Բոլոր նրանք, ովքեր հոգնել էին հայկական լացակումած սերիալներից, սպասում էին երիտասարդական, թեթև, առանց կրակոցների, վրեժի և ռաբիզության նախագծի: Ներկայումս ամենառեյտինգային հեռուստասերիալներից մեկի՝ «Ֆուլ Հաուս» սերիալի գլխավոր աստղ Արփինե Գաբրիելյանն այսօր նշում է իր ծննդյան օրը, բայց մինչ շնորհավորելը Արփիներին, ուզում եմ Ձեզ հետ միասին վերլուծել, թե ինչու տարիներ շարունակ լինելով շոու-բիզնեսում` միայն այսօր Արփինեն կարճ ժամանակահատվածում, շնորհիվ հենց այս սերիալի դարձավ երիտասարդների գլխավոր կուռքը:
Դեռ 10 տարի առաջ բոլորը, նույնիսկ ես, անվերջ կարող էինք լսել հայկական ռոմանտիկ բալլադներ...«Ներիր Ինձ», «Դու հեռացար», «Աղաչում եմ մի ճար արա» վերնագրերով երգերն ամենուր էին, իսկ դրանց կատարողները թիվ 1 կուռքերն էին ոչ միայն երիտասարդ, այլև հասուն սերնդի շրջանում: Սակայն այսօր, միգուցե շնորհիվ մոբայլ դարի, միգուցե դեպի դուրս բացված ավելի լայն պատուհանի, նկատած կլինեք, որ շատերը հոգնել են դեպրեսիվ և «պատուհանի մոտ կանգնած՝ ասպետին սպասող տունը մնացած աղջկական» երգերից: Օրինակ՝ այսօր երգիչ Էրիկի նոր տեսահոլովակի պրեմիերան էր, ոչ մի ռաբիզություն, ոչ մի հայեցի կադր, իսկ համացանցում միայն դրական արձագանքներ են, այսինքն՝ մարդիկ փոխում են իրենց տեսակետը, իհարկե, ոչ բոլորը: Նոր սերունդն ընտրում է ավելի նորաոճ, երկնային կերպար, որը նման է հենց իրենց. եթե մի քանի տարի առաջ երիտասարդները երկրպագում էին արտիստներին` համարելով վերջիններիս իրենց կուռքեր, ապա այսօր նույն երիտասարդները սոցցանցերում բառացիորեն մրցում են նույն արտիստների հետ, թե իրենց լուքերով, թե իրենց ճանապարհորդություններով, շոփինգներով և թե իրենց աշխատանքներով։ Ինտերնետը շատերին օգնեց դառնալ օնլայն-արտիստներ, նկարիչներ, ֆեշն ոճաբաններ... և պարզապես գեղեցիկ աղջիկներ և տղաներ, ում կարելի է հետևել.... Եկեք անկեղծ լինենք, հայուհու կերպարը վաղուց փոխվել է, ուզենք թե չուզենք։ Թեթև պլաստիկ միջամտություն, վառ դիմահարդարում, ընդգծված շուրթեր, բարբիատիպ սելֆիներ, մի՞թե սա չէ այսօրվա իրականությունը, և պետք չէ ասել, թե միայն Ինստագրամի սելֆիներով չի որոշվում ակտուալությունը, այսօր սոցցանցերն իշխում են ողջ աշխարհում: Արփինե Գաբրիելյանը, ում ես ինքս հետևում եմ մոտ 8 տարի, շոու-բիզնեսում փորձել է իր ուժերն ամեն կերպ. նա նկարահանվում էր տեսահոլովակներում, թողարկում իր տեսահոլովակները, վարում էր հեռուստանախագծեր, համերգներ... Սակայն ճանաչելով նրան անձամբ` հիմա արդեն պետք է խոստովանեմ, որ Արփինեն երբեք իրական Արփինեն չէր էկրանին, իսկ այն կերպարը, որն անկեղծ չէ, չի կարող ընդունվել հանրության կողմից.. Եվ միայն այս տարի, երբ Արփինեն հայտնվեց «Ֆուլ Հաուս» սերիալում, կարելի է ասել հենց ինքն իր դերում՝ սելֆիասեր գեղեցկուհու, նոր դարի հայուհու կերպարում, ով չի վախենում լինել անկեղծ, հեգնանքով և թիթիզ, սերիալի ընդամենը 5 թողարկումից հետո միանգամից բարձրացրեց իր հանդեպ հետաքրքրությունը: Նրա լուսանկարները համացանցում լայքվեցին 5 անգամ ավելի շատ, կարծիքները բացառապես դրական են, իսկ տարբեր բնույթի միջոցառումների կազմակերպիչները վարողի ընտրության հարցում առաջինը հարցնում են. կարո՞ղ ենք պայմանավորվել այն սերիալի գեղեցկուհու հետ: Թե դեպի ուր կշարժվի Արփինեն կարիերայի աստիճաններով, դեռ պարզ չէ, սակայն այսօր` նրա ծննդյան օրը, ես որոշեցի վերհիշել որոշ ելույթներ, ֆոտոնկարահանումներ և միջոցառումներին ներկայացած լուքեր, որոնք շատերը միգուցեև կդիտեն առաջին անգամ....
