Շնորհավորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ղեկավարությանը, տարբեր տարիների շրջանավարտներին և ուսանողներին՝ բուհի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Յուրաքանչյուր հոբելյան նշանակալի իրադարձություն է՝ անցած ուղին վերաարժևորելու, իրական ձեռքբերումները բարձրաձայնելու և նոր հեռանկարներ նախանշելու համար:

Հայրենական մեծ պատերազմի դժվարին տարիներին արվեստի բարձրագույն ուսումնական հաստատության ստեղծումը մեր ժողովրդի հարատևման, արվեստի և մշակույթի նկատմամբ վերաբերմունքի լավագույն ապացույցն է:

Մեծ է եղել ուսումնական հաստատության ներդրումը հայ թատրոնի և կինոյի պատմության մեջ. բավական է ընդամենը նշել՝ Վավիկ Վարդանյան, Արմեն Գուլակյան, Վարդան Աճեմյան, Մետաքսյա Սիմոնյան, Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան... Անուններ, որոնցից յուրաքանչյուրը ոչ թե սոսկ մարդկային ճակատագրեր են, այլ սերունդներ կրթած և հայ մշակույթի պատմության մեջ անջնջելի հետք թողած խորհրդանիշներ:

Բազմամյա ավանդույթներին հավատարիմ՝ այսօր ինստիտուտը շարունակում է պատրաստել մասնագետներ, ովքեր հաջողությամբ աշխատում են արվեստի տարբեր ոլորտներում և իրենց աշխատանքով միջազգային հանրությանն են ներկայացնում հայ մարդու նկարագիրն ու ստեղծագործ մտքի թռիչքը: Այս ուսումնական հաստատությունում են խաչվում ավանդականն ու ժամանակակիցը, միջազգայինն ու ազգայինը, նորարարությունն ու պահպանողականը, ակադեմիականն ու փորձարարականը՝ հավաստելով մեր ժողովրդի՝ գեղեցիկն արարելու անսպառ ներուժը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորին, մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել