ArmnewsTV.am-ը գրում է.
Գայլերը որսն ավարտեցին դաշտերում, անտառներում, գյուղերում ու հասան Երեւան` Արաբկիր: Նախօրեի գիշերը հատկապես ծանր էր Արաբկիրի բնակիչ Սամվել Փափազյանի 40 ոչխարների համար: Քանաքեռի լճի հարակից տարածքում նախկին ազատամարտիկ Սամվել Փափազյանը վերջին երեք տարվա ընթացքում ոչխար էր պահում: Մոտ 1 ու կես միլիոն դրամ վարկ էր վերցրել, դրան ավելացրել ընտանիքի գումարները, բայց մի գիշերվա ընթացքում այդ ամենը գայլի բաժին դարձավ:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը դեպքից հետո խոստացել է ընտանիքին 10 հղի ոչխար տալ եւ վճարել վարկի տոկոսները: Վարչական շրջանը չունի հատուցման ֆոնդ, որից փոխհատուցում կտրվեր գայլերից տուժած բնակիչներին: Վերջին շրջանում ոչ միայն գայլերի հարձակումն է հաճախակիացել, այլեւ աշխարհագրությունն է ընդլայնվել ու ռիսկային գոտիներն են ավելացել: Մոտ մեկ ամիս առաջ գայլերը հարձակվել էին Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի կենտրոնում գտնվող անասնագոմի վրա ու հոշոտել 180 ոչխար:
Դեպքից գրեթե մեկ ամիս անց բազմազավակ ընտանիքը որեւէ օգնություն, կամ փոխհատուցում չի ստացել, միայն Գյուղատնտեսության նախարարը մեկ հղի երինջ է խոստացել որպես նվիրատվություն, իսկ Գեղարքունիքի մարզպետարանը գրեթե 3 միլիոն դրամ կորցրած ընտանիքին 50 հազար դրամ տրամադրելու խոստում է տվել: Գյուղնախարարությունը նույնպես չունի գայլերի հարձակումից տուժածների փոխհատուցման ֆոնդ, Բնապահպանության նախարարությունը ստեղծել է գայլ ոչնչացնողներին պարգեւատրելու ֆոնդ, բայց գայլերից գյուղատնտեսական ապահովագրություն չկա: Հենց այդ պատճառով գայլերի հարձակումից տուժածները մնում են բարերարների հույսին:
Տեսանյութը՝ այստեղ