Զինավարժությունների ժամանակ ադրբեջանական կողմի վարքագիծը հստակ տվեց մի քանի հարցերի պատասխան՝
1․ Ադրբեջանը հստակ գիտակցում է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի ազգային շահեր հետապնդող իշխանություն և հետևաբար նաև հեղինակություն սեփական երկրում և այս լուրջ միջադեպը լուրջ հակահարվածի չի ենթարկվելու Հայաստանի կողմից։
2․ Ամիսներ առաջ կայացած Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումը լոկ ձևական քայլ էր՝ ուղղված տարածաշրջանում կայունություն ապահովելու իրական միտումների հետ և այն ռազմական համաձայնագրերը, որ ստորագրվում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև, ավելացնում են Ադրբեջանի վստահությունն այն բանի հանդեպ, որ այդ եռակողմ հանդիպումները լոկ դիվանագիտական պարտադիր քայլեր են, որ պետք է արվեն։
3․ Միջազգային հանրությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես բացարձակապես չի կրում այն առաքելությունը, որ ի սկզբանե որդեգրել է, այն է՝ անել հնարավոր բոլոր իրավական քայլերը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Եվ Ադրբեջանը կրկին հստակ գիտակցում է, որ այս կառույցի դերը նույնպես ձևական է և սահմանափակվում է միմիայն ժամանակ առ ժամանակ հնչող խաղաղության կոչերով՝ ոչ մի իրավական պատասխանատվության չենթարկելով Ադրբեջանին։
4․ Այսպիսի գործելաոճը պայմանավորված է Ադրբեջանի հայատյաց ազգային գիտակցությամբ, և Ադրբեջանը նույնպես որպես պետություն չունի ոչ մի իրավական հենք և գիտակցություն և գործում է պահի թելադրանքով և պատասխանատվություն կրելու մասին բացարձակ չի մտածում։
Այս պատասխանները կարծես թե մեզ վաղուց են հայտնի, բայց ինչ ենք անում մենք` Հայաստանի քաղաքական անկախ գործիչներից բաղկացած թեկուզ և փոքրաթիվ Էլիտան՝ խնդրի քաղաքական հունը իրավական դարձնելու համար։ Բնականաբար նման լուրջ հարցերը լուծվում են պետական օղակներում, սակայն երկրի ազգային էլիտան, մտավորականները, ազգային շահերով իսկապես շահագռգռված գործիչները նույնպես, կարծում եմ, ժամանակն է, որ ավելի պրոֆեսիոնալ ձևով միջամտեն Ադրբեջանի գործողությունների նկատմամբ իրավական պատասխանատվության ինստիտուտներ կիրառելու պարտադրանքին և այս ամենը ներկայացնեն միջազգային հանրությանը և հատկապես այն կառույցներին, որոնք վերցրել են իրենց վրա պատասխանատվություն զբաղվելու խնդրով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/323213907862219?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել