Magaghat.am-ը գրում է․
Հայտնի գրողն ու թարգմանիչը սերտորեն կապված էր սփյուռքի հետ և ցանկացած առիթով աջակցում էր այդ լսարանի համար աշխատող լրագրողներիս: Պատահում են, չէ՞, մարդիկ, ովքեր իրենց գինն իմանալով` լրատվամիջոցներին նույնիսկ մեկ բառ են խնայում, կարծելով, թե դրանով մնում են իրենց անհասանելի գահին: Նա` ընդհակառակը, սիրում էր կարծիքն ու տպավորությունները լիաբուռն բաշխել, թեև հայտնի էր, որ անդադար աշխատում է, գրական ու թարգմանական կոթողային երկեր ստեղծում:
Հիշում եմ` ինչպես հրճվեց, երբ ասացի, որ ամենասիրելի գրքերիցս մեկը «Բնիկ ո՞րտեղացի եք» ժողովածուն է: Խոստովանեցի, որ հատկապես Գոհար Գասպարյանին եմ պաշտում, նրա կյանքի ոչ մի մանրուք ինձ անտարբեր չի թողնում, իսկ իր գրքում գրեթե ամեն ինչ գրված է` որտեղ է ծնվել Հայաստանի սոխակը, ծնողներն ովքեր են, ինչպես է երգչուհին դարձել, հայրենիք վերադարձել, հաջողության հասել:
Անմիջապես հետաքրքրվեց` երգչուհու հետ ծանո՞թ եմ:
– Եթե ոչ` ես դա կկազմակերպեմ, նա հիանալի մարդ է, իսկ իր երկրպագուներին նույնչափ երկրպագում է, սա չափազանցություն չէ: Այ, կծանոթանաք` կհամոզվես:
Որքան էլ բացատրեցի, որ գերադասում եմ իմ կուռքերից հեռավորություն պահպանել` չհանգստացավ: Ասաց, որ մի բան հաստատ գիտի` չեմ հիասթափվի (հետաքրքիր է, որ Կարպիս Սուրենյանին վերջին անգամ հանդիպեցի Գոհար Գասպարյանի թաղման օրը` Օպերային թատրոնի ճեմասրահում):
Այդուհանդերձ Սուրենյան մտավորականին առավելապես հարգում եմ անգլիական գրականության գլուխգործոցներից մեկի` Գոլսուորդիի «Ֆորսայթների պատմությունը» բազմահատորի բարձրարժեք թարգմանության համար: Երբ նա համոզվեց, որ ես գիրքն ամենայն մանրամասնությամբ ընթերցել ու յուրացրել եմ` ստեղծագործական մի մեծ դուռ իմ առջև բացեց:
– Շատերին թվում է, թե մեծ գործ չեմ արել, ընդամենը Գոլսուորդիին հայացրել եմ: Ասված խոսք է, չէ՞, Թումանյանը Պուշկինին հայացրել է: Բայց հայացնել վեց հատոր… դա տաժանակրություն է:
- Կարդալիս ես միայն բավականություն էի զգում, տեղ-տեղ դա զմայլանքի էր փոխվում, մանավանդ երբ հասնում էի Մեծ Ջոլիոնի կերպարին, անչափ տպավորիչ է նրա մայրամուտի նկարագրություը,-ջերմ-ջերմ հաճոյախոսեցի ես:
– Այո, դա հոյակապ կերպար է, վիթխարի երևույթ թե գրականության մեջ, թե թարգմանական արվեստում: Հիմա ես կարող եմ ասել, որ այդպիսի արվեստ ստեղծել եմ:
Չգիտեմ` ինչու էր խորամանկորեն ժպտում, երևի մի գաղտնիք էր թաքցնում:
- Անգլերենն իրո՞ք այդքան շքեղ լեզու է,-հարցրի` ենթադրելով, թե նրա առեղծվածային ժպիտը դրա հետ առնչություն ունի: Միանգամայն անսխալ կռահում:
– Իհարկե, անտարակույս չքնաղ լեզու է, բայց ոչ հայերեն թարգմանվելու համար: Անգլագիրները, այդ թվում ամերիկացիները, չեն սիրում բառախաղեր անել, մտքերն անօգտագործելի բառերով ծանրաբեռնել: Ընդհակառակը` պարզ լեզուն են սիրում, այնքան պարզ, որ նույնիսկ իրենց նեղություն չեն տալիս հոմանիշներ փնտրել: Առանց բարդույթի կարող են նույն բառը, նույն արտահայտությունը բազմաթիվ անգամներ կրկնել: Բայց մենք հո գիտենք հայ ընթերցողին` նա պերճ բառապաշար է սիրում, բարձր ոճ, նորանոր արտահայտություններ … Բացի դրանից` ուրիշ հանգամանք կա` բուն անգլերենի հոմանիշների հակասականությունը, դրանց միջև սար ու ձորի տարբերություն կա, պետք է ամենահարկավորն ընտրես:
- Այսինքն դուք ավելի շատ զբաղվում էիք հոմանիշների փնտրտուքո՞վ: Անհավատալի է, այդքան գեղեցիկ, համոզիչ, բնական …
– Այսպիսի խոսքեր լսելու համար, հարգելիս, արժեր տառապել:
Ես իմ անկեղծ կարծիքն էի հայտնում` լավ իմանալով, որ Կարպիս Սուրենյանի թարգմանությամբ ամբողջ Հայաստանն է հիանում: Թեև մինչև օրս էլ կասկածում եմ, որ թեկուզ մեկ անգլիացի երբևէ կկարողանա այդ բացառիկ արժեքը գնահատել: Իսկ որ անգլերենը հայացնելը բարդագույն, գրեթե վերաշարադրելուն հավասար գործ է` համոզվեցի Ջեյն Օսթինի «Հպարտություն և նախապաշարմունք» հայտնի վեպի թարգմանությունը խմբագրելիս: Լավ էր, որ թարգմանողը քույրս էր` Արմենուհին և մենք ի սկզբանե հոմանիշների հարցում համաձայնության եկանք` դրանք պետք է հասցեագրված լինեն հայ խստապահանջ ընթերցողին, այսինքն բառապաշարը պետք է լինի հարուստ, լեզուն` ճկուն: Ի դեպ Արմենուհին ժամանակին խմբագրել է Սարոյանի «Ձեռնամարտ ի սեր Հայաստանի» ժողովածուի հայերեն թարգմանությունը և ասում է, որ անգամ մեծն Սարոյանի անգլերենը զերծ չէ բառերի կրկնություններից:
Այնպես որ անգլիական գրականութան հայ ընթերցողները պետք է պատշաճը հատուցեն թարգմանիչներին, քանի որ նրանք անգնահատելի գործ են անում: Թարգմանիչների շարքում Կարպիս Սուրենյանն անկասկած կաճառականի տիտղոս է վաստակել, ավելին նա ստեղծել է դպրոց` բազում տաղանդավոր հետևորդներով:
Ամբողջին, ինչը նա տիտանական աշխատանքով կերտել է, հարկ է գումարել նաև Ֆ.Դոստոևսկու «Կարամազով եղբայրների» հայերեն աննման թարգմանությունը: Հիրավի, Առանց Սուրենյան-հրաշագործի մեր գրական անդաստանը շատ համեստ կլիներ: