Cosmo.am-ը գրում է․
Թվում է բարդ ոչինչ չկա: Մեկ-երկու սեղմում սրվակի գլխամասին, և, ահա ողջ գործընթացը: Պարզից էլ պարզ է: Համաձայն եմ, բարդ ոչինչ չկա, սակայն կան նրբություններ, այսպես կոչվող օծանելիքի օգտագործման էթիկետ, որին հետևելու դեպքում կարող ես լինել վստահ` քո օծանելիքը կբուրի առավելագույնս ճիշտ ու երկարատև: Եվ այսպես, բացում ենք գաղտնիքները.
Գաղտնիք համար 1
Օծանելիքը միշտ օգտագործիր մաքուր մաշկի վրա: Դա առանցքային կանոն է, որի մասին բազմիցս լսած կլինես: Բայց հանգամանքները երբեմն թույլ չեն տալիս, և աչքերդ փակում ես այս տաբուի վրա: Այնուամենայնիվ, եթե «կենսական» անհրաժեշտություն է այդ պահին կիրառել օծանելիք, ապա կարող ես խոնավ սպիրտային անձեռոցիկով (իհարկե ոչ բուրավետ) սրբել այն հատվածը, որտեղ ուզում ես տարածել բույրը:
Գաղտնիք համար 2
Ոչ մի դեպքում մի շփիր օծանելիքը մաշկի վրա տարածած հատվածում: Ամենահաճախ թույլ տրվող սխալն է: Բազմիցս նկատել եմ, երբ խորհրդատուն ցանում է բույրը հաճախորդի դաստակին, վերջինս սկսում է իրար շփել դաստակները, իբրև թե այդպես բույրը կբացվի: Պարֆյումերները շատ «գռեհիկ» քայլ կանվանեին դա: Այդպես դու կարող ես« վնասել» բույրը` խառնելով նոտաները, որոնք հերթականությամբ բացվելու փոխարեն կմիախառնվեն և կփոխեն իրենց հնչեղությունը:
Գաղտնիք համար 3
Եթե սիրում ես բույրը տարածել հագուստիդ վրա, հիշի՛ր, որ այն առավել ներդաշնակ է արտահայտվում բնական գործվածքների վրա` վուշ, բամբակ., մետաքս... Օծանելիքը կարող է նաև հետքեր թողնել հագուստի վրա, անգամ գունաթափել մորթին: Այդ պատճառով զգեստդ օծիր ներսի կողմից` կարերի և ուսերի տակի հատվածներում:
Գաղտիք համար 4
Այսօր նորաձև չէ կրել նույն բույրը ողջ օրվա ընթացքում: Առավոտյան և ցերեկը կարող ես նախապատվությունը տալ նուրբ, թեթև, ոչ շատ տարածվող բույրերին, իսկ երեկոյան` ցնցուղ ընդունելուց հետո, կարող ես կրել ավելի հարուստ, գայթակղիչ և խորհրդավոր բույրեր:
Գաղտնիք համար 5
Աշխատիր չխառնել տարբեր խմբի բույրեր` արևելյան, ցիտրուսային, ծաղկային և այլն: Ցանկալի է, որպեսզի օծանելիքը, մարմնի լոսյոնը, դեոդորանտը և մնացած խնամքի բուրավետ պարագաները լինեն նույն սերիայից: Եթե դա հնարավոր չէ, կարող ես հավելյալ բուրավետ պարագաներն ընտրել թույլ, ոչ արտահայտիչ բույրով, որպեսզի դրանք «չխանգարեն» օծանելիքի բույրին:
Գաղտնիք համար 7
Ունես օծանելիքի նախանձելի հավաքածու և վախենո՞ւմ ես, որ երկար ժամանակ պահվելուց կկորցնեն իրենց իրական բույրը: Կամ` օծանելիքը հազվադեպ ես կիրառում և միտք ունես մեկ սրվակը հարատև՞ օգտագործել... Խնդրի լուծումը հետևյալն է. սրվակը պահիր փակ տուփի մեջ, մութ դարակում: Այսպես սպիրտի օքսիդացումը և յուղի քիմիական տարրերի փոփոխությունը թթվածնի ներգործությունից շատ ավելի դանդաղ կընթանա, և կկարողանաս պահպանել օծանելիքը 3 և ավելի տարիներ:
Գաղտիք համար 8
Իսկ ո՞ր հատվածում է ավելի նպատակային տարածել բույրը: Մարմնի որոշ հատվածներում ջերմությունն աննշան ավելի բարձր է: Դրանք երակների հատվածներն եմ` դաստակներ, պարանոց, ծնկի ետևի հատված, առավել երկար է բույրը պահպանվում մազարմատներում, բայց զգույշ, հաճախակի կիրառումը կարող է վնասել վարսերդ, քանի որ օծանելիքը սպիրտ է պարունակում: