և հատկապես դրա 20-րդ նամակը, ինձ ակամայից հիշեցրեցին Դալեսի «կեղծագիրը»։ Ստեղծագործության սյուժեի հիմքում Բանսարկուանունով (անգլերենում` Screwtape) տարեց և փորձառու մի չարքի խորհուրդներն ու գործնական առաջարկներն են` ուղղված իր զարմիկին` երիտասարդ ու անփորձ դև Ճիվաղիկին (անգլերեն` Wormood): Ողջ խորհրդատվության ուղղվածությունը մեկն է` ենթարկյալ մարդուն տանել դեպի կորուստ և թշվառություն` հեռացնելով նրան Կյանքի Աղբյուր Քրիստոսից, Ում սուրբ անունը բարձրաձայնելուց սարսափելով` դևերը հաճախ օգտագործում են Թշնամի անվանումը:
Ահա այսպիսի դիվային մի խորհրդատվություն 20-րդ նամակում տեսանելիորեն զուգադիպում է «Ժողովուրդների կործանման մեծագույն ողբերգության ծրագիրի» հետ։ Անկախ այն բանից՝ կեղծ է այս վերջինը, թե ոչ, դրանից սատանայական ծրագիրը, որ մարդկանց միջոցով է կյանքի կոչվում, այնուամենայնիվ, հօդս չի ցնդում. այն կա և գործում է, ռեալ է ու զգալի մեր կյանքում, իսկ մենք շատ հաճախ այդ մասին չենք էլ ուզում մտածել... Այժմ՝ հատվածներ 20-րդ նամակից ազատ թարգմանությամբ։
Իմ թանկագի՛ն Ճիվաղիկ,
Մեծագույն տհաճությամբ արձանագրում եմ, որ Թշնամին ըստ ամենայնի վերջ է տվել ենթակայի ողջախոհությանն ուղղված քո ուղղակի հարձակումներին:
Դու պետք է նախատեսեիր այս և հնարավորինս շուտ կասեցնեիր։ Հիմա ենթական մի վտանգավոր ճշմարտություն է բացահայտել. նա այլևս գիտի, որ նմանօրինակ հարձակումները հավերժական չեն: Ահա այս պատճառով դու այլևս չես կարող օգտագործել մեր ամենալավ և ամենից փորձված զենքը` տգետ մարդկանց այն համոզումը, թե մեզանից ազատվելն անհնար է: Հուսամ, դու գոնե փորձել ես ենթակային համոզել որ, ողջախոհությունը վնասակար է առողջության համար:
...Եթե մենք ի վիճակի չենք օգտագործել նրա սեռական էներգիան` անբարոյականություն սերմանելու համար, ապա գոնե պետք է օգտագործենք այն համապատսխան ամուսնության համար: Հիմա մի քանի խորհուրդ այն մասին, թե ի՛նչ տիպի կանանց նա պետք է սիրահարվի, եթե իհարկե սիրահարությունից զատ մենք ոչինչ չկարողանանք մոգոնել:
...Այս հարցով, իհարկե, հիմնակնում զբաղվում են անդրշիրիմի ավելի ցածրակարգ աշխատակիցները. այս հանճարեղ վարպետները անդուլ կերպով այլասերում են այն, ինչ կարելի է անվանել ճաշակ: Նրանք այդ անում են հայտնի դերասանների ու դերասանուհիների, դերձակների, գովազդային գործակալների և բոլոր նրանց միջոցով, ովքեր, այսպես ասած, կանխորոշում են նորաձևությունը:
...Տղամարդկանց ճաշակը մի ժամանակ մենք ուղղում էինք դեպի գեղեցկության ավելի վեհ ու արիստոկրատիկ տեսակը` տղամարդկային սնապարծությունը խառնելով տարփանքի հետ և դրդելով մարդկային ցեղին բազմանալ հիմնականում հույժ մեծամիտ և վատնող կանանց միջոցով: Այնուհետ մենք պաշտամունքային դարձրեցինք կանանց չափից դուրս կանացի տեսակը` թուլակամ և վտիտ, ինչի շնորհիվ հիմարությունը, երկչոտությունն ու կեղծիքը կարծես վերածվել էին դրական հատկանիշների: Հիմա մեր առջև այլ առաջադրանք է. վալսի ժամանակին փոխարինելու է եկել ջազի ժամանակը, և մենք հիմա տղամարդկանց սովորեցնում ենք սիրել այնպիսի կանանց, որոնց դժվարությամբ կտարբերես տղեկներից: Քանի որ գեղեցկության այս տեսակը մյուսներից արագ է թոշնում, մենք ավելի կսրենք կանանց արմատացած վախը ծերության հանդեպ, կնվազեցնենք երեխա ունենալու ձգտումն ու ունակությունը: Բայց սա ամենը չէ: Մեր շնորհիվ հասարակությունն այժմ իրեն մերկանալու ավելի մեծ ազատություններ է թույլ տալիս գեղանկարչության մեջ, բեմի վրա, լողափում: Այս ամենը, իհարկե, շինծու է. մարմինները ամենահայտնի կտավներում աղավաղված են, կանայք լողազգեստների մեջ՝ սեղմված ու ձգված, որպեսզի ավելի սլացիկ և նրբիրան երևան, քան այդ թույլատրում է կանացի հասունությունը:
Սա ընդհանուր ռազմավարություն է...