«Յունիբանկ»-ը, որն արդեն 3 տարուց ավելի է, Հայաստանի տարբեր ատյանների դատարաններում փորձում է ապացուցել, որ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր Մանվել-Տեր Առաքելյանը չի կատարել բանկի նկատմամբ ունեցած իր վարկային պարտավորությունները, դատարանում անսպասելիորեն հայտարարել է, որ ցանկանում է դուրս գալ սնանկության պրոցեսից: Այս մասին Newsline-ին հայտնեց Մանվել Տեր- Առաքելյանի մամուլի կենտրոնի պատասպանատու Լանա Մշեցյանը:
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ «Հին Էրիվանը» ճանաչվել էր սնանկ, քանի որ դատարանն ապացուցված էր համարել այն հանգամանքը, որ ընկերությունը չէր կատարել բանկի հանդեպ ունեցած իր վարկային պարտավորությունները: Մինչդեռ «Հին Էրիվան»-ի սեփականատերը պնդել և առ այսօր շարունակում է պնդել, որ ինքը բարեխիղճ ձևով կատարել է իր պարտավորությունները, պարզապես, հաշվի առնելով ռեստորանային համալիրի գտնվելու վայրը, այն հետաքրքում է շատ անձանց, ուստի սնանկության պրոցեսը սկսելով՝ որոշ անձինք ցանկանում են այդ եղանակով իրենից խլել «Հին Էրիվան»-ը: Նշենք, որ ռեստորանային համալիրը գտնվում է Հյուսիսային պողոտայում, և դրանով հետաքրքված անձանց շրջանակներում շոշափվել է նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի եղբոր անունը:
Մանվել Տեր- Առաքելյանն ամեն դեպքում բանկի որոշման մեջ ինչ-որ միտում է տեսնում:
Նշենք, որ վերջերս Տեր-Առաքելյանը բաց նամակ էր հղել Սերժ Սարգսյանին, որում տվել էր իր համաձայնությունը՝վաճառել «Հին Էրիվան»-ի գույքը և վճարել բանկի պարտքը՝ անկախ բոլոր հանգամանքներից, որին էլ հենց հաջորդել է «Յունիբանկ»-ի որոշումը:
Ըստ Տեր-Առաքելյանի՝ իր այս դիրքորոշումը շատ խոցելի է դարձել բանկի վարչության նախագահ Վարդան Աթայանի համար, քանի որ սնանկության գործընթացի շրջանակնեում պետք է կայանար բաց աճուրդ, որը բանկի կողմից վերահսկելի չէր լինի:
Բայցի այդ՝ պետք է նաև հիշեցնել, որ Տեր-Առաքելյանի փաստաբանները նույնպես չեն բացառում, որ բանկին անհրաժեշտ է ոչ թե «Հին Էրիվան»-ի կողմից պարտքի մարումն ու դրա գույքը, այլ հենց շենքը:
Ուստի Տեր- Առաքելյանն էլ չի բացառում. որ հենց այդ է պատճառը, որ բանկը որոշեց դուրս գալ սնանկության պրոցեսից:
Արաքս Մամուլյան