ԵԼՈՒՅԹՆԵՐԸ
2011 թ. Արփինեն երբեք չէր վախենում համարձակ կերպարներից: Նա, իրոք, գեղեցիկ կառուցվածք ունի, և հատկապես կարճ զգեստները Արփինեին պարզապես նախանձելի գեղեցկուհի էին դարձնում: Ահա երկու կատարում իմ հին շոուներից, այստեղ նա երգում է Ռիաննայի հիթը...
Իսկ ահա այստեղ արդեն Նիկ Եգիբյանի հետ՝ Բրիտնի Սփիրսի հիթը... Ի դեպ, երգը սովորել էին 1 օրում... Շոուի կոնցեպտն այդպիսին էր՝ համաշխարհային ակումբային երգեր.... Ավելի ուշ հենց այս լուսանկարն է հայտնվում ֆեյսբուքյան գովազդներում «ՍԿԱՆԴԱԼ! Ինչպես են հայուհիները տժժում Մոսկվայում» վերնագրով, այն դեպքում, երբ սա 2012 թ.-ին Կամի ակումբում տեղի ունեցած իմ հեռուստածրագրի նկարահանումներն են:
ՖՈՏՈՇԱՐՔԵՐԸ
Ամենաառաջին այսպես ասած բեմելը հենց եղել է մոդելի կարգավիճակում՝ Վահրամ Պետրոսյանի տեսահոլովակում: Արփինեն մշտապես տարբեր լուսանկարիչների կողմից հրավիրվում էր մասնակցելու ֆոտոնախագծերի, որոնցից մի քանիսի մասին ես արդեն գրել էի... Վերևում դուք տեսնում են նրան` իմ և Վահան Խաչատրյանի ՊԱՐՖՅՈՒՄ ֆոտոնախագծում, որի բեքսթեջը կարող եք դիտել ահա այստեղ:
Սա ԱՄՆ-ում նկարահանված AZATURE բրենդի շարքն է, որն ամբողջությամբ կարող եք տեսնել ահա այստեղ....
Վերջին ֆոտոշարքը FAINA բրենդի համար լուսանկարիչ Կարեն Խոնթյանից....
Նոր կերպարում Արվին Քոչարյանի ֆոտոխցիկի առջև...
Իսկ սա PRIME ամսագրի 3D ֆոտոշարքից է, որտեղ Արփինեն դեռ շիկահեր է...
Ամենահետաքրքիր նկարահանումներից մեկը տեղի ունեցավ նախորդ տարի, ֆրանսիական INCH KA ամսագրի լուսանկարիչը, ով Երևանում էր, լուսանկարեց Արփինեին ահա այս կերպ...
ԿԱՐՄԻՐ ԳՈՐԳԻՆ
Եվ կրկին... սլացիկ ոտքեր, սպանող հայացք, բնական, բայց ընդգծված շրթունքներ երևանյան բեմերում, կարմիր գորգերին և ամերիկահայ հանդիսատեսի առջև արդեն երկրից դուրս.... Մի՞թե այսպիսին չէ ներկայիս երիտասարդության ընտրությունը: Հասանելի անհասանելիություն, նամուսով սեքսուալություն և որ ամենակարևորն է՝ անկեղծություն և բնական կեցվածք, որն այնքան պակասում է շատերին...