Armnewstv.am-ը գրում է․
Վենետիկը, Փարիզյան փողոցն ու մայրամուտը` Գառզուի աչքերով: Նկարչի աշխարհընկալումն ու աշխարհայացքն` իր աշխատանքների միջոցով հնարավոր է բացահայտել «Արամե» պատկերասրահում: Ցուցահանդեսը նախաձեռնողները 6 ամիս շարունակ մեկտեղել են նկարչի 45 աշխատանքներ` տարբեր հավաքածուներից: Ամենահին նկարը` 1948-ով թվագրվող բնանկարն է, ամենանորը` 1988-ի Գալեոնի ճամփորդւթյունը: Ցուցահանդեսը նախաձեռնողները կարծում են, որ Ժան Գառզուն Հայաստանում պատշաճ ներկայացված չէ: Գործերի նախորդ ցուցադրությունը 1997-ին է եղել:
Արվեստաբանները նշում են` Գառզուի ձեռագիրն անհնար է շփոթել որեւէ այլ նկարչի ձեռագրի հետ: Գառզուն կարևորում էր գույնը, սակայն նրա հիմնական արտահայտչամիջոցը գիծն է: Նկարչի գործերն առանձնանում են ոճի, գծերի ու գույների յուրատիպությամբ: Ժան Գառզուն Շահեն Խաչատրյանին է նվիրել Ցեղասպանության 80-րդ տարելիցին արված իր գործը` «Վերածնունդը»:
Ցուցահանդեսն ընդգրկում է ֆրանսահայ նկարչի ստեղծագործական գործունեության 40 տարվա ժամանակաշրջան: Գառզուի աշխատանքներով հայ արվեստասերները հնարավորություն ունեն հիանալու երկու շաբաթ շարունակ:
Տեսանյութն՝ այստեղ