ArmnewsTV.am-ը գրում է․
Մեկ դար առաջ կառուցվեց և հիմա նորոգվեց: Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն եկեղեցին Կալիֆոռնիայի առաջին Հայ առաքելական եկեղեցին է: Այն կառուցվել է 1900-ականների սկզբին, սակայն ամբողջովին այրվել էր 1913-ին: Սուրբ Երրորդության այս շենքը կառուցվեց 1914-ին: Ամբողջովին նորոգվեց 100 տարի անց: Աղոթատեղին ընդգրկվել է պատմական ժառանգության ամերիկյան ազգային ցուցակ: Ու հենց դրա շնորհիվ է, որ եկեղեցին զանգերը բարձր հնչեցնելու բացառիկ իրավունք ունի:
Սուրբ Երրորդություն եկեղեցին ամերիկյան Արևմտյան ափի ամենահին եկեղեցիներից է: Վիլյամ Սարոյանն էր այստեղ հաճախ լինում: Հիմա էլ, ավելի քան 110 տարվա պատմություն ունեցող հայկական համայնքի ներկայացուցիչներն են փորձում բաց չթողնել կիրակնօրյա պատարագը:
1915-ի ցեղասպանությունից փրկված սուրբ գրքեր, ջահեր ու նկարներ եկեղեցուն նվիրել են բարերարները: Նրանց շնորհիվ էլ եկեղեցին նորոգվել է: Բարերարների և Կալիֆոռնիայի տարբեր քաղաքներում բնակվող հայերի հետ եկել է տոնը նշելու նաև ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչ Ջիմ Կոստան:
Միացյալ նահանգներում մարդկանց առօրյան ձևավորվում է բիզնեսի գրաֆիկին համապատասխան, նաև հայերինը: Կալիֆոռնիայի ավելի քան կես միլիոնանոց հայկական համայնքում հոգևոր սննդի մասին, հատկապես երիտասարդ սերնդին, եկեղեցին փորձում է հաճախ հիշեցնել:
Բազմազգ Ամերիկայում խառը ամուսնությունները քչերին են զարմացնում: Հայկական գաղութում ընտանիք ձևավորում են ըստ ավանդույթի` զույգին փնտրում են հայկական համայնքում: Ֆրեզնոյի հայկական համայնքի հոգևոր, սոցիալական հարցերին պատրաստ է արձագանքել նաև պատվո հյուպատոսի գրասենյակը: Այն գործում է հոկտեմբերի 20-ից:
Մոտ տասը հազար կմ հեռավորությունն է բաժանում Կալիֆոռնիայի հայերին Հայաստանից: Նահանգի կենտրոնական հատվածի` արևոտ Ֆրեզնոյի հայերը հայրենիքի հետ կապը բիզնես գործակցությունից ավելի պահպանում են եկեղեցու, մշակույթի` հոգևոր արժեքների շնորհիվ:
Տեսանյութը՝ այստեղ