Media.am–ը գրում է.

Նոյեմբերի 10-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը մեծ արձագանք գտավ մեդիայում: Լրատվամիջոցները պարբերաբար թարմացվող տեղեկատվությանը կցում էին նաեւ լուսանկարներ դեպքի վայրից, որտեղ պատկերված էին այրված միկրոավտոբուսի մնացորդներն ու փրկարարական աշխատանքները:

Որոշ լրատվամիջոցների հրապարակած լուսանկարներում զոհվածների՝ սավանով ծածկված դիակներից բացի՝ երեւում էին նաեւ ողբերգական պատահարի զոհերի այրված մարմնի մասերը:

Ինչպիսի լուսանկարներ պետք է հրապարակվեն նման պատահարների ժամանակ. լուսանկարների բովանդակության էթիկայի մասին մեկնաբանում են խմբագիրները:

 

Ինչ լուսանկարներ հրապարակել խոշոր ավտովթարների դեպքում. Գյումրու ավտովթարի օրինակը

Աննա Իսրայեյլյան
Առցանց «Առավոտ»-ի խմբագիր

Մենք խնայում ենք մեր ընթերցողներին, դրա համար էլ նման նկարներ չենք հրապարակել: 

Ինձ թվում է՝ արժի հնարավորինս խնայել մարդկանց էմոցիաները, հատկապես երբ նման փորձությունների անհրաժեշտություն չկա՝ տեքստում գրված էր, որ հրդեհ է եղել, պայթյուն, մարդիկ այրվել են: Սարսափի տեսարաններով մարդկանց վրա ազդելն ինձ թվում է՝ էթիկական առումով այդքան էլ ճիշտ չէ: Ուստի թեեւ մենք ունեինք այդ լուսանկարները, որոշեցինք չհրապարակել:

Լրատվամիջոցների մի մասը նյութի վերնագրում չի էլ նշում «18+», իսկ նրանք, որոնք նշում են, կասկածներ ունեմ, որ հետաքրքրություն գրգռելու համար են անում, ինչպես

էրոտիկ բնույթի լուսանկարների դեպքում, երբ «18+»-ը ինչ-որ առումով գովազդային, ընթերցել հրահրող բան է դառնում:

Ինչ լուսանկարներ հրապարակել խոշոր ավտովթարների դեպքում. Գյումրու ավտովթարի օրինակը

Լեւոն Բարսեղյան
Գյումրու «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Մեր հոդվածների մեջ կար դրսում դրված՝ սպիտակ սավանով ծածկված դիակ պատկերող լուսանկար: Սավանից միայն կոշիկներն էին երում, ջանացել էինք, որ մարմնի այլ մասեր չերեւան: Մեր լուսանկարչին հանձնարարել էինք նկարել ամեն ինչ, սակայն գտանք, որ ամեն ինչ չպետք է հրապարակել:

Պետք է  զգույշ լինել ու զգաստ, առաջնորդվել կրքեր չբորբոքելու, ցավը չշահարկելու սկզբունքով: Ես կարծում եմ, որ այդ իրավիճակում գտնվող մարդուն նույնականացնող եւ ակնհայտորեն հույզեր պատճառող նկարներ չպետք է լինեն: Մյուս կողմից՝ իրադրությունը թույլ չի տալիս երեսպաշտություն անել եւ շատ ընդհանրական նկարներ տեղադրել նման դեպքերում:

Նույնիսկ ամերիկյան՝ էթիկական բարձր չափանիշներ ունեցող լրատվամիջոցներում ենք տեսնում, որ սավանով ծածկված դիակի լուսանկար կարելի է հրապարակել, եթե դեմքը չի երեւում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել