healthy-lifestyle--pomegranate-juice--healthy-eating--texture_3333239

Հայրենական պատերազմի տարիներին լուր է տարածվում, որ Երևան է ժամանելու ռուս նշանավոր գրող Կոստանտին Սիմոնովը և իր գործերն է ընթերցելու համալսարանում: Դա այն օրերին մեծ իրադարձություն էր, հատկապես երիտասարդ աղջիկների համար, ովքեր երկրպագում էին գրողին նրա սիրային բանաստեղծությունների համար: Բոլորն անհամբերությամբ սպասում էին:
Սիմոնովը ժամանում է, և կինոռեժիսոր Յուրի Երզնկյանը, ով ծանոթ էր նրա հետ, հրավիրում է իր տուն: Այնտեղ էին հավաքվել նաև մեծ թվով երիտասարդներ: Եվ ահա ներս է մտնում նրանց կուռքը` գրկախառնված ինչ-որ թեթևսոլիկ ռուս դերասանուհու հետ: Պահում է իրեն չափազանց անպատկառ, մակագրելու համար իրեն պարզած գրքերի վրա ինչ-որ անհեթեթություններ է գրում, իսկ հետո նստում է սեղան: Նրա համար սեղանին դրել էին չափազանց թանկ կերակուրներ, իսկ կենտրոնում մի սկահակ էր, որի վրա մեկ հատկի նուռ կար` պարզապես հրաշք պատերազմի օրերին:
Սիմոնովը անփույթ շարժումով վերցնում է նուռն ու ասում է.
- Նուռը պետք է ուտել այսպես:
Ու երկու ձեռքով ճզմում է այն իր բաժակի մեջ: Մի խոսքով, հավաքված հայերին ցուցադրում է, թե նուռն ինչպես են ուտում: Եվ հենց սրանով էլ ավարտվում է ներկաների սերը Սիմոնովի հանդեպ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել