
Ամերիկյան Միսսուրի նահանգի նահանգապետ Ջեյ Նիքսոնը արտակարգ դրություն և Ազգային գվարդիայի մոբիլիզացիա է հայտարարել։ Պատճառը ոստիկան Դարրեն Ուիլսոնի նկատմամբ կայացվելիք դատավճիռն է, որը կարող է նոր դժգոհությունների ալիք բարձրացնել։ Դատապարտյալ ոստիկանը մեղադրվում է ձերբակալելու փորձի ժամանակ 18–ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին սպանելու մեջ։ Դեպքը տեղի է ունեցել 2014 թ.–ի օգոստոսի 9–ին, Սենտ Լյուիսի արվարձան Ֆերգյուսոնում։
Նահանգապետը հստակեցրել է, որ գվարդիականները կօգնեն դաշնային և տեղական ոստիկաններին, ինչպես նաև կկանխեն դատավճռի հայտարարումից հետո սպասվելիք անկարգությունները։ Սենտ–Լյուիսի դատախազությունից հայտնում են, որ լսումների կոնկրետ օր նշանակված չէ, բայց այն, ամենայն հավանականությամբ, կլինի նոյեմբերի վերջին։
Ոստիկանության աշխատակից Դարրեն Ուիլսոնը 2014 թ.–ի օգոստոսի 9–ին Ֆերգյուսոն փոքրիկ քաղաքում գնդակահարել էր 18–ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունին` ձերբակալության փորձի ժամանակ։ Ականատեսների մեծ մասը պնդում է, որ ոստիկանի և դեռահասի միջև վեճ է ծագել։ Օրենքի ծառան սկսել է կրակել Բրաունի վրա նույնիսկ այն բանից հետո, երբ վերջինս ձեռքերը վեր էր բարձրացրել։ Ոստիկանության վարկածով՝ Բրաունը ինքն է հարձակվել ոստիկանի վրա, ինչը հավաստում են ականատեսները։
Դեպքը դժգոհությունների լայն ալիք էր բարձրացրել տեղացիների մոտ և ցույցերի տեսքով շարունակություն գտավ ինչպես Ֆերգյուսոնում, այնպես էլ ամբողջ նահանգում։ Քաղաքի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ էր օգտագործել` ցուցարարներին ցրելու համար։ Դրանից հետո արտակարգ դրություն էր հայտարարվել և պարետային ժամ մտցվել։ Գործը քննվեց ինչպես տեղական ոստիկանության, այնպես էլ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից։
Մայքլ Բրաունի հուղարկավորությունը տեղի ունեցավ օգոստոսի 25–ին` մահվանից 16 օր անց։ Հրաժեշտի արարողությանը ներկա էին նաև Սպիտակ տան 3 ներկայացուցիչ։ Թաղման ծախսերն ամբողջությամբ հոգացել էին իրավապաշտպանները։ Սպանության շուրջ ստեղծված իրավիճակն էլ ավելի սրեց երկրորդ նմանատիպ դեպքը, որը փաստացի կրկնում էր առաջինին։ Հոկտեմբերի 10–ին, Սենտ Լյուիսում ոստիկանը գնդակահարեց 18–ամյա աֆրոամերիկացի դեռահաս Վոնդերրիթ Մայերս Կրտսերին։ Ոստիկանությունը պնդում է, որ դեռահասն առաջինն է կրակ բացել, իսկ նրա հարազատները պնդում են, որ զոհվածը անզեն է եղել։


.jpg&container=blogger&gadget=a&rewriteMime=image%2F*)








