Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը NEWS.am Sport-ի թղթակից Վերա Մարտիրոսյանին տված հարցազրույցում պատմել է իր վնասվածքի լրջության մասին, ինչպես նաև անդրադարձել մեր ընտրանու` Իտալիայի դեմ առաջիկա հանդիպմանը:

 - Լևոն, որքա՞ն է լուրջ վնասվածքդ։ Ե՞րբ ես վիրահատվելու:

 - Շատ լուրջ վնասվածք եմ ստացել: Վնասվել է ծնկահոդի խաչաձև կապանը, նաև մեջի ջիլը: Այսօր պետք է մեկնեմ Մյունխեն, վաղը կհանդիպեմ բժիշկի հետ և հաջորդ շաբաթ կվիրահատվեմ: Նախնական հետազոտություններն ի՞նչ են ցույց տալիս։

 - Ինչքա՞ն ժամանակ չես կարողանա խաղալ:

 - Առնվազն կես տարի չեմ կարողանա խաղալ` դա լավագույն դեպքում:

 - Ինչպե՞ս քո թիմում ընդունեցին այդ վատ լուրը:

 - Բոլորը շատ էին տխրել ու քաջալերում էին ինձ:

 - Ի՞նչ ես կարծում՝ մրցակիցը միտումանավոր հասցրեց քեզ այդ վնասվածքը, թե դա խաղային իրավիճակ էր:

 - Դա խաղային դրվագ էր: Ինչ-որ հատուկ բան չկար: Պարզապես նրանց խաղից երևում էր, որ նրանք մեր դեմ հակախաղը փորձում էին խախտումներով կազմակերպել՝ այդպիսով չթողնելով մեզ խաղալ մեր խաղը: Իսկ իմ վնասվածքի մեջ լուրջ միտում չեմ տեսնում:

 - Իտալիայի խաղին մեծ կորուստներ ունենք և հատկապես ձախ եզրում:

 - Իմ կարծիքով մեր թիմն այնքան ուժեղ է և այնքան շատ լավ խաղացողներ ունի, որ կարող է շատ լավ հանդես գալ, և ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել Իտալիային:

 - Մի քանի հանդիպում է հավաքականի խաղում անկում է նկատվում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

 - Մենք պետք է հասկանանք, որ մրցակիցը մեզ արդեն առաջվա պես չի նայում: Նրանք մեր խաղը նայել են, ուսումնասիրել են: Հասկացել են, որ մենք սիրում ենք խաղալ հակագրոհներով: Անցյալ տարի մենք շատ գոլեր խփեցինք հենց այդպես խաղալով: Դրա համար էլ մեր դեմ խաղում են խախտումներով: Մենք պետք է ինչ-որ ձև գտնենք նրանց այդ խաղաոճին դիմակայելու համար:

 - Ինչո՞ւ մեր տղաները հոգեբանորեն պատրաստ չէին սադրանքներին:

 - Միշտ էլ դժվար է, երբ տեսնում ես, որ քո դեմ այդքան խախտումներ են անում և մրցավարն էլ այդքան էլ արդար չի վարում խաղը: Բոլորս էլ գիտենք, որ տղաներից ոչ ոք չէր ցանկանում՝ նման բաներ տեղի ունենային: Գևորգ Ղազարյանը հաստատ չէր ցանկանա թիմին վնաս տալ, դա ուղղակի նյարդային պահեր էին: Այս խաղից պետք է հետևություն անենք, որ սադրանքների զոհ այլևս չդառնանք:

 - Ի՞նչ կասես այդ խաղում հայ երկրպագուների մասին:

 - Շատ հաճելի էր տեսնել այդքան շատ հայերի մարզադաշտում: Շատ լավ աջակցում էին մեզ: Նրանք միշտ մեր կողքին են, ափսոս չկարողացանք ուրախացնել նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել