Ճշմարտությունն այն է, որ մարդը մեկուսացած էակ չէ, նա տիեզերքի մասն է, և միայն դա գիտակցելով է, որ նա մեծ է դառնում։ Նույնիսկ ամենաչարակամ եսամոլը, երբ չարագործելու հնար է փնտրում, ստիպված է ընդունել այս ճշմարտությունը, քանզի չի կարող անտեսել այն և պահպանել իր ուժը։ Այսպիսով, որպեսզի օգնության կանչի ճշմարտությանը, եսամոլությունը պիտի ինչ-որ չափով անշահախնդրություն դրսևորի։ Ավազակախումբը պիտի բարոյականության ինչ-ինչ պահանջներ պահպանի, որպեսզի խումբ մնա. նրանք կարող են թալանել ամբողջ աշխարհը, սակայն ոչ միմյանց։ Որպեսզի անբարո մտադրությունը իրագործվի, այն պետք է զենքի ինչ-որ չափաբաժին փոխ առնի բարոյականության զինանոցից։ Իրականում, հաճախ հենց մեր բարոյական ուժն է մեզ հնարավորություն տալիս հաջողությամբ չարագործել, ուրիշներին շահագործել օգուտ ստանալու, զրկելու նրանց օրինական իրավունքներից: Կենդանիների կյանքում բարոյականության հասկացություն չկա, նրանք ըմբռնում են միայն ներկան, մարդու կյանքը կարող է անբարոյական լինել, բայց դա լոկ այն է նշանակում, որ նա պիտի բարոյական հիմք ունենա։ Այն, ինչը անբարոյական է, իրականում անբավարար բարոյականն է, չէ՞ որ ստի մեջ էլ ճշմարտության մաս կա, այլապես այն չէր կարող նույնիսկ սուտ կոչվել։ Մարդկային եսամոլությունը դրսևորվում է, երբ նա սկսում է ըմբռնել իր կախվածությունն աշխարհից, ինչ-ինչ նպատակներ է փայփայում, երբ հասկանում է, որ եսամոլության թելադրած գործողությունները վարքի որոշակի զսպվածություն են պահանջում։ Եսամոլը, հոգ տանելով իր սեփական բարօրության մասին, հաճույքով նետվում է հոգսերի մեջ, անտրտունջ դիմանում կարիքներին ու զրկանքներին, քանի որ գիտի. կանցնի ժամանակը և այսօրվա դառնությունը վաղը կվերածվի երջանկության։ Այն, ինչը մեր ներսի փոքր մարդուն կորուստ է թվում,– հաջողություն է խոստանում մեծին և հակառակը։

Ռաբինդրանաթ Թագոր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